Գրում է Անգլիայի ու Ուելսի նախկին գլխավոր դատավոր, լորդ Թոմ Բինգհեմը
Մովսես Խորենացու անվան համալսարանում ապրիլի 29-ին կազմակերպվել էր սեմինար, որին մասնակցեցին քաղաքացիներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, դասախոսներ, իրավաբաններ, փաստաբաններ, հասարակական եւ այլ գործիչներ: Կազմակերպիչը «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանն էր, բանախոսն էր՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սյուզաննա Արաբյանը:
Օրակարգում «Ինչ է նշանակում իրավունքի գերակայություն» հարցն էր:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սյուզաննա Արաբյանը կարեւորեց նմանատիպ հանդիպումները հասարակության լայն շերտերի հետ, խոսեց իրավունքի, իրավունքի գերակայության եւ քաղաքացիական հասարակության մասին:
Կարդացեք նաև
Փաստաբանի դիտարկմամբ՝ Իրավունքը երկրի բնակչության համամարդկային եւ անհատական շահերն արտահայտող, հանրային իշխանության կողմից սահմանված եւ պետական հարկադրանքով ապահովված, հասարակական հարաբերությունները կարգավորող համապարտադիր նորմերի համակարգ է, որին հատուկ է ձեւական որոշակիությունը: Գիտության մեջ առկա է իրավունքի էության 2 մոտեցում.
- Իրավունքն արտահայտում է տնտեսապես իշխող դասակարգի կամքը եւ հարկադրում է անձի կամքը հասարակության մյուս դասերին ու շերտերին` օգտագործելով բռնություն, հարկադրումներ եւ ճնշումներ:
- Իրավունքը փոխզիջման հասնելու միջոց է, հասարակության գործերի կառավարման կառուցակարգ: Սա չի նշանակում, որ հարկադրանք չպետք է լինի, այլ գլխավորն իրավունքում պետք է լինի համաձայնությունն ու փոխզիջման մեթոդները:
«Օրենքի գործը չէ իրավունքին հակառակ գործելը», – մեջբերելով Արիստոտելի խոսքը, շարունակեց նա. «Իրավական արժեհամակարգում մարդկանց արտահայտման, կազմակերպման եւ պաշտպանության բարձրագույն ձեւը օրենքն է: Օրենքում պետությունը սահմանում է վարքագծի համապարտադիր կանոններ, որոնք պետք է առավելագույն չափով հաշվի առնեն հասարակական զարգացման օբյեկտիվ պահանջները` հավասարության եւ արդարության սկզբունքների հիման վրա»: Ըստ բանախոսի՝ օրենքը չի թույլատրում օրենսդրի իրավաստեղծ կամայականություն: Օրենքի միջոցով պետությունը պետք է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, այլ պետությունների հետ հարաբերություններում կրի արդարության ապահովման պարտավորություն:
Խաչատուր Մարոզյանի մեկնաբանմամբ՝ քաղաքացու իրավական գիտելիքների ցածր մակարդակը, ինչպես եւ թերի, թույլ, անկատար օրենքը, խոչընդոտ են իրավունքի գերակայությանը: Որպեսզի մարդիկ առաջնորդվեն իրավունքով, այլ ոչ թե ծանոթով կամ փողով, կաշառքով, պետք է նախ նրանք հասկանան եւ տեսնեն իրավունքը գործողության մեջ, ձեռք բերեն իրավական մտածելակերպ: Իրավունքի գերակայության առկայության գլխավոր փաստարկը իրավագիտակից քաղաքացին է, որը կարող է տարբերել վատ օրենքը լավից, ունակ է իրավական դաշտում ճիշտ եւ արդյունավետ կերպով կողմնորոշվել, ստեղծել օրենքի հետադարձ կապի մեխանիզմներ:
«Մարդն իր խնդիրները փորձում է լուծել ծանոթների միջոցով` չունենալով օրենքի իմացություն: Իսկ օրենք իմացողը վաղ տարիքից կարողանում է ճիշտ եւ գիտակից մեծանալ եւ ընտանիք կազմել: Իրավունքի գերակայունությունը միակ հիմքն է, որը կարող է ստեղծել կայուն, ապահով եւ անվտանգ հասարակություն: Եվ դա հենց պատանիների ձեռքում է: Սեմինարները շատ կարեւոր են, որպեսզի երեխաները գիտակից եւ տեղեկացված լինեն»,- իրավունքի գերակայության մասին այսպես խոսեց Երեւանի Գր. Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի 8ա դասարանի աշակերտուհի Մարի Մաթեւոսյանը:
Նույն դպրոցի հոգեբան Մարինե Ամիրյանը նշեց, որ նմանատիպ քննարկումները շատ ուսուցանող են ու տպավորիչ, ուստի ցանկալի է, որ դրանք հաճախակի լինեն, որպեսզի «իրավունքի գերակայությունը դառնա մարդկանց կենսակերպ, հասարակությունը ձեռք բերի իմունիտետ»:
Հնչեցին հարցեր, մասնավորապես այն մասին, թե ինչպես են ազդում օրենքները հասարակության եւ հասարակական հարաբերությունների զարգացման վրա, որն է կանոնի եւ օրենքի միջեւ եղած տարբերությունը, ինչպես օրենքը կարող է սահմանափակել մարդու հիմնարար իրավունքները: Բոլոր հարցերը ստացան իրենց տրամաբանական պատասխանները:
Խաչատուր Մարոզյանը հայտնեց նաեւ, որ նմանատիպ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.05.2025


















































