Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոս ունենք անգլերեն

Հոկտեմբեր 10,2002 00:00

Էպոս ունենք անգլերեն Ամերիկացի Հրաչ Աբրահամյանին այլեւս խիղճը չի տանջի, քանի որ 30 տարվա անհաջող փորձերից հետո վերջապես հաջողվել է կատարել հին ընկերոջ կտակը։ Խոսքը վերաբերում է ամերիկացի Զավեն Նալբանդյանի անգլերեն թարգմանությամբ «Սասունցի Դավիթ» գրքի հրատարակմանը։ «Զավենն էլ Վաշինգթոնում էր, ես էլ, ընկերներ էինք։ Նա ամերիկյան բանակի զինվորական էր, նաեւ բանաստեղծում էր հայերեն։ Էպոսը թարգմանել էր անգլերեն, բայց միջոց չգտավ տպելու, ինքը մեռավ, կինը մեռավ, զավակ էլ չունեին։ Երբ կտակը քանդեցինք, պարզվեց, որ գրքի տպագրությունը թողել է ինձ»,- պատմեց Հ. Աբրահամյանը։ Դա 30 տարի առաջ էր, այս ընթացքում ամերիկյան բժշկական համալսարաններից մեկի պրոֆեսորը չի կարողացել գտնել մի մեկենասի, որի օգնությամբ կտպագրեր եւ միջազգային հնչեղություն կտար դասական կամ շեքսպիրյան անգլերենով թարգմանված հայկական դյուցազներգությանը։ Վերջապես գտավ, բայց ոչ թե հարուստ ու բարեկեցիկ «ամերիկաներում», այլ՝ Հայաստանում։ «Ես միշտ պատկերացրել եմ հովանավոր կոչվածը մի մարդու, որը վեր է կանգնած այդ գործից եւ միայն փող է տալիս, բայց այս գրքի հովանավոր Մեսրոպ սրբազանը փոխեց իմ հասկացողությունները։ Նա գրքի ստեղծման պահից հետն է եղել, ամեն քայլին հետեւելով, ամեն ինչի մասին հոգ տանելով»,- նկատեց Հ. Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ Մեսրոպ սրբազան Աշճյանը բոլորովին վերջերս հովանավորել է նաեւ Անիի Մայր տաճարի 1000-ամյակին նվիրված արարողությունները։ Երեկ Ազգային գրադարանում կայացավ «Սասունցի Դավիթ» էպոսի անգլերեն նոր տարբերակի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է 700 օրինակով, որից 500-ը պետք է դուրս գա արտերկիր։ Հայկական շուկայում վաճառքի համար գրքի արժեքը սահմանվել է 20 դոլար, դրսի համար դեռ գին որոշված չէ։ Նոր գրքին գնահատականներ տվեցին գրականագետները, իրենց ելույթներն ավելի շատ նվիրելով էպոսի ստեղծման պատմությանն ու կառուցվածքին, կամ՝ նկատի ունենալով հիմնականում ուսանողներով համալրված լսարանի մտավոր մակարդակն ու պահանջարկը, կամ էլ անգլերենի չիմացության պատճառով անտեղյակ էին գրքից։ Օրվա գլխավոր թեմայի մասին նշվեց միայն, որ «հայկական դյուցազներգությունը մի քանի անգամ փորձել են թարգմանել, բայց այսպիսի որակյալ ու շքեղ թարգմանություն դեռ չի եղել»։ Կասկածելի ենթադրություն ունենք, որ հարգարժան պրոֆեսորները «որակյալ ու շքեղ» որակումները վերագրում էին ոչ թե բուն թարգմանությանը, այլ տպագրությանը։ Շնորհանդեսի ավարտին հրատարակիչները 4 գիրք նվիրեցին Ազգային գրադարանին, ինչը շնորհակալության հետ նաեւ դժգոհություն առաջացրեց. «Ավելի շատ տվեք, որովհետեւ ամենաշատն այստեղ են կարդում»,- ասաց հանդիսավարուհին (թող ներվի մեզ՝ անձը չպարզեցինք)։ Նույն տիկինը նաեւ նկատեց, որ հանդիսության սկզբից մինչեւ վերջ Մեսրոպ սրբազանը գիրքը կրծքին սեղմած է պահել, տիկինը շատ լավ հասկացավ սրբազանի զգացմունքները, քանի որ ինքն էլ անընդհատ ցանկություն ուներ շոյել գիրքը, փայփայել այն (իր խոստովանությունն է)։ Եթե հիշենք մեր վարչապետի վերջերս ազգին ուղղած «իմաստուն» խորհուրդը՝ «չեք կարողանում կարդալ, գոնե՝ շոշափեք գիրքը», տիկնոջ ցանկությունը բոլորովին էլ զարմանալի չէ։ Զարմանալին (մի քիչ) այլ բան է. նույն Հրաչ Աբրահամյանին կրկին կտակել են մեկ այլ գրքի տպագրություն՝ Եղիշե Իշխանյանի «Լեռնային Ղարաբաղ» հուշագրությունը. մահացյալի կամքը կատարվել է 3 տարի առաջ։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել