Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐ ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ

Հունիս 06,2000 00:00

Որոշակի դադարից հետո նորից սկսվեց «Առավոտի» թղթակից Սաթիկ Սեյրանյանի հետապնդումը: Մի երկու ամիս առաջ ԼՂՀ դատախազությունը պարզապես երազում էր նրան հարցաքննել որպես «մարտի 22-ի» գործով վկա: Մենք պնդում էինք, որ ՀՀ քաղաքացուն պետք է քննի ՀՀ դատախազությունը: Դրանից հետո Սաթիկին հարցաքննելու բուռն ցանկությունը երկար ժամանակով վերացավ:

Անցած շաբաթ, քաղաքական «իրավիճակի փոփոխությանը» զուգահեռ, նորից զգացվեց Սաթիկի կարիքը։ Բարի քաղաքացիական կամք դրսեւորելով, մեր լրագրողը ցուցմունքներ տվեց ՀՀ դատախազության քննիչի ներկայությամբ: Սակայն, շատ շուտով եւս մեկ անգամ ապցուցվեց, որ նպատակը ոչ ցուցմունքն է, ոչ հարցաքննելը, ոչ էլ նախաքննությունը, որովհետեւ նույն պահին Սաթիկին դեմ տրվեց ԼՂՀ դատախազության մի թուղթ, որտեղ նրան կանչում են իբր «առերեսման»՝ Երեւանից Ստեփանակերտ, հակառակ դեպքում նորից սպառնում են առեւանգել՝ առաջնորդվելով ԼՂՀ օրենքներով, որոնք Հայաստանում չեն գործում:

Ակնհայտ է, որ «Առավոտի» լրագրողին հետապնդելու «քավորը» ոչ ԼՂՀ դատախազությունն է, ոչ ԼՂՀ իշխանությունը, ոչ էլ նույնիսկ ՀՀ դատախազությունը: Նրանք բոլորը գործիք են՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերն իրականացնելու համար: Իմանալով այս իշխող «դուետի» մանր գավառական քինախնդրությունը, չեմ կասկածում՝ նրանք չեն հանգստանա՝ մինչեւ վրեժխնդիր չլինեն իրենց չփառաբանող ու «չսապոնվող» մի քանի գործչից եւ լրատվամիջոցից: Կոմերիտա-չեկիստական ուղեղներում չի կարող տեղավորվել, թե ինչպես կարող են մարդիկ տարբեր կարծիքներ ունենալ եւ ազատորեն արտահայտել դրանք: Ուստի Հայաստանի նախագահի ձեռքերը քոր են գալիս՝ վերացնելու համար այն սակավաթիվ կետերը, որոնք խանգարում են նրան Լուկաշենկո կամ Թուրքմենբաշի դառնալ: Բնականաբար, պատմական հեռանկարի տեսակետից նման փորձերը դատապարտված են: Բայց հենց նման փորձերի ժամանակ է ամենավառ ձեւով դրսեւորվում թե մարդկային պարկեշտությունը եւ թե ստորությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930