Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ

Հուլիս 10,1999 00:00
turqia Hayastan

Սկիզբը՝ թիվ 128

Ուրեմն մենք ի՞նչ անենք

Թուրքիային կոնկրետ պահանջներ ներկայացնենք։ «Մենք տարածքային պահանջներ չունենք Թուրքիայից» (Ռ. Քոչարյան) եւ պատրաստ ենք նրա հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծել՝ սահմանները բացելու եւ առեւտրի համար, «սակայն ցեղասպանության միջազգային-իրավական ճանաչումից չենք հրաժարվի». Հայաստանի սույն արդի քաղաքականությունը հանդիսանում է փոխադարձաբար բացառողակա՞ն։ Թուրքիայի համար դա մի կողմից տոտալ սպառնալիք է (ցեղասպանություն), մյուս կողմից՝ բարեկամություն անելու առաջարկ, ասես ոչինչ չի պատահել։ Սուբյեկտը այդպիսի մասնատվածություն ի վիճակի չէ՞ ցուցաբերելու։ Ուրեմն, մենք սուբյեկտ չենք հանդիսանում։ Իսկ որեւէ հարց լուծել, ինչ-որ կապեր հաստատել կարելի է միայն պատասխանատու քաղաքական սուբյեկտի հետ։ Կոնկրետ պահանջներ առաջադրելը, ինչպիսին էլ որ լինեն, անմիջապես նվազեցնում է սպառնալիքի ծավալը, հարցը փոխադրում է հավաստի լուծելի ձեւի մեջ, երբ հնարավոր են դառնում բանակցությունները, փոխզիջումները, երաշխիքները։

Պահանջներ առաջադրելով, մենք դառնում ենք քաղաքական կոնկրետ սուբյեկտ, որն ասում է. «Մեզ տվեք այս ու այն, եւ Հայաստանի ու Թուրքիայի ճակատագրերը դուրս կգան այն շղթայվածությունից, որի դեպքում յուրաքանչյուր կողմը դատապարտված է ձգտելու դիմացինի լիակատար ոչնչացմանը, որպեսզի գոյատեւի։ Թուրքիայի դեմ մեծ տերությունների սպառնալիքը այլեւս երբեք չի ստանա Հայկական հարցի ձեւ։ Մենք պատրա՞ստ ենք փակել այդ հարցը»։ Կոնկրետ պահանջները Թուրքիային կարող են չափազանց թվալ։ Նա կարող է լրջորեն դրանց վերաբերվել ոչ այժմ, այլ տասը տարի հետո։ Սակայն նա հաստատապես կիմանա, որ սահմանի այս կողմում մի ինչ-որ անդեմ միջազգային ուժ չի գտնվում (մեծ տերությունների գործակալը), այլ կոնկրետ մի պետություն, որը ոչ թե ցանկանում է թուրքական պետականության ոչնչացումը, այլ ինչ-որ որոշակի բան՝ հող, երաշխիքներ, գումար։ Այդ դեպքում ցանկալի է, որպեսզի հայկական պահանջները ինչ-որ բանի (պայմանականորեն՝ ունեցվածքի), անվերադարձ հատուցման բնույթ չկրեն, այլ հնարավորություն ստեղծեն դա համատեղ շահագործելու, Թուրքիայի համար ինչ-որ կարեւոր այլ խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծվեն։ Ինչպե՞ս անել։

Հայ-թուրքական պայմանագրի ուրվագիծ

1. Արեւելյան Անատոլիան վերանվանվում է Արեւմտյան Հայաստան, տարածքի սահմանները ճշտվում են։

Մեկնաբանություն. դա Հայաստանի համար կարեւորագույն կետ է, որը նշանակում է երկրից պատմական օտարացման հաղթահարում։ Այդ կետն ամենադժվարինն է թուրքերի համար, նրանց իբրեւ Մխիթարյանը կարող է ծառայել Սեւրի 300 հազար կիլոմետրից ավելի համեստ չափերի սահմանումը։

2. Արեւմտյան Հայաստանի տարածքը գտնվում է Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ կառավարման ներքո։

Տարբերակ. Արեւմտյան Հայաստանը Հայաստանի կազմի մեջ է մտնում, սակայն Թուրքիային է տրվում վարձակալության … (25, 50, 100 տարով)՝ վարձակալության մասին պայմանագրի ավտոմատ թարմացման իրավունքով, եթե կողմերից ոչ մեկը դեմ չքվեարկի։

Մեկնաբանություն. դա պայմանագրի արմատական դրույթն է, որը հնարավորություն է տալիս Թուրքիայի առջեւ չդնել տարածքի փաստացի հանձնման հարցը (ինչն ուղղակիորեն արգելվում է թուրքական օրենսդրությամբ)։ Միեւնույն է, այդ տարածքները հայերով բնակեցնելն այսօր անհնարին է, ուրեմն այդ հնարավորությունը պետք է պահպանել հետագայի համար՝ իրավաբանորեն դա վավերացնելով։ Այսպիսով, Թուրքիային անեքսիան չի սպառնում, իսկ կոնտրիբուցիան կամ վարձակալության վճարման բարեկիրթ ձեւ է ընդունում, կամ փոխարինվում է համատեղ տնտեսական գործունեությունից եկած եկամուտներով եւ, այսպիսով, փոխշահավետ է դառնում. գաղտնիք չէ, որ Թուրքիայի արեւելյան վիլայեթները դոտացիոն են եւ պետությունն այնտեղ լայն տնտեսական գործունեություն չի վարում, ինչի համար, օրինակ, պարբերաբար դժգոհություն է արտահայտում Կարսի նահանգապետը։ Հայտնի է նաեւ, որ հայերն ի վիճակի չեն Հայաստանում տնտեսական կյանք կարգավորել, բայց դրա փոխարեն բուռն գործունեություն են ծավալում մյուս պետությունների տարածքներում. այսօր՝ Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։

Այդ կետի յուրահատկությունը նաեւ այն է, որ երկու պետություններն էլ (պայմանագրի տվյալ հոդվածի երկու տարբերակներում) այդ տարածքները անվիճելի միջազգային իրավական հիմնավորմամբ իրենցն համարելով, եթե երբեւէ (50, 100 տարի անց) ցանկանան դրանց վերջնական պատկանելության հարցը լուծել ազնիվ մենամարտում, կբացառվի երրորդ կողմերի միջամտությունը։ Միանգամայն պարզ է, որ թուրքերից ինչ-որ տարածքներ խլել կարելի է միայն զենքի ուժով։ Այդ պայմանագիրը Հայաստանին պատմական նպատակ է ընձեռում ուժեր կուտակել ապագա Հայրենական պատերազմի համար։ Եթե ուժերը չհերիքեն, կարելի է եւս մի 50 տարով հետաձգել…

3. Պայմանագրային տարածքներում տարբեր ժողովուրդների ազգային-պետական ինքնորոշումը հնարավոր է միայն երկու պայմանավորվող կողմերի համաձայնությամբ։

Մեկնաբանություն. այդ կետը Թուրքիայի համար պետք է որ բավականին հրապուրիչ լինի։ Խոսքը քրդերի մասին է։ Եթե քրդերն այսօր ցանկանում են Արեւմտյան Հայաստանի հողերի վրա Քրդստան կերտել, ապա նրանք դա պահանջում են նույնպիսի պատեհապաշտներից եւ զավթիչներից, ինչպես իրենք՝ թուրքերից։ Իսկ եթե այդ հողերը պատմական տեր ստանան, քրդերը ստիպված կլինեն խորհել իրենց պահանջների պատմական եւ բարոյական հիմնավորման շուրջ։ Բոլոր պարագաներում, քրդերը հիշելու եւ խորհելու են 1915 թ. իրենց վարքի մասին։

4. Կողմերը համատեղ պատասխանատվություն են կրում պայմանագրային տարածքների պաշտպանության համար՝ արտաքին ագրեսիայի դեմքում։

Մեկնաբանություն. պայմանագրային տարածքը ձգվում է Թուրքիայի հարավում՝ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի սահմանների երկայնքով եւ այսպիսով, յուրօրինակ մի վահան է ներկայացնում արտաքին սպառնալիքների դեմ (մեզ թվում է, որ Թուրքիայի համար հարավից սպառնալիքն ավելի ռեալ է, քան Հունաստանի, Ռուսաստանի կամ Բուլղարիայի հարձակումը)։ Այդ կետը բազմաբնույթ է. հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական պայմանագրերը, այն սկզբունքորեն ռուսական բանակին թույլատրում է իր առաջավոր դիրքերը (բազաները) հասցնել մինչեւ Առաջավոր Ասիայի խորքերը, ընդհուպ մինչեւ ԱՄՆ-ի «կենսական շահագրգռությունների գոտիները»։ Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մի երկու բազա է արդեն ստացել Բալկաններում (Բոսնիան եւ Կոսովոն), բազաներ ունի Սիրիայում, Մերձավոր Արեւելքում ռուսաստանյան ռազմական ներկայությունը կարող է համալիրային դառնալ։

5. Պայմանավորված կողմերը համակարգում են տնտեսական, ժողովրդագրական քաղաքականությունը պայմանագրային տարածքներում, համատեղ են զբաղվում ճարտարապետական, պատմական, բնական ժառանգության պահպանությամբ եւ շահագործմամբ։

6. Պայմանավորված կողմերը միմյանց նկատմամբ պատմական պահանջներ չունեն եւ միմյանց թշնամի չեն համարում։

Մեկնաբանություն. դա հայերի համար ամենադժվարին կետն է։ Մենք սովոր ենք Թուրքիայի հանդեպ թշնամությունը մի տեսակ ազգային արժեք համարել («Հայ դատը» հայոց ազգային գաղափարախոսության հիմքն է»)։ Ինչ արած, ստիպված ենք լինելու գտնել ինչ-որ ուրիշ, առավել կառուցողական եւ մարդկային գաղափարախոսություն, օրինակ, «Հայ դատի» պատճառով բոլորովին մոռացված «Էրգիրը»՝ այն երկրի գաղափարախոսությունը, որը մենք պետք է վերակերտենք պատմության մոխիրների միջից։ Պայմանագրի սույն նախագիծը ոչ այլ ինչ է, քան «Հայ դատի» աշխարհընկալումից եւ քաղաքականությունից դեպի երկրի աշխարհընկալման եւ քաղաքականությանն անցնելու նախադրյալ։

Ներկայացված տարբերակը լոկ տարբերակ է՝ սնունդ խորհելու համար։ Կարելի է Թուրքիայից բոլորովին այլ բան պահանջել, ասենք, Արարատը, Հայաստանի իրավունքների ճանաչումը Նախիջեւանում եւ Ղարաբաղում, եւ մի երկու միլիարդ կանխիկ փող (մանրադրամով)։ Գլխավորն այն է, որպեսզի պահանջը քաղաքականապես իմաստավորված լինի, լինի կոնկրետ եւ բացարձակապես սեփական, բխող սեփական պահանջներից, կարիքներից, զարգացման ռազմավարությունից ու արդարության հասկացողությունից։ Առայսօր, սկսած 1991 թ. աշխարհում դեռեւս չեն լսել հենց Հայաստանի ձայնը։ Մենք ինքներս չենք լսել։ Օրինակ, իրականում ինչպե՞ս ենք պատրաստվում կարգավորել Ղարաբաղյան հարցը, բացի նրանից, որ այս կամ այն կերպ ենք արձագանքում միջնորդների առաջարկներին։ Ի՞նչ ենք մտածում մեր ապագայի մասին, այն դեպքում, երբ հեռուստատեսությամբ մեզ արդեն «երկու միլիոնանոց երկիր» են անվանում։

Ժամանակն է լրջորեն խորհել աշխարհում սեփական գոյության մասին։

ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆ

«Գնոզիս» ամսագրի գլխավոր խմբագիր

Հ.Գ. Հեղինակն իր շնորհակալությունն է հայտնում Արտաքին քաղաքականության ուսումնասիրության հասարակական խմբի անդամներ Լեւոն Ղազարյանին եւ Ալեքսանդր Աղամալյանին. վերոգրյալից շատ բան ստեղծվել է նրանց հետ համատեղ աշխատանքի եւ զրույցների արդյունքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031