Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ծառուկյանն իրոք ուզում էր բարեգործություն անել, ի՞նչ կարիք կար այդ ավտոբուսները հենց այս նախընտրական փուլում գործարկել

Ապրիլ 17,2013 11:22

Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը որոշել է գործարկել հերթական բարեգործական երթուղին՝ այս անգամ, սակայն, ընտրելով ոչ այնքան անվտանգ՝ «Ավան- «Այրարատ կինոթատրոն»» գիծը։

Բնականաբար՝ Ավան վարչական թաղամասն իրենց պապական «բոստանը» համարող Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ականները չէին կարող այս փաստը հանգիստ ընդունել, եւ երեկ գործի էին դրվել դեռեւս անցած խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի դեմ Սամվել Ալեքսանյանի կողմից կիրառված թաղային «բե տե էռ» կանանց ծառայությունները։ Սույն «պատվարժան տիկնայք», պարզվում է, անչափ վրդովվել էին, որ նախ՝ ԲՀԿ-ն իրենց վարչական շրջանին բարեգործական նպատակներով ոչ թե վերջին մոդելի եվրոպական արտադրության ավտոբուս է հատկացրել, այլ «գյուղի դուրս գրած» հին մոդելի պազիկ, որից սույն փափկասուն տիկնայք ոչ մի պարագայում չեն համաձայնի օգտվել։

Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների գործուն մասնակցությամբ կազմակերպված այդ բողոքի ակցիայի մասնակիցները, պարզվում է անչափ մտահոգված են «գծատերերի» բիզնեսների զարգացմամբ, ինչը կարող է խափանվել բարեգործական անվճար ավտոբուսի գործարկման դեպքում։ Ըստ նրանց՝ Ավանում գծատերերը ոչ թե Ռուբեն Հայրապետյանը, Տարոն Մարգարյանը եւ նրանց մերձավորներն են, այլ խեղճուկրակ մանր ձեռնարկատերեր, որոնք իրենց գծերը սպասարկելու համար ունեցած-չունեցածը դրել են բանկերում գրավ, որպեսզի կարողանան ավտոբուսներ ձեռք բերել եւ օրվա շրջանառությունը «զրոյականով փակել»։

Սակայն եթե հավատանք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնյաների այս աղեկտուր հայտարարություններին, ապա ստացվում է, որ նույն Տարոն Մարգարյանը սեփական հեղինակությունը բարձրացնելու համար ստիպել է այդ գծատերերին մտնել մեծ վարկերի տակ եւ ձեռք բերել ավտոբուսներ, որպեսզի իր քարոզարշավի ընթացքում կարողանա գլուխ գովել, թե ահա՝ հանրային տրանսպորտը բարելավել եմ եւ ներմուծել 670 ավտոբուս։

Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է «Բարգավաճ Հայաստան»-ի մոտեցումը։ Եթե Ծառուկյանն իրոք ուզում էր բարեգործություն անել, ի՞նչ կարիք կար այդ ավտոբուսները հենց այս նախընտրական փուլում եւ հենց Ավանում գործարկել։ Չէ՞ որ սպասելի էր, որ Տարոն Մարգարյանի վերահսկողության տակ գտնվող թաղում այդ նախաձեռնությունն արժանանալու էր բուռն հակազդեցության։

Ըստ ամենայնի, ԲՀԿ-ականների բուն նպատակն էլ հենց դա էր, որպեսզի կարողանային ասել՝ թե տեսեք, մենք ուզում էինք սոցիալապես անապահով խավերին անվճար երթեւեկելու հնարավորություն տալ, սակայն Տարոն Մարգարյանը դա թույլ չտվեց։

Եվ անկախ այն փաստից, որ ԲՀԿ-ի՝ բարեգործություն անելը բռնում է բացառապես ընտրությունից ընտրություն (չնայած որ՝ Տիգրան Ուրիխանյանը պնդում է, թե ԲՀԿ-ն 250 տարի է՝ ավտոբուսներ է տրամադրում), անվիճելի է, որ կոնկրետ այս դեպքում դրանից ավանցիները միայն շահելու էին։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930