Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրքի թեման շատ լավ է շրջանառվել հայ կերպարվեստում». Նարինե Թուխիկյան

Դեկտեմբեր 12,2012 17:35 Share

«12 քաղաքներում անցկացրեցինք հայ գրատպությանը եւ գրքի պատմությանը նվիրված ցուցահանդեսներ, որոնք ավարտվում էին հնատիպ գրքի պատմությունով` 1800 թվ.-ով»,-այսօր 12-ն անց 12 րոպեին Թումանյանի թանգարանում բացված «Երբ գիրքը գտնում է նկարչին» խորագրով աննախադեպ ցուցահանդեսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի պնդմամբ՝ հայ գրատպության 500-ամյակին նվիրված հոբելյանական նախանշված միջոցառումները տարվա ընթացքում շարունակ համալրվել են նոր նախագծերով ու ծրագրերով, որոնք կարծես թե բավարար չէին եւ այդուհանդերձ՝ էլի անելու բան կար: Ապագայում անհրաժեշտ է այս ռիթմը դարձնել կենսակերպ եւ պահպանել վիճակը:

Ցուցահանդեսը հայաստանյան 5 խոշոր մշակութային կառույցների` Թումանյանի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Չարենցի տուն թանգարանի, Հայաստանի ազգային գրադարանի եւ Չարենցի անվան գրականության համատեղ նախագիծն էր:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ցուցահանդեսը եզրափակում էր հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումները: Այն նվիրված էր հայ ընթերցանության պատմությանը եւ գրքի գեղարվեստական ձեւավորման տարբեր փուլերին` սկսած 19-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի 70-ական թվականները: Ցուցադրությունը բաղկացած էր մեկ ընդհանուր ներածության եւ երեք հիմնական բաժիններից, որոնցից յուրաքանչյուրը նվիրված էր ընթերցանության մշակույթի ձեւավորման եւ գրքի նկարազարդման որոշակի փուլերին:

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը շատ ուրախ էր, որ միջոցառումների վերջին ակորդը տեղի էր ունենում հենց իրենց թանգարանում.

«Բազմաթիվ թանգարաններ մասնակցում են իրենց ցուցանմուշներով: Թումանյանն ինքը միշտ ասել է, որ մանկական գրքերը պետք է գունագեղ եւ լավ ձեւավորված լինեն, որպեսզի երեխաներին գրավեն: Այս առումով Թումանյանին շատ հաճելի կլիներ այս ցուցահանդեսը, տեսնելու, թե հայ նկարիչները ինչպիսի նկարազարդումներ են արել գրքերի համար: Ցուցահանդեսում կտեսնեք ընթերցող մարդկանց կտավներ: Գրքի թեման շատ լավ է շրջանառվել հայ կերպարվեստում»:

Ցուցահանդեսի համադրող Վարդան Կարապետյանը նշեց, որ տարին բավական դրական էր հայ մշակույթի ներկայացման համար.

«Ընտրել ենք մի հիմնական սկզբունք, որը ոչ թե նվիրված էր գրքին, այլ ընթերցողներին: Երկրորդ գործոնը գրքի ձեւավորումն էր: Ցուցադրվել են հայ նկարիչների աշխատանքները գրքի ձեւավորման բնագավառում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31