Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի է՝ ով է լինելու Գյումրու փոխքաղաքապետը․ Վարդան Ղուկասյանը հատուկ առաջարկ ունի նաև Ռուբեն Մխիթարյանին

Ապրիլ 04,2025 21:00 Share

«Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը, որը Գյումրու ՏԻՄ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր 3 ուժերի՝ «Իմ հզոր համայնքը» կուսակցության․ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների սատարմամբ կընտրվի Գյումրու քաղաքապետ, քիչ առաջ մեզ հետ զրույցում ասաց, որ Գյումրու առաջին փոխքաղաքապետը լինելու է Ավետիս Առաքելյանը։

Երկրորդ փոխքաղաքապետի պաշտոնը պատրաստակամ է զիջելու․ ըստ նրա, որ քաղաքական ուժը կցանկանա, կարող է թեկնածու առաջարկել։

Նշենք, որ Ավետիս Առաքելյանը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է, նա «Կոմունիստական կուսակցության» ավագանու ցուցակի երկրորդ համարն է զբաղեցնում։

Նա Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ եղել է Գյումրու ավագանու անդամ՝ «Հայկական վերածնունդ» խմբակցությունից։

Aravot.am-ի այն հարցին, թե մյուս երեք քաղաքական ուժերը ձեզ հնարավորություն են տալիս միանձնյա իշխանություն ձևավորելու, այդուհանդերձ չե՞ք պատրաստվում նրանց հետ կադրային հարցեր քննարկելու, Վարդան Ղուկասյանն պատասխանեց, որ առաջարկ ունի Ռուբեն Մխիթարյանին։

«Ես հենց այս պահին մի առաջարկություն եմ անում Ռուբենին, որպես մշակույթի ներկայացուցիչ՝ առաջարկում եմ թող ղեկավարի մշակույթի բաժինը, շատ լավ կլինի, շատ լավ կզգամ, որ ինքը ղեկավարի ու միասին աշխատենք»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Իր կադրային քաղաքականության մասին էլ ասաց․ «Ես ասել եմ՝ ով մասնագետ է, աշխատելու է, ով լուրջ մասնագետ է, ուզում է աշխատել, ես խնդիր չունեմ իրենց հետ։ Իսկ ով ասենք ձիու խոդեր պտի անի, քաղաքական առումով է էդտեղ գտնվում, իհարկե, անելու բան չեն ունենա։

Եվ եթե դրսում էլ կան մարդիկ, որոնք ինձ հետ չեն մասնակցել այս քարոզարշավին, բայց իրենք լուրջ մասնագետներ են, անպայման հրավիրելու եմ, ոնց որ արեցի 99 թվականին։ Դռները ծեծելու են, ասելու եմ՝ եկեք աշխատեք»։

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե կշարունակի՞ աշխատել քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ, որն իր օրոք էլ եղել է նույն պաշտոնին, մինչև օրս էլ մնացել է, Վարդան Ղուկասյանը պատասխանեց․ «Միանշանակ իրեն ազատելու եմ, բայց պահելու եմ՝ որպես օրենքները իմացողի, բայց էդ կաբինետը ինքը չի մտնի, առանձին տեղ եմ տալու իրեն՝ հեռու, խորհրդատվություն անի էդ ոլորտի հետ կապված։ Ինքը էդտեղից դուրս է գալու, առաջին անգամ ասում եմ։ Տոռմուզ Հենդոն այլևս անելու բան չունի։ Էն գլխից էին իրեն ասում՝ «Տոռմուզ Հենդո»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ավետիս Առաքելյանի լուսանկարը՝ progressgyumri.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այն, որ Գյումրին փրկվեց քպ-ից, դա շատ լավ է, բայց ոնց որ թե քաղաքապետի հավանական թեկնածուն իր պլանների մեջ արդեն սկսում է վրիպումներ թույլ տալ․
    1․ Դստեր ամուսնուն՝ այսինքն փեսային ուզում է տալ 1-ին փոխքաղաքապետի պաշտոնը – սա ի՞նչ նախնադարյան ոճ է, հո քաղաքապետանանը ընտանեկան ձեռնարկություն չի՞։ Այ ընկեր, դու քո թիմում մի ուրիշ վստահելի մարդ կամ ընկեր չունե՞ս, որին կվստահես քեզ տեղակալ, որ արածդ քայլն ավելի շնորհքով լինի։
    2․ Լավ չես գնահատում իրավիճակը, չես հասկանում, որ աթոռդ խախուտ է և դու քաղաքապետ ես դարձել ընտրապայքարի երեք ուժերի աջակցության շնորհիվ։ Զգույշ եղիր, հենց որ նրանց արժանապատվությանը կպնես, աթոռիցդ զրկվելու ես։ Էդ ի՞նչ «առատաձեռնություն» ես անում, որ Ռուբեն Մխիթարյանին տալիս ես մշակույթի բաժնի պետի պաշտոնը՝ պահ, պահ, պահ։ Լավ ա Մարտուն Գրիգորյանին էլ չես առաջարկում «մեծահոգության բաժնի պետի» պաշտոնը, որ շարունակի քո նկատմամբ անընդհատ մեծահոգի լինի։
    3 Ասում ես «Տոռմուզ Հենդոյին» չես թողելու էդ կաբինետը մտնի և որպես օրենքները իմացողի՝ իրեն հեռու տեղ ես տալու, որ քեզ խորհդատվություն անի։ Իսկ մտքովդ չի անցնու՞մ, որ «Տոռմուզ Հենդոն» քո էդ կոպիտ խոսքերից վիրավորվի և հենց ինքը չուզենա քո հետ աշխատի։

    Ընկեր ջան, ժամանակից շուտ միանձնյա իշխանավորի դերի մեջ մի մտի, ժողովուրդն ամեն ինչից զզված ա, տեսա՞ր նիկոլին ոնց մերժեց, եթե սխալներ թույլ տաս, քեզ էլ է մերժելու։ Աստղային հիվանդությունից զգուշացիր, դա լավ տեղ չի տանում։

Պատասխանել Ասֆալտին պառկեցված

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930