Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանիշը չի կարող սահմանափակվել էթնիկ պատկանելությամբ. «Փաստ»

Ապրիլ 28,2026 10:43 Share

Արդյո՞ք Արարատը պարզապես լեռ է, թե՞ այն վայրը, որտեղ մարդկությունը սկսել է իր երկրորդ կյանքը։ Այն պահից, երբ այն փորձում են դիտարկել միայն որպես տարածքային հարց, իսկ խորհրդանիշը՝ նեղացնել քաղաքական մեկնաբանության շրջանակում, տեղի է ունենում իմաստի վտանգավոր աղճատում և խեղաթյուրում։ Խորհրդանիշը չի կարող սահմանափակվել էթնիկ պատկանելությամբ, որովհետև հենց այն պահը, երբ այն դիտարկվում է միայն էթնիկ սահմանների մեջ, սկսվում է նրա իմաստի աղքատացումը։

Հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնագիտակցության մեջ Արարատ լեռը երբեք չի եղել պարզապես աշխարհագրական բարձրություն կամ բնապատկերի տարր։ Այն ձևավորվել է որպես իմաստային կենտրոն, որտեղ միավորվում են պատմությունը, հավատը և մարդկային գոյության մասին հիմնարար պատկերացումները։ Երբ Արարատը հայտնվում է պետական զինանշանում, այն չի ներկայացնում տարածքային հավակնություն, այլ արտահայտում է քաղաքակրթական հիշողություն՝ այն հիշողությունը, որում ամփոփված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարը։

Այս ընկալման արմատները հասնում են աստվածաշնչյան այն պատմությանը, որտեղ Նոյի տապանը կանգ է առնում Արարատի լեռների վրա, ինչպես ներկայացված է «Գիրք Ծննդոց»-ում։ Այդ դրվագը վաղուց դուրս է եկել զուտ կրոնական պատմության շրջանակներից և դարձել է համամարդկային խորհրդանիշ։ Ջրհեղեղը համընդհանուր կործանումն է, իսկ Արարատը՝ այն հանգրվանը, որտեղ հնարավոր է դառնում վերականգնումը։ Նոյի որոշումը՝ դուրս գալ տապանից և սկսել նոր կյանք, ոչ միայն անհատի, այլ ամբողջ մարդկության ընտրության խորհրդանիշ է՝ ընտրություն հանուն կյանքի, շարունակության և պատասխանատվության։ Այդ պատճառով Արարատը չի կարող ընկալվել որպես միայն հայկական խորհրդանիշ. այն ավելի լայն իմաստով կապված է մարդկության գոյատևման և վերածննդի պատկերացման հետ։

Հայ պատմական մտածողության մեջ այս գաղափարը վերածվել է հիշողության կառուցվածքի։ Ժողովուրդը չի գոյատևում միայն ֆիզիկական տարածքով կամ քաղաքական համակարգերով. այն գոյատևում է այնքանով, որքանով պահպանում է իր անցյալի իմաստային առանցքները։ Արարատը հենց այդպիսի առանցք է։ Այն միավորում է տարբեր ժամանակների փորձառությունները՝ դարձնելով պատմությունը շարունակական ներկայություն։ Այս հիշողությունը չի սահմանափակվում միայն ազգային շրջանակով, որովհետև Նոյի պատմությունը վերաբերում է բոլորին։ Այդ պատճառով Արարատը կարող է ընկալվել որպես այն հենակետը, որտեղ մարդկության ընդհանուր հիշողությունը հատվում է կոնկրետ ժողովրդի ինքնագիտակցության հետ։

Քաղաքակրթությունների զարգացման տեսանկյունից այս պատկերն արտահայտում է ճգնաժամի և վերականգնման համընդհանուր օրինաչափությունը։ Պատմության ընթացքում հասարակությունները բազմիցս կանգնել են կործանման եզրին, և նրանց շարունակությունը կախված է եղել այն բանից, թե ինչ պատասխան են տվել այդ մարտահրավերին։ Ջրհեղեղի պատմությունը ներկայացնում է այդպիսի ծայրահեղ իրավիճակ, իսկ Արարատը՝ այն տարածքը, որտեղ ձևավորվում է վերականգնման հնարավորությունը։ Այս տրամաբանությամբ Արարատը դառնում է քաղաքակրթական վերածննդի խորհրդանիշ, որը վերաբերում է ոչ միայն մեկ ազգի, այլ բոլոր նրանց, ովքեր անցել են պատմական ծանր փորձությունների միջով, այդ թվում՝ տարածաշրջանի հարևան ժողովուրդները։

Քրիստոնեական մտածողության մեջ այս պատկերն ավելի է խորանում։ Պատմությունը դիտարկվում է որպես իմաստ ունեցող ընթացք, որտեղ արտաքին իրադարձությունները ունեն ներքին նշանակություն։ Նոյի պատմությունն ընկալվում է որպես փրկության նախապատկեր, իսկ Արարատը՝ որպես այն վայրը, որտեղ այդ փրկությունը դառնում է իրականություն։ Սակայն այս փրկությունը միայն ֆիզիկական չէ։ Այն նաև ներքին է՝ կապված մարդու վերափոխման հետ։ Մարդը պարզապես չի փրկվում կործանումից, այլ սկսում է նոր կյանք՝ նոր գիտակցությամբ և պատասխանատվությամբ։ Այդ պատճառով Արարատը դառնում է ոչ միայն փրկության, այլ նաև վերափոխման խորհրդանիշ։

Խիստ ռացիոնալ դիտարկման շրջանակում նման խորհրդանիշները կարող են թվալ որպես մշակութային կառուցվածքներ։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նրանք ունեն իրական գործառույթ։ Դրանք ապահովում են հասարակության ներսում իմաստային միասնություն, ձևավորում են ընդհանուր լեզու և նպաստում են ինստիտուցիոնալ կայունությանը։ Առանց նման խորհրդանիշների հասարակությունը կորցնում է իր ինքնության հստակությունը և դառնում է միայն գործառնական համակարգ։ Այս իմաստով Արարատը հանդես է գալիս որպես համընդհանուր իմաստի կառուցվածքային տարր, որը պահպանում է հասարակության ամբողջականությունը։

Համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ նման խորհրդանիշները երբեք չեն սահմանափակվում մեկ ժողովրդի շրջանակով։ Սինայի լեռը դարձել է օրենքի և ուխտի համամարդկային խորհրդանիշ, Երուսաղեմը միավորում է տարբեր հավատքների և ժողովուրդների հիշողությունը, Օլիմպոսը դարձել է համաշխարհային մշակույթի մաս։ Այս բոլոր դեպքերում կոնկրետ տեղը վերածվում է ընդհանուր իմաստի կրողի։ Արարատը նույն կարգի, բայց առանձնահատուկ խորհրդանիշ է, որովհետև այն կապված է մարդկության փրկության և նոր սկզբի գաղափարի հետ։ Մյուս կողմից՝ համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ մեծ խորհրդանիշները հաճախ անցնում են տարբեր քաղաքակրթությունների միջով։ Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարը, որը կառուցվել էր որպես քրիստոնեական տաճար և հետագայում վերափոխվեց այլ գործառույթների, շարունակում է մնալ համաշխարհային մշակույթի մաս՝ անկախ իր փոփոխվող կարգավիճակից։ Սակայն, ի տարբերություն նման կառույցների, Արարատը չի փոխում իր իմաստը, որովհետև այն մարդու ստեղծած չէ, այլ կապված է մարդկության հիշողության սկզբի հետ։ Սուրբ Սոֆիայի տաճարը պատմում է քաղաքակրթությունների պայքարի մասին, իսկ Արարատը՝ մարդկության փրկության մասին: Այս ամենից բխում է կարևոր հետևություն։ Մեծ քաղաքակրթական խորհրդանիշները չեն կարող սահմանափակվել միայն էթնիկ պատկանելությամբ, որովհետև նրանք գործում են պատմական հիշողության ավելի բարձր մակարդակում, քան քաղաքական սահմանները։ Արարատը այս իմաստով պատկանում է համամարդկային հիշողությանը, սակայն ունի կոնկրետ կրող՝ հայ ժողովուրդը, որը պահպանել և փոխանցել է այդ խորհրդանիշի իմաստը պատմության ընթացքում։ Այդ պատճառով մեր հարևաների կողմից Արարատը զինանշանում պետք է ընկալվի ոչ թե որպես բացառիկ սեփականության նշան, այլ որպես քաղաքակրթական հայտարարություն։ Այն արտահայտում է այն գիտակցությունը, որ այս ժողովուրդը իր ինքնությունը կապում է մարդկության փրկության, վերածննդի և շարունակության համընդհանուր գաղափարի հետ։ Եվ հենց այս տեսանկյունից պարզ է դառնում, որ նման խորհրդանիշը չի կարող սահմանափակվել նեղ պատկանելությամբ. այն միաժամանակ ազգային է իր կրողի մեջ և համամարդկային է իր իմաստով՝ միավորելով ոչ միայն մեկ ժողովրդի, այլ նաև տարածաշրջանի և աշխարհի այն բոլոր հասարակություններին, որոնք իրենց պատմության մեջ որոնել են իրենց վերածննդի Արարատը։ Արարատը պատկանում է նրան, ով հիշում է փրկության իմաստը: Արարատը սահման չունի, որովհետև հոգևոր աշխարհի հիշողության սահմանը անսահմանությունն է:

Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930