«Ես ամենաաղքատ մարդն եմ»

«Ես ամենաաղքատ մարդն եմ»

Ազատամարտիկը հայտնվել է ծայրաստիճան աղքատության մեջ

Ազատամարտիկ Արմեն Մկրտչյանը երկուշաբթի օրը պետք է Արթիկից գնար Երեւանի հիվանդանոց՝ ստուգման, սակայն չկարողացավ, որովհետեւ 1000 դրամ չուներ մայրաքաղաք հասնելու համար: Սրտի արատին, երիկամների հետ կապված առողջական խնդիրներին գումարվել է սոցիալական հոգսը: Ծայրաստիճան աղքատության մեջ գտնվող ազատամարտիկի ընտանիքը ամեն անգամ անօթեւան մնալու փաստի առաջ է կանգնում: Հիմա էլ կնոջ եւ երկու անչափահաս դուստրերի հետ ապրում են վարձով բնակարանում, որը, ըստ Արմեն Մկրտչյանի՝ մի քարանձավ է՝ լույսից ու ջեռուցումից զրկված, քանի որ գումար չեն ունեցել կոմունալ պարտքերը մարելու: Այսօր, ինչպես ամեն ամիս, ընտանիքի հիվանդ հորը անհանգստացնում է մի հարց՝ որտեղի՞ց պետք է գտնի գումար՝ բնակարանի վարձը մուծելու համար. «Եթե հիմա վարձը չկարողանանք տալ, դրսում կմնանք: Երկու անչափահաս աղջիկներ ունեմ՝ 1 տարեկան երկու ամսական եւ չորս տարեկան»: Իր առողջական խնդիրների մասին քիչ է խոսում, միայն խնդրում է մի տանիք՝ «մի փտած դոմիկ», որ երեխաները գլխներին ծածկ ունենան. «Դեռ սոված են, բայց մենք սովոր ենք սոված մնալուն, կդիմանանք»,- ասում է նա:

Նրա հետ զրույցից էլ պարզ է դառնում, որ սոցիալական խնդիրնեը հիմնականում «առողջություն չունենալու» պատճառով են՝ Արթիկում համարյա աշխատավայր չկա, միակ աշխատատեղը քարի հանքն է, որտեղ աշխատելու համար ամուր առողջություն է պետք:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 17 տարեկան պատանի Արմեն Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին լսելիս ցանկացել է կամավոր զինվորագրվել, հայրենիքը պաշտպանել, մասնակցել է պատերազմի ամբողջ ընթացքին, սակայն նաեւ իր ջանքերով ամրագրված հաղթանակից հետո նրան մնացել են պատերազմի հետեւանքով առաջացած առողջական խնդիրները եւ անօթեւանի ճակատագիրը. «Պատերազմի ժամանակ Ֆիզուլիում 15 օր խրամատում մնացինք, անձրեւ էր գալիս, ջրերի, խոնավության մեջ էինք, եթե դուրս գայինք, սնայպերը կկրակեր: Երիկամներիցս մեկը այդ ժամանակ դադարեց աշխատել,- պատմում է նա եւ ավելացնում,- հունվարի 14-ին էլ՝ Ֆիզուլիի գրավման ժամանակ, թշնամին կրակեց ձեռքիս, ձեռքս էլ չի աշխատում, գնդակը մինչեւ հիմա էլ ձեռքիս մեջ է»: Պատերազմում մասնակցության համար պետությունը նրան միայն մեդալներ է շնորհել. «Բայց էդ մեդալներով էրեխեքիս չեմ կարող կերակրել»,- ասում է նա:

Արմեն Մկրտչյանը պատմում է, որ նրան բուժումներ պետպատվերի շրջանակներում են նշանակել. «Բայց բոլորս էլ գիտենք, որ դրանք այդքան էլ պետպատվերի շրջանակներում չեն: Սա ամենակոռումպացված տեղն է, սպասում են, որ գումար տաս»: Նախ՝ հաշմանդամության երկրորդ կարգ ուներ, հետո իջեցրել երրորդ կարգ են տվել, այնուհետեւ վերացրել են. «Պիտի գնայի, որ նորից ստուգեին, որ թուղթը տային, բայց փող չունեմ, հավատացեք: Լույսս մարել են, հաց չունեմ տանը, կռված տղերքն են հաց, կարտոշկա բերում, որ սովից չմեռնենք: Ոչ մի հարմարություն չունենք: Էրեխեքս էլ թոքաբորբով հիվանդ էին, նոր են դուրս գրվել, ախր տունը շատ ցուրտ էր, բայց դե, պլիտա վառելն էլ ճոխություն կլիներ»,- ասում է նա: Այս պահին ազատամարտիկը չի կարողանում իր բուժման ծախսերն էլ հոգալ, ցավերը մեղմող դեղամիջոցներ գնել:

Պետության կողմից ոչ մի աջակցություն Արցախյան պատերազմի մասնակիցը չի ստացել. «Երեկ Արթիկում 20000 դրամ են բաժանել կռվածներին, գնացի, որ ինձ էլ տային, ասացին՝ ցուցակի մեջ անունդ չկա: Ոչ մի պետական օղակ չի օգնել մեզ: Մենակ անհատներ՝ իմանալով մեր վիճակի մասին, գումար, հագուստ են տվել»,- ասում է նա: Նկատում է եւ ցավ ապրում, որ այսօր իրենք իրենց «ազատամարտիկ» հռչակած շատերն են պետությունից օգնություն ստանում՝ իբրեւ թե պատերազմին են մասնակցել. «Բայց նրանք պատերազմի տեղն էլ չգիտեն»,- ասում է նա: Իր ուզածն էլ միլիոններ չէ. «Մի հատ շան բուն եմ ուզում, փտած դոմիկ»,- հուսահատ ասում է նա՝ գիտակցելով, որ ընտանիքը ավելի խոնավ ու ցուրտ պայմաններում է հայտնվելու: «Ամենաաղքատ մարդը ես եմ: Ինչի՞ պետությունը ինձ նպաստ չի տալիս… Ասում են, որ ոչ մի տեղ գրանցված չեմ, ինձ չի հասնում, ես բոմժ եմ: Ախր, ո՞նց չի հասնում, էսքան առողջական խնդիրներ ունեմ, ոչինչ չունեմ… Պետությունը էլ ո՞ւմ մասին պիտի մտածի, եթե ոչ՝ իմ նմանների: Ախր գնացինք, կռվեցինք մեր հայրենիքի համար, սրա՞ համար կռվեցինք… Չէ, ես չեմ փոշմանել, որ գնացել, կռվել եմ երկրիս համար, պարզապես ափսոսում եմ, որ մեր կառավարությունն այսպիսինն է…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.12.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. SN says:

    Խնդրում եմ ասեք, թե ինչպես կարելի է պգնություն տարմադրել Արմեն Մկրտչյանի ընտանիքին, որին անդրադարձ է կատարվել «Ազատամարտիկը հայտնվել է ծայրաստիճան աղքատության մեջ» հոդվածում

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/11/523592/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Տաթևիկ says:

    Խնդրում եմ որևէ այլ կոնտակտային տվյալ նույնպես փոխանցեք, քանի որ այդ հեռախոսահամարն անհասանելի է։

    • Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ says:

      Շնորհակալ եմ արձագանքի համար: Արմեն Մկրտչյանի հեռախոսահամարը օրվա մի պահի անջատված է եղել, բայց հիմա եթե զանգեք, կկարողանաք իր հետ խոսել:

  3. Տաթևիկ says:

    Հռիփսիմե, շնորհակալություն Ձեզ հարցազրույցի և այս հոդվածի համար։

  4. Hasmik says:

    Barev dzez,

    Please send me an email with the information of this wonderful man Armen Mkrtchyan. I would like to help with as much as I can. I understand that this will not solve a lot of problems that our people have in Armenia. But at least we can make a difference in our brother’s life. My email should be visible to you as I put it down to write this comment. I will wait for your reply.

  5. SN says:

    Շնորհակալություն տեղեկատվության համար: Ես արդեն կապ հաստատել եմ և կփորձեմ հանրավորինս օգնել:

  6. Անդրե Թորոսյան says:

    ես խնդրում եմ Արմեն Մկրտչյանի հետ կապ հաստատելու հնարավորություն

  7. SN says:

    094741485 Արմենի համարն է

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք