Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու պետք է ցրի Ազգային ժողովը. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2014 11:05

Եվ այսպես, մերժելով քննարկել ընդդիմության պահանջները, որոնք տրամաբանական շարունակությունն են ողջ նախընթաց պայքարի, չլուծելով դրանցից ոչ մեկը՝ եռյակն առաջ է քաշում նոր պահանջ, որ ակնհայտորեն վեր է իր ուժերից եւ, որ ամենակարեւորն է, չի տեղավորվում եռյակի շոգեքարշ ԲՀԿ-ի խաղաղ, անցնցում, հեզասահ, նրբաշարժ իշխանափոխության ծրագրերում։ Իրենց թվում է, որ Սերժ Սարգսյանը կվախենա եւ երկու օր հետո ԱԺ ընտրություններ կնշանակի։

Խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար Սերժ Սարգսյանը պետք է նախեւառաջ պատճառ ունենա, իսկ որպես առաջին պատճառ՝ կարող է լինել ԱԺ-ում մեծամասնություն չունենալը։ Ի դեմս ՀՀԿ ֆրակցիայի, Սերժ Սարգսյանն ունի այդ մեծամասնությունը։

Խորհրդարանը կարող է ցրվել նաեւ այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետեւից մերժի կառավարության օրինագծերն ու հետ ուղարկի։ Բայց մենք բոլորովին հակառակ պատկերի ենք ականատես՝ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որ եռյակի խնամի վարչապետն ԱԺ-ից ձեռնունայն չհեռանա։ Դե եթե ԱԺ-ում կա մեծամասնություն, իսկ այն կառավարության հետ անուշ-մեղուշ հարաբերությունների մեջ է, անհասկանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու պետք է ցրի Ազգային ժողովը։

Ամեն դեպքում ենթադրենք, թե Սերժ Սարգսյանը վախեցավ եռյակից եւ ասաց՝ համաձայն եմ, որ ուզում եք ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ երկխոսենք, եկեք երկխոսենք։ Ի՞նչ պետք է անի եռյակն այս դեպքում։ Չէ՞ որ, եթե խնդիրը ժամանակն է, Սերժ Սարգսյանն այսկերպ եւս կարող է ժամանակ շահել եւ սրտի ուզածի չափ երկխոսացնել եռյակին։ Հարցրեք ՀԱԿ– ին, եւ ՀԱԿ-ը ձեզ կասի, թե ինչով են ավարտվում արտահերթ թեմաներով Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունները։

Մենք ավելի քան վստահ ենք, որ Եռյակի առնվազն երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», կհրաժարվեն գործող Ընտրական օրենսգրքով ԱԺ արտահերթ ընտրություններից, որովհետեւ թե մեկը եւ թե մյուսն առանց ԲՀԿ-ի չեն հաղթահարի անցողիկ շեմը։ Սինչդեռ ԲՀԿ-ին ձեռնտու է գործող օրենսգրքով ԱԺ ընտրություններ անցկացնելը, որովհետեւ փողի զորությամբ կարող է ապահովել բավականին թվով ձայներ թե իր համամասնական ցուցակի եւ թե իր մեծամասնական թեկնածուների համար։

Չնայած այս տարբերություններին՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», քանի որ արդեն ԲՀԿ-ի քույր կազմակերպությունների են վերածվել, եւս մերժում են ընդդիմության առաջարկները քննարկելու հնարավորությունը։

Այս ամենի արդյունքում օրակարգից դուրս է մնալու ընդդիմության 12 կետանոց պահանջագրի քննարկումը, հետեւաբար, նաեւ այդ կետերով ներկայացված ժողովրդի պահանջների կատարումը։ Փոխարենը առաջին պլան կարող են գալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անպտուղ պահանջը եւ դրա շուրջ նույնքան անպտուղ գյալաջին՝ մինչեւ հերթական ընտրություններ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930