ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
Ծիծաղելին երկարատեւ չի լինում կյանքում՝ ցավոք, քաղաքականության մեջ՝ բարեբախտաբար: Այո, բարեբախտաբար քաղաքականության մեջ ծիծաղելին երկարատեւ չի լինում: Չի լինում թերեւս զուտ այն պատճառով, որ ժամանակը հրաշալի մի հատկություն ունի: Այն միակ միջոցն է, որը հնարավորություն է տալիս իրերը, դեպքերն ու դեմքերը իր շղթայում վերլուծել, հասկանալ ու համեմատել: Ժամանակը թույլ է տալիս, որ այդ ծիծաղելին մի օր պարզ ճշմարտություն դառնա, թույլ է տալիս շատ հարցերի պատասխան տալ, որոնք տարիներ առաջ են ծնունդ առել, քննադատվել, դատափետվել, առաջին հայացքից պարսավելի թվացել: Այո, համեմատության մեջ է ծնվում ճշմարտությունը, ու այսօր, ինչպես Ռուսսոն էր ասում՝ իմ գործը ճշմարտություն ասելն է, ոչ թե ստիպելը, որ մարդիկ դրան հավատան:
Իսկ իմ, մեր ու նաեւ բազմաթիվ մեր հայրենակիցների ճշմարտությունը եռանկյունի չէ: Այն նման է բոլոր այն ճշմարտություններին, որոնք մարդկությունը տեսել, հասկացել ու ամենակարեւորը՝ գնահատել է:
Կարդացեք նաև
Քորնֆորդն ասում էր՝ քարոզչությունը խաբելու արվեստ է, երբ ավելի շատ խաբվում են կողմնակիցներդ, քան հակառակորդներդ: Ճիշտ էր ասում մտածողը, որովհետեւ այն քարոզչությունը, այն էլ սեւ, որն «Օրինաց երկիր» կուսակցության դեմ գրեթե միշտ իրականացվել է, խաբել է միմիայն այն իրականացնողներին ու նրանց կողմնակիցներին: Իսկ հակառակ թեւում նորին գերազանցություն ճշմարտությունն է: Այն ճշմարտությունը, որի մասին ուզում եմ խոսել իմ խոհերում:
«Օրինաց երկիրը»
գնաց իր ճշմարտության
ճանապարհով
Այսպես. OԵԿ-ն իմ երրորդ զավակն է: Միասին հաջողություններ ենք ունեցել, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ փորձություններ, բայց կայացել ենք ու բյուրեղացել: Օրենքի երկիր կառուցելու առաքելությամբ ենք առաջնորդվել, պայքարի մեջ մտել՝ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով: Հասկացան մեզ ու ընկալեցին մանկավարժն ու բժիշկը, թոշակառուն եւ ավանդատուն, շատերը: Սակայն մեր տեսակի պայքարը մեզ առանձնացրեց, ու մենք գնացինք մեր ճանապարհով: Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Շատերը դա համարեցին նախապես մշակված սցենար, խաղ: Նման բան մտածել յուրաքանչյուրը կարող է, դա իր իրավունքն է: Սակայն ճշմարտությունը բոլորովին այլ տեսք ուներ: Գտնվելով իշխանության մեջ՝ ՕԵԿ-ն իր նախագահի գլխավորությամբ երբեք աչք չէր փակում այն ապօրինությունների վրա, որոնք տեղի էին ունենում մեր երկրում: Օրինակները շատ էին՝ ջրի գնով պետական սեփականության օտարում, չարաշահումներ եւ այլն: Դա ակնհայտ դուր չէր գալիս շատերին, ովքեր կանգնած էին այդ ամենի գլխին, ինչպես նաեւ նրանց դուր չէր գալիս Արթուր Բաղդասարյանի օրեցօր աճող բարձր հեղինակությունը, որն անխուսափելի էր դարձնում նրա մասնակցությունը 2008թ. նախագահական ընտրություններին, որն էլ, ինչ խոսք, ցանկալի չէր գործող իշխանության համար: Հետեւաբար գործի դրվեցին ՕԵԿ-ը ոչնչացնելու բոլոր հնարավոր մեթոդները: Գործող նախագահ Քոչարյանն իր նստավայրից անձամբ էր գլխավորում այդ օպերացիան: Կբռնեմ, կդատեմ, կոչնչացնեմ, կճնշեմ կ…, կ…, սպառնալիքներ էին տեղում ՕԵԿ-ական մեծ ու փոքր պաշտոնյաների վրա: Ի՞նչ պետք է անեին ՕԵԿ-ի տղերքը՝ Ալիկն ու Արշակը, Սերգոն, ու Տիգրանը, մյուսները: Իսկ մենք ի՞նչ պետք է անեինք՝ ախր մարդկանց հետ մի փութ աղ ու հաց էինք կերել: Վտանգեի՞նք նրանց: Իհարկե՝ ոչ, հո՞ երկրագունդը քառակուսի չէ, որ յուրաքանչյուրս մի անկյունում թաքնվեինք: Հիմա, երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ Հայաստանը ոչ թե 41 ընտրատարածքից (հա, ի դեպ, 56-ն էր, որը նաեւ մեր պայքարի արդյունքում դարձավ 41) կազմված ֆեոդալական երկիր էր, այլ ճորտատիրական: Ի՞նչ է, ուզում էիք մե՞նք էլ ճորտ դառնայինք, կարեինք բերաններս ու ջայլամի նման գլուխներս ավազի մեջ ապրեինք: Հավատացեք՝ կարող էինք: Ի՞նչ է, չունեի՞նք պաշտոններ, ավելի մեծ իշխանություն, քան այսօր: Իհարկե՝ ունեինք, բայց դա չէր մեր առաքելությունը, պաշտոնները չէին մեր նպատակը: Նպատակը մեր ազգն էր, մեր պետության զարգացումը եւ պաշտոններն էլ դրան ծառայացնելը: 2006թ.-ին կոալիցիան լքելը եւ ընդդիմություն դառնալը, այո, ունեին իրենց քաղաքական լրջագույն պատճառները, եւ այդ պատճառները համահունչ չէին մեր քաղաքական կուրսին, համահունչ չէին մեր ժողովրդի մեծ հատվածի շահերին եւ ակնկալիքներին: Դրա համար էլ ՕԵԿ-ը գնաց իր ճշմարտության ճանապարհով, որը, մենք գիտեինք, որ լինելու է ավելի դժվարին՝ խութերով եւ արգելքներով լի:
Գերխնդիրը Արթուր
Բաղդասարյան
անունը «հաղթելն» էր
ՕԵԿ-ը քանդելու օպերացիան ուղեկցվում էր ոչ միայն բռնաճնշումներով, այլեւ սեւ քարոզչությամբ, որովհետեւ խնդիր էր դրված նախ եւ առաջ «հաղթել» Արթուր Բաղդասարյան անունը: Դրա համար գործի դրվեց ամենակեղտոտ տեխնոլոգիան՝ պիտակավորել մարդու անունը, նրան մեղադրել «դարի հանցագործությունների» մեջ՝ դռան փալասի տակից «պեղած» ինֆորմացիայի միջոցով նրան ամեն գնով դարձնելով պետության եւ հասարակության թշնամի: Չստացվեց: Նույնիսկ մեր այդ ժամանակվա ընդդիմախոսները ընդդիմացան՝ նման գործելաոճը ամոթալի որակելով: Ի հեճուկս այս ամենի, 2007թ. ՕԵԿ-ը 3-րդ անգամ արժանացավ մեր ժողովրդի վստահությանը, որովհետեւ ժողովուրդը երբեք չի սխալվում: Մարդիկ տեսնում էին, թե իրականում ինչ է կատարվում: 2008թ. նախագահական ընտրությունները ՕԵԿ-ի համար դարձան եւս մեկ փորձաշրջան՝ պայքարելու ոչ միայն ողջ պետական ռեսուրսի, այլեւ ԼՏՊ-ի եւ նրա ղեկավարած 2-3 տասնյակ քաղաքական ուժերի դեմ: Սակայն Արթուր Բաղդասարյանը միայնակ հավաքեց գրեթե նույնքան ձայն, որքան այդ ուժերը միասին, հետեւաբար ինչու երբեք ձեզ հարց չեք տալիս. եթե դուք իսկապես ուզում էիք երկրում փոփոխություններ իրականացնել, ինչո՞ւ դուք չմիացաք Արթուր Բաղդասարյանին, ինչո՞ւ ընտրություններից դեռ ամիսներ առաջ սկսեցիք ձեր սեւ փիառը մեր նկատմամբ: Իսկ ընտրություններից հետո մտածված ի՞նչ մեղադրանք առաջ քաշեցիք: Որ ՕԵԿ-ը մաս կազմեց կոալիցիային: Իսկ, ըստ ձեր գալարազուրկ ուղեղով մեկնաբանների, ի՞նչ պետք է աներ Արթուր Բաղդասարյանը: Երեւի միանար Լեւոն Տեր-Պետրոսյանի անծրագիր արկածախնդրությանը եւ հրի ու սրի բերա՞ն տաներ հարյուրավոր մարդկանց, երեւի երկրում ստեղծեր քաղաքացիական բախումնե՞ր՝ իր բոլոր հետեւանքներով, երեւի վերջապես հո՞ղ նախապատրաստեր մեր թշնամիների համար՝ Հայաստանը մի քանի օրում ճանկելու համար: Դուք դա՞ էիք ուզում, թե ձեր պատկերացմամբ հայրենիք կոչվածը սկսվում ու ավարտվում է բոլորովին այլ հարթությունում, որտեղ չկա ազգի եւ պետության շահը: Փառք Աստծո, ժամանակը ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանի՝ այդ օրերի քաղաքական որոշումը մեր պետության անվտանգության տեսանկյունից այլընտրանք չուներ: Իսկ եթե նրանք էին ճիշտ, ապա ո՞ւր են հիմա այդ «ազգափրկիչները», որոնք անցնող 5 տարիների ընթացքում ցույց տվեցին, թե իրականում ինչի համար էին պայքարում: Նրանց՝ «քաղաքական լեշերի» վերածման հարցում էլ հո մե՞նք չենք մեղավոր: Չէ, երեւի մենք մեղավոր ենք, որ մեր մեջ պետական մտածողություն կա, մեր մեջ հայրենասիրություն կա, իրական նպատակները չթաքցնելով՝ շիտակ ու ազնիվ պայքար կա: Հիմա ի՞նչն է ձեզ խանգարում ազատ գործել, ի՞նչն է խանգարում ձեզ առաջադրվել ու հաղթել, ի՞նչն է խանգարում ձեզ, ձեր իսկ բնորոշմամբ՝ համաժողովրդականություն վայելող ուժեր եք, հանդես գալ կոնկրետ սցենարով, միանալ ընդդիմադիր ուժերով ու հաղթել: Էդ դեպքում նոր կարող եք ասել, որ ՕԵԿ, դու էիր այն ժամանակ մեղավոր, որ մենք ձախողվեցինք, դու էիր մեղավոր, որ այս տարիների ընթացքում մենք գոնե ավելի ուժեղանայինք եւ մեր շարքերը բյուրեղացնեինք, բայց կազմաքանդվում ենք: Եվ գիտեք, թե ինչի եք կազմաքանդվում, որովհետեւ դուք երբեք էլ չեք եղել ժողովրդի հետ, երբեք էլ նրանց դարդ ու ցավը ձեզ չի հետաքրքրել: Դուք ընդամենը ռեւանշիստական մղումներով ներխուժեցիք քաղաքական դաշտ՝ վարկաբեկելով եւ պիտակավորելով բոլորին՝ առանց բացառության: «Ով մեզ հետ չէ՝ տականք է, դավաճան է» լոզունգը ի վերջո բումերանգի նման հետ եկավ դեպի ձեզ: Եվ այդպես էլ պետք է լիներ, քանի որ չի կարելի ժողովրդին դարձնել խաղալիք՝ հանուն իշխանություն զավթելու: Չի կարելի այդչափ անամոթաբար երկխոսել մեկ իշխանության, մեկ ընդդիմության, մեկ-մեկ էլ երկուսի հետ միասին վերցրած, հետո էլ վերագրել ուրիշին: Երկխոսությունը վատ բան չէ, այլ նույնիսկ շատ դեպքերում անհրաժեշտ քաղաքական գործընթաց, բայց ինչի՞ հաշվին, ո՞ւմ հաշվին:
Ժամանակը ցույց տվեց, թե իրականում ով ով է
Աստված սիրեք, սիրեք իրար՝ որքան ուզում եք, կոնսուլտացվեք՝ որքան ուզում եք, բայց ոչ մեր անունը շահարկելով, ոչ մեր ու ձեր մեջ զուգահեռներ անցկացնելով, ոչ մեզ ու ձեզ համեմատելով: Գոնե այսքանից հետո մի կաթիլ ամոթ ունեցեք, լռեք, կամ եթե չեք լռում, մեր անունը մի շահարկեք: Վերջին 5-6 տարվա քաղաքական գործընթացները հստակ ցույց տվեցին, թե իրականում ով ով է, ով է դավաճանը, ովքեր են ծախվածներն ու ծախվողները, ովքեր են թույլերն ու ուժեղները, ովքեր են կցորդներն ու անկախները, եւ ովքեր են վերջ ի վերջո քաղաքական դիակները: Մի հատ նայեք ձեզ ու ձեր գործողություններին: Կրակի շրջանակի մեջ ընկած կարիճի նման չգիտեք, թե ինչ անեք: Խորհուրդ կտամ ձեզ՝ ինքնաոչնչացեք, դա ձեզ համար կլինի ամենալավ տարբերակը: Չնայած արդեն բռնել եք «քաղաքական աղբանոցի» ճանապարհը:
Հիմա նորից ընտրություններ են՝ նախագահական: Ընտրություններին ընդառաջ, մի շարք լրատվամիջոցներ՝ իրենց հոգեւոր հայրերի գլխավորությամբ, ուզում են զուգահեռներ անցկացնել այս եւ 2008 թ.-ի նախագահական ընտրությունների միջեւ, ուզում են համեմատել Արթուր Բաղդասարյանին ու սրան, նրան: Ծիծաղելի է, համեմատում են համեմատելին: Դատարկ գլուխներիդ զոռ մի տվեք՝ որովհետեւ չեք կարող համեմատվել Արթուր Բաղդասարյանի հետ, ով 22 տարվա քաղաքական ճանապարհ է անցել ու այդքան էլ անցնելու է: Արթուր Բաղդասարյանի ինչի հետ եք համեմատվում՝ բարեկրթության, գիտելիքների, փորձի, խարիզմայի, պրոֆեսիոնալիզմի, խոհեմության: Ուզո՞ւմ եք համեմատվել: Խնդրեմ, համեմատվենք: Բայց մինչ այդ երկու խորհուրդ. «Օրինաց երկրի» ցավով տառապող խառնակույտ, ձեր պատվիրատուների եւ մեծ հաշվով տերերի «տունը» մաքրելիս մի փորձեք հավաքված վիթխարի կեղտը հարեւանի բակ նետել, այլապես մի օր, բումերանգի էֆեկտով, ձեր երեսներին ետ եք ստանալու այդ ամբողջ կեղտը: Եվ վերջապես, եթե մի օր այնքան համարձակություն եւ քաջություն ունենաք, որպեսզի համեմատության եզրեր անցկացնեք Արթուր Բաղդասարյանի եւ ձեր տերերի միջեւ, ապա վերջիններիս մոտ հաստատ կբացահայտեք, կրկնում եմ, բարեկրթության, տաղանդի, գրագիտության, ճկուն մտածելակերպի, մարդասիրության եւ մեծ հաշվով, մարդուն մարդ դարձնող այնքան անհրաժեշտ շատ այլ հատկանիշների իսպառ բացակայություն:
Կարդում ես այդ համեմատական վերլուծականները, ու թվում է, թե այս մարդիկ չեն զարգանում, ոչինչ չեն հասկանում: Հասկանում եմ, որ փողի արժեքը մեծ է, այն կարեւոր է ձեզ համար, սակայն մի՞թե դուք եւ ձեր տերերը ոսպի հատիկի չափ ուղեղ չունեք՝ հասկանալու, որ այդ մարտավարությունը չի վնասել ու չի վնասելու Արթուր Բաղդասարյանին, որ ձեր «թանկարժեք» հոդվածները այլեւս հասարակական կարծիք չեն ձեւավորում, որովհետեւ ձեր պատվիրատուներն արդեն հայտնի են: Իսկ իրականում ՕԵԿ-ը մեծ «ոսկոր» է ձեր նեղ բողազների համար: ՕԵԿ-ն այլեւս ընկալելի եւ ընդունելի տեսակ է, ձեռագիր է, պայքար է եւ վերջապես՝ ՕԵԿ-ը ապագայի ուժ է:
«Օրինաց երկիրը» առաջ է գնում՝ անկախ նրանից, թե ում դուր չի գալիս
ՕԵԿ-ի անցյալը մաքուր ու հստակ է՝ զերծ կրիմինալից: Մենք չենք թալանել ժողովրդի ունեցվածքը, անհայտ ճանապարհներով ժամանակին իշխանությունների բարեհաճությամբ միլիարդներ չենք դիզել: ՕԵԿ նախագահի անունը չի կապվում կրիմինալի, տարբեր տրամաչափի թաղային ու քրեական հեղինակությունների հետ, ջրի գնով մեր ծնողների ստեղծած պետական ունեցվածքի ալան-թալանի ու շատ ու շատ նման բաների հետ:
Բա որ իրականում լծված լինեք պետականաշինության, պարտքի ու պատասխանատվության ծանր գործին, էն ճանապարհն անցնեիք, որով անցել է Արթուր Բաղդասարյանը, էն պայքարը իրականացնեիք, որ սկսել է 22 տարեկանից, բա էդքան տարի կդիմադրեի՞ք ու կդիմանայի՞ք: Դե կռվեք, դե աշխատեք, դե պայքարեք, թե՞ դժվար է: Չեք կարող: Եվ գիտեք ինչի, որովհետեւ դուք Արթուր Բաղդասարյանի ոչ ուժն ունեք, ոչ խելքը եւ ոչ էլ պայքարի ու աշխատանքի անսպառ եռանդը: Դուք ի զորու եք միայն պատվեր իջեցնել ձեզ սպասարկող լրատվամիջոցներին եւ մի քանի քաղաքագիտական գիրք կարդացած վերլուծաբաններին՝ վարկաբեկելու «Օրինաց երկրին», վարկաբեկելու այն վիթխարի աշխատանքը, որն այս տարիների ընթացքում անխոնջ իրականացնում է կուսակցությունը: Միայն հարյուրավոր օրենքների եւ նախաձեռնությունների հեղինակ ենք, որոնք մի շարք ոլորտներ ուղղակի փրկել են ոչնչանալուց: Դա՞ եք քննադատում: Ի՞նչն եք քննադատում: Այն, որ վերջին 5 տարիներին Արթուր Բաղդասարյանի անմիջական աշխատանքով օր օրի ամրապնդվո՞ւմ է մեր երկրի անվտանգությունը, այն, որ մականուններ ու քրեական անցյալ չունե՞նք, թաղային հեղինակություններ չե՞նք, այն, որ ժողովրդի սոցիալական ծանր վիճակից չե՞նք օգտվել ու դիզած միլիոններից մի քանի գրոշ շպրտել ձայն առնելու համար, կամ էլ այնքան «հաջողակ» չէի՞նք, որ նախագահը անձամբ հայտարարեր մեզ սատարելու մասին: Ստացվեց այնպես որ դարձաք «արտոնյալներ», դե գնացեք ու ծառայեք ազգին ու պետությանը, բա մեզնից ի՞նչ եք ուզում: Էլի համեմատվե՞լ եք ուզում:
«Օրինաց երկիրը» շարունակելու է առաջ նայել, շարունակելու է աշխատել ու պայքարել, շարունակելու է հետամուտ լինել մեր պետության հզորացմանը, շարունակելու է օրենքի Հայաստան կառուցելու դժվարին ու պատասխանատու առաքելությունը՝ անկախ նրանից, թե ում դա դուր չի գա, անկախ նրանից, թե քանի վարձու գրչակ կգրի մեր դեմ, քանի կիսավերլուծաբան կվայրահաչի Արթուր Բաղդասարյանի դեմ: Մենք տեղ հասնելու ենք, դուք մտածեք: Մենք շենացնելու ենք, մենք «մաքրելու» ենք երկիրը այն պորտաբույծներից, ովքեր փնովելուց, իրենց հետ համաձայն չլինողներին տականք ու դավաճան անվանելուց բացի, պայքարի ուրիշ զենք չունեն, ովքեր լուսապսակ են հագել ու «ազգափրկիչ» են խաղում ժողովրդի մոտ:
«Ձեր չընդհատվող
դավադրություններն ու
դավաճանությունները մի
փաթաթեք ՕԵԿ-ի վզին»
Չեմ կարող չանդրադառնալ մի կարեւոր հարցի եւս. 2008թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգության ողջ պատասխանատվությունը, ի դեպ, կրում են նաեւ այն մարդիկ, ովքեր ժողովրդին միտումնավոր տանում էին բախման, ովքեր մարտի 1 կազմակերպեցին լոկ նրա համար, որպեսզի հետագայում դա դարձնեն իրենց քաղաքական առուծախի զենք: Հիմա էլ դա հո հստակ պարզ է: Ո՞վ եք դուք, որ ձեր չընդհատվող դավադրություններն ու դավաճանությունները փաթաթեք մեր վզին, ո՞վ եք դուք, որ ձեր բոլոր անհաջողությունների, ձեր կարճատեսության եւ առեւտրականի հոգեբանությունից բխող ֆիասկոների մեջ մեզ մեղադրեք՝ քիչ չէ, Արթուր Բաղդասարյանին էլ համեմատեք ձեր եւ նման անարժանների հետ: Նրանց հետ, ովքեր առանց փողի ու զոռբայության գրեթե հավասար են զրոյի, ովքեր, մեր ժողովրդին կեղեքելուց ու թալանելուց բացի, ընտրություններում մի քանի գրոշ տալուց բացի, ուրիշ ոչինչ անել չգիտեն, ովքեր մշտապես թաքնվում են այս կամ այն ծախու գրչակի նվազ մարմնի հետեւում՝ խուսափելով հրապարակային պայքարից, ովքեր իրենց քաղաքական մայրամուտն ապրելուն զուգահեռ, էլի չեն դադարում առողջ ուժերին վարկաբեկելու գործը:
Բոլոր դիմակներն էլ մի օր պատռվում են
Որպես վերջաբան. Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, մեր զավակների հայրենիքը: Հետեւաբար մենք թույլ չենք տա, որ ինչ-որ մի գաղափարազուրկ խառնամբոխ անընդհատ խաթարի նրա զարգացմանն ու առաջընթացին: Ժամանակը հրաշալի ուսուցիչ է, սակայն հենց ինքն է ժամանակի ընթացքում «սպանում իր անխոհեմ աշակերտներին»: Այդ գործընթացը սկսվել է, ու հերթով պատռվում են բոլոր այն դիմակները, ովքեր ժամանակին, նաեւ մինչեւ օրս, վարկաբեկում են ՕԵԿ-ին: Քաղաքական դաշտում մոդայիկ է դարձել «փուչիկներ փչելը», սակայն մի փոքր փորձության հանդիպելիս դրանք անմիջապես պայթում են՝ հստակ ուրվագծելով իրական խոսքի ու գործի անջրպետը: Վստահ եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին կպատռվեն մնացած մյուս «ազգափրկիչների» դիմակները, կպայթեն վերջին տարիներին այդքան «ջանասիրությամբ փչված փուչիկները»: Վերջապես մեր ժողովուրդն էլ կտեսնի, թե դուք իրականում հանուն ինչի եք ՕԵԿ-ին այդքան քննադատում՝ մեր անվան վրա կառուցելով ձեր բոլոր ժամանակներում մերժելի ու վարկաբեկված անունը: Վերջապես ձեր գրչակները ստիպված կլինեն փնտրել ուրիշ տերեր՝ ՕԵԿ-ից հեռու տանելով իրենց գաղափարազուրկ «վերլուծությունները», վստահ եմ՝ այդժամ նրանք արդեն կսկսեն գրել արդեն ձեր մասին, ձեր խայտառակության մասին, բայց արդեն անցյալ ժամանակով: Արթուր Բաղդասարյան գործիչը ձեզ համար անհաս էտալոն է: Ձեր վերլուծաբաններին եւ կայքերին հրահանգ տվեք ձեզ ծիծաղելի դրություններից զերծ պահեն, հրահանգ տվեք, որ ձեզ համեմատեն ոչ թե Արթուր Բաղդասարյանի հետ, որից ձեր նվաստ գոյությունն էլ ավելի հստակ է ուրվագծվում, այլ ձեր կալիբրի որեւէ գործչի հետ, ով կլինի գաղափարազուրկ, անդեմ, անգրագետ, քրեական ու թաղային հեղինակություն՝ հարստացած իշխանությունների հետ սերտաճելու կամ սրա-նրա հաշվին: Այ, դա կլինի համարժեք համեմատություն:
Ի վերջո, ամենագլխավոր պայքարը տեսակը պահելու պայքարն է, ու մեր տեսակն է հաղթելու:



















































