Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի հետ կապված շրջանառության 93.8%-ը գրանցվել է Երեւանում

Մայիս 05,2025 13:30 Share

Հայաստանի Հանրապետությանը տասնամյակներ շարունակ պատած ամենաանտեսված, միեւնույն ժամանակ, ամենավնասարար հիմնախնդիրներից է եղել գերկենտրոնացումը մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։ Այս իրողությունն իր ակներեւ բացասական ազդեցություններն է թողել հանրապետության մարզերի տնտեսության, աշխատաշուկայի, ապրելակերպի եւ բազմաթիվ այլ բնագավառների նկատմամբ։

Այսօր գերկենտրոնացումը Երեւանի վրա անսասան տեմպերով հարատեւում է։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երեւան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմում է 1,106,300 մարդ։ Երեւանին երկրորդող մարզը մայրաքաղաքին կից Կոտայքն է՝ բնակչության 278,100 ցուցանիշով։ Բնակչության քանակով երրորդ տեղում նույնպես Երեւանին հարեւան մարզ է՝ Արմավիրը, որի բնակչությունը 259,700 է։ Թվով ամենաքիչ մարդիկ բնակվում են Վայոց ձորի մարզում՝ 48,500 մարդ կամ ՀՀ բնակչության 1.6%-ը։

Եթե դիտարկենք ոլորտային ցուցանիշները, պատկերն էլ ավելի է սաստկանում։

Իհարկե, հակափաստարկ կարող է բերվել, թե ցուցանիշներում Երեւանի ակնհայտ գերակշռող դերը պայմանավորված է այն փաստով, որ ՀՀ 2 մլն 991 հզր 200 բնակչության 37%-ն այդ քաղաքում է բնակվում։ Անշուշտ, վիճակագրորեն այդ փաստը բացատրում է Երեւանի գերակշռող թիվը, բայց սա արդարցում չէ։

Ինչո՞ւ պետք է բնակչության 37%-ն ապրի մայրաքաղաքում։ Ինչո՞ւ պետք է որոշ մասնագիտությունների տեր մարդիկ ստիպված լինեն լքել մարզը եւ Երեւանում ապրեն, որպեսզի կարողանան աշխատել իրենց մասնագիտությամբ։ Ինչո՞ւ է Երեւանից դուրս որակյալ կրթություն ստանալը խնդրահարույց։ Ինչո՞ւ են նորակառույց շենքերի առյուծի բաժինը կառուցվում Երեւանում: Ինչո՞ւ են շատերը պարզապես ձգտում դեպի Երեւան։ Ինչո՞ւ է պատկերն այսչափ անհամաչափ։

Ուսումնասիրենք մանրածախ առեւտրի շրջանառության ցուցանիշները, որոնց միայն 2023 թվականի տվյալներն են հրապարակված առայժմ։

ՀՀ-ում մանրածախ առեւտրի շրջանառությունը 1 տլն 965 մլրդ 155 մլն 600 հզր ՀՀ դրամ է։ Երեւանում շրջանառությունը կազմել է 1 տլն 427 մլրդ 890 մլն 600 հզր ՀՀ դրամ կամ հանրապետության ընդհանուր շրջանառության 72.7%-ը: Երկրորդող մարզը Երեւանին հարեւանող Կոտայքն է, որի ցուցանիշը 95 մլրդ 686 մլն 200 հզր ՀՀ դրամ է, իսկ խոշորությամբ երրորդ մարզն էլ Արմավիրն է՝ 78 մլրդ 578 մլն 900 հզր ՀՀ դրամ շրջանառությամբ։ Առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցնող Երեւանի եւ Կոտայքի ցուցանիշների տարբերությունը հսկայական է։ Մանրածախ առեւտրի ցածրագույն ցուցանիշը պատկանում է Վայոց ձորին՝ 13 մլրդ 500 մլն 200 հզր ՀՀ դրամ՝ 0.69%-ը։

Մանրածախ առեւտրի շրջանառության առանձին ոլորտներում բացարձակ առաջատարը Երեւանն է։ Ծառայությունների ծավալով, օրինակ, Երեւանը խոշորագույն՝ 2 տլն 700 մլրդ 904 մլն 500 հզր ՀՀ դրամ ցուցանիշն է գրանցել։ Դա հանրապետության 3 տլն 134 մլրդ 815 մլն 200 հզր ծավալի 86.2%-ն է։ Հաջորդում են Կոտայքն ու Շիրակը՝ համապատասխանաբար 115 մլրդ 269 մլն 200 հզր ՀՀ դրամ եւ 60 մլրդ 601 մլն 300 հզր ՀՀ դրամ ծավալներով։ Ծառայությունների նվազագույն ծավալը գրանցվել է Վայոց ձորի մարզում՝ 18 մլրդ 195 մլն 200 հզր ՀՀ դրամ, որը ՀՀ ընդհանուր ծավալի 0.58%-ն է։

Կրթության ոլորտում երեւանյան շրջանառությունը 75 մլրդ 388 մլն 600 հզր ՀՀ դրամ է, մինչդեռ երկրորդող եւ երրորդող Տավուշում եւ Շիրակում համապատասխանաբար ընդամենը 2 մլրդ 658 մլն 600 հզր ՀՀ դրամ եւ 1 մլրդ 528 մլն 600 հզր ՀՀ դրամ։ Կրթության ամենացածր շրջանառությունը գրանցվել է Արագածոտնում՝ 7 մլն 200 հզր ՀՀ դրամ։ Երեւանյան շրջանառությունն ամբողջ ՀՀ-ում 82 մլրդ 730 մլն 200 հզր ՀՀ դրամ շրջանառության 91.1%-ն է, Արագածոտնինը՝ 0.010%-ը։

Մանրածախ առեւտրի շրջանառության մեջ մեր ուշադրությանն արժանի է նաեւ անշարժ գույքի հետ կապված գործունեւթյունը, քանի որ, ինչպես իշխանամետ շրջանակներում է  ընդունված ասել՝ Հայաստանը վերածվել է մի մեծ շինհրապարակի… Հայաստա՞նը, թե՞ Երեւանը։ Երեւանում անշարժ գույքի հետ կապված ոլորտում շրջանառվել է 119 մլրդ 202 մլն 700 հզր ՀՀ դրամ: Հաջորդում են Կոտայքն ու Տավուշը՝ համապատասխանաբար ընդամենը 1 մլրդ 881 մլն 300 հզր ՀՀ դրամ եւ 1 մլրդ 218 մլն 300 հզր ՀՀ դրամ։ Սույն բնագավառում ամենաչնչին ցուցանիշը բաժին է հասել Վայոց ձորին, որտեղ շրջանառվել է 190 մլն 700 հզր ՀՀ դրամ։ Երեւանում գրանցված շրջանառությունը Հայաստանում գրանցված 127 մլրդ 133 մլն ՀՀ դրամ շրջանառության 93.8%-ն է, Վայոց ձորի մարզինը՝ 0.15%-ը։

Պատկերն էլ ավելի է ահագնանում, երբ պարզում ենք, որ 2023-ին Հայաստանում հանձնվել է 855,604 քմ ընդհանուր մակերեսով բնակելի շենք, որից 561,182 քմ-ը՝ 65.6%-ը, մայրաքաղաքում։

Սրանք մանրածախ առեւտրի ոլորտներից մի քանիսն էին, իմ կարծիքով՝ կարեւորությամբ կամ ցուցանիշներով պայմանավորված, առանցքայինները։ Մյուս ոլորտներում, օրինակ՝ մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության կամ առողջապահության եւ բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում շրջանառության գերակշիռ մասը գրանցվել է Երեւանում՝ անհավասարակշռորեն լուսանցքում թողնելով մարզերին։

Երեւանի նկատմամբ գերկենտրոնացման վերաբերյալ, իհարկե, կարելի է բավականին ծավալուն մի վերլուծական գրել։ Սակայն վիճակագրությունն ու թվերը խոսուն են, եւ լրագրական հավելյալ մեկնաբանությունների անհրաժեշտություն այդքան էլ չեմ տեսնում։

Ստորեւ կներկայացնեմ միայն մայրաքաղաք Երեւանի եւ տասը մարզերի մի քանի ամփոփ ցուցանիշ՝ տոկոսային համեմատության մեջ ՀՀ ընդհանուր ցուցանիշի հետ։

Երեւան. արդյունաբերություն՝ 40.9%, շինարարություն՝ 49.2%, մանրածախ առեւտուր՝ 72.7%, ծառայություններ՝ 86.2%: Վիճակագրական կոմիտեն Երեւանում գյուղատնտեսության ցուցանիշ չի նշում, բայց տասը մարզերի տոկոսային հանրագումարը 98.7% է։ Արդյո՞ք մնացյալ 1.3%-ը վերագրելի է Երեւանին, չկարողացանք պարզել։

Արագածոտն. արդյունաբերություն՝ 2.2%, գյուղատնտեսություն՝ 9.9%, շինարարություն՝ 2.9%, մանրածախ առեւտուր՝ 1.8%, ծառայություններ՝ 0.8%:

Արարատ. արդյունաբերություն՝ 9.8%, գյուղատնտեսություն՝ 14.6%, շինարարություն՝ 7.0%, մանրածախ առեւտուր՝ 3.5%, ծառայություններ՝ 1.4%:

Արմավիր. արդյունաբերություն՝ 5.9%, գյուղատնտեսություն՝ 21.8%, շինարարություն՝ 3.6%, մանրածախ առեւտուր՝ 4.0%, ծառայություններ՝ 1.5%:

Գեղարքունիք. արդյունաբերություն՝ 2.0%, գյուղատնտեսություն՝ 11.6%, շինարարություն՝ 4.6%, մանրածախ առեւտուր՝ 2.1%, ծառայություններ՝ 0.8%:

Լոռի. արդյունաբերություն՝ 3.8%, գյուղատնտեսություն՝ 8.9%, շինարարություն՝ 4.2%, մանրածախ առեւտուր՝ 2.3%, ծառայություններ՝ 1.1%:

Կոտայք. արդյունաբերություն՝ 11.0%, գյուղատնտեսություն՝ 8.7%, շինարարություն՝ 12.2%, մանրածախ առեւտուր՝ 4.9%, ծառայություններ՝ 3.7%:

Շիրակ. արդյունաբերություն՝ 5.4%, գյուղատնտեսություն՝ 9.8%, շինարարություն՝ 5.0%, մանրածախ առեւտուր՝ 3.9%, ծառայություններ՝ 1.9%:

Սյունիք. արդյունաբերություն՝ 16.5%, գյուղատնտեսություն՝ 6.1%, շինարարություն՝ 6.6%, մանրածախ առեւտուր՝ 1.9%, ծառայություններ՝ 1.1%:

Վայոց ձոր. արդյունաբերություն՝ 1.2%, գյուղատնտեսություն՝ 2.3%, շինարարություն՝ 1.7%, մանրածախ առեւտուր՝ 0.7%, ծառայություններ՝ 0.6%:

Տավուշ. արդյունաբերություն՝ 1.3%, գյուղատնտեսություն՝ 5.0%, շինարարություն՝ 3.0%, մանրածախ առեւտուր՝ 2.2%, ծառայություններ՝ 0.9%:

Երեւանը վերածվում է քաղաք-պետության։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031