
նախկին վարչապետ Իիի ծոռնուհին երազում է վարել մինչ այժմ չլսված՝ մշակույթի միջազգային
նախարարի կամ մշակույթի համաշխարհային դեսպանի պաշտոն: Ծանոթանալով Հիդեկո
Ուդագավայի բեմական ստեղծագործական կյանքը ներկայացնող բուկլետին, առանց չափազանցության
կարելի է ասել, որ, չնայած ջութակահարուհու երիտասարդ տարիքին, աշխարհում չի մնացել
ոչ մի հեղինակավոր սրահ, փառատոն, նվագախումբ, հանրահայտ դիրիժոր ու դաշնակահար-կոնցերտմայստեր,
որտեղ բեմ բարձրացած եւ որոնց հետ համագործակցած չլինի երաժիշտը: Մեր դիտարկմանը՝
թե երաժշտի վերը նշված հաջողությունները ինչ-որ չափով կարելի՞ է վերագրել նրա՝ վարչապետի
ծոռնուհի լինելուն, ջութակահարուհին ընդամենը նշեց, որ ինքը տասը տարի ուսանել է
Լոնդոնում եւ Նյու Յորքում՝ աշխարհահռչակ Նաթան Միլշտեյնի ղեկավարությամբ եւ 1989թ.
Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, սըր Չարլզ Մակերասի ղեկավարությամբ կայացել է իր
առաջին բեմելը, այսպիսով փարատելով մեր «կասկածամտությունը»: Նրա համերգային շրջագայությունների
ցանկում թվով 31-րդ երկրում՝ Հայաստանում բեմ բարձրանալը, ջութակահարուհու խոսքերով,
ամենանշանակալիցն ու պարտավորեցնողն է: «Անցյալ դարավերջին մտերիմներիցս մեկը ինձ
նվիրեց մեծանուն Արամ Խաչատրյանի 1932թ. գրած, զարմանալի է, բայց՝ չկատարված Ջութակի
եւ դաշնամուրի սոնատի նոտաները: Առանց երկարացնելու ասեմ, որ վերջնականապես սիրահարվեցի
Խաչատրյանին ու աշխարհի որ մասում էլ լինեմ, պարտադիր պետք է հնչեցնեմ գոնե մեկ գործ
մեծանուն կոմպոզիտորից,- ասաց ջութակահարուհին: Վաղը, «Ա. Խաչատրյան» համերգասրահում,
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ջութակահարուհին հանդես կգա Կոնցերտ-ռապսոդիա
ջութակի եւ նվագախմբի համար ստեղծագործության կատարմամբ: Իսկ Հայաստան գալը իմ պարտքն
եմ համարում, քանի որ սա այն կոմպոզիտորի հայրենիքն է, ով իմ ստեղծագործական կյանքում
նոր էջ բացեց»,- ասաց Հ. Ուդագավան: Շարունակելով խաչատրյանական թեման, ջութակահարուհին
տեղեկացրեց, որ նախկինում ինքը հանդիպել է կոմպոզիտորի որդուն, որն իրեն տրամադրել
է մեծանուն արվեստագետի երկերից. «Իհարկե, կային այնպիսի գործեր, որոնք փոխադրել
եմ ջութակի եւ դաշնամուրի համար եւ 2003-ին՝ կոմպոզիտորի հոբելյանական տարում թողարկել
CD, ուր ընդգրկված են միայն Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները»: Հետաքրքրվեցինք,
թե ինչու է իր անվան դիմաց հայտագրում Մեծ Բրիտանիա: «Պարզ պատճառով՝ այնտեղ եմ ստացել
բարձրակարգ կրթություն եւ այնտեղից են աշխարհի դռները բացվել իմ առջեւ»,- պատասխանեց
ջութակահարուհին: Հետաքրքրվեցինք նաեւ աշխարհում այսօրվա երաժշտական անցուդարձով:
«Տարօրինակ թող չհնչի, ուզում եմ մշակույթի միջազգային նախարարի կամ մշակույթի համաշխարհային
դեսպանի պաշտոն վարել: Այս մտքին եմ եկել հետեւյալ պարզ պատճառով. աշխարհում ամեն
ինչ ու ամեն գործ դանդաղ է կատարվում կամ ընթանում, իսկ մարդկային կյանքը շատ կարճ
է: Երազում եմ, որ յուրաքանչյուր ազգի տաղանդ շատ արագ ճանաչվի աշխարհում, անկախ
երկրների՝ միմյանց հետ ունեցած փոխհարաբերություններից: Ասածս արվեստում դժվար չէ
իրականացնել, քանի որ մշակույթը համամարդկային ու անթարգման է»,- իր երազանքը ներկայացրեց
Հ. Ուդագավան: Հանդիպման ավարտին ճապոնացի վարչապետի ծոռնուհուց չէինք կարող
չհարցնել իր մեծ պապի 1853թ. սպանության մասին: Ջութակահարուհին ասաց, որ ինքը սպանության
մասին լսել է ե՛ւ իր հարազատներից, ե՛ւ մինչ օրս մամուլում հրապարակվող վարկածներից.
«Որ սպանությունը քաղաքական էր՝ անկասկած է: Իսկ պատճառը կոնկրետ դժվար է ասել, հատորներ
են պետք այդ մասին գրելու համար»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ


















































