Լրահոս
Օրվա լրահոսը

 Դեպի Կոմիտաս տանող երկու ճանապարհ

Փետրվար 02,2015 11:46 Share

( կարդալ, բացառապես Կոմիտասի թանգարան – կոթող այցելելուց հետո )

Երբ Լեոնարդոյին հարցրել են կերպարվեստն է առաջնային, թե երաժշտությունը, նա պատասխանել է. « Փորձեք բնության գեղեցկությունը կույրին նկարագրել, իսկ խուլ ու համրին ընդամենը ցույց տալ … »

Պետք է ենթադրել, որ ճարտարապետ Արթուր Մեսչյանը, էզոթերիկ տրավերտինով Կոմիտասի թանգարան – կոթողը ստեղծելիս, ինչպես Լեոնարդոն, առաջնորդվել է երկրորդ սկզբունքով: Հակառակ պարագայում մեզ չէր կարող փոխանցվել նրա արարելու շարժառիթը և հաղթողի հոգեբանությունը:

Հանրությանը դեպի Կոմիտաս տանելու ապարդյուն փորձեր շատ են եղել, բայց արի ու տես, որ պարոն Մեսչյանին հաջողվել է ստեղծել մի միջավայր, որտեղ ընդամենը ֆիզիկապես գտնվելու պարագայում Կոմիտաս երևույթը դառնում է հասու բոլորիս (քանի դեռ շինության ներսում ես):

Բարձրանում ենք թանգարան – կոթողի թեքահարթակով, որքան առաջ, այնքան թուլանում է երկրի ձգողությունը, մեծանում ակամա սավառնելու հավանականությունը…

Ներսում ենք՝ բազմաչափ իրականության մեջ, աջ – ձախ, վերև – ներքև գոյություն չունի, մեր գիտակցական կողմնորոշումը չի գործում, կարծրատիպերը քանդված են, ենթագիտակցությունը ժպտում է, ազատվել է գիտակցության կապանքներից (քանի դեռ շինության ներսում ենք): Հաղորդակցվում ենք երախտագիտության դրսևորումների հետ, պարզում մեզ համար, որ լիությունը սիրում է թաքնվել երախտագիտության ետևում…

Թափառող հայացքդ մեկ հանդիպում է Կոմիտասի ռոյալին ու սրինգներին, մեկ հառնում պատից ցած վազող նրա բանաստեղծություններին ու լուսանկարներին… Ամենի վրայով սահուն անցնում ես՝ թողնում հաջորդ այցելություններիդ համար:

Կոմիտասի ձայնը ականջիդ մտնում ես համերգասրահ, էզոթերիկ միջավայրը շուրջդ է պտտվում ու ստիպում քեզ առժամանակ դառնալ եսակենտրոն:

Թափանցիկ ետնաբեմ, չկան կուլիսներ՝ չկա և տեղ խարդավանքի համար:

Ապակեպատ ետնաբեմից անդին հատվում են վերն ու վարը, աջն ու ձախը, առաջն ու ետը, մի իրականությունից կարող ես անցում անել մյուսը (քանի դեռ շինության ներսում ես): Եթե գերհսկա սև խոռոչների սինգուլյար կենտրոնում երկրային օրենքները փլուզվում են, ապա այս խաչմերուկում չինարի ծառ է աճում…

Թիկունքումդ նախասրահ նայող պատուհանն է, որի հակառակ կողմից նայողը մշտական թատրոն է տեսնում. ներսում ես, ասես խաղում ես դու, դիտում են ուրիշները, դրսում ես, խաղում են ուրիշները, դիտում ես դու:

Գալիս ենք նախասրահ, մոտենում ենք առարկայական իրականությանը, ճարտարապետ Կորյուն Հակոբյանի տուֆակերտ շինության ճակատային մասի թիկունքում ենք, դա էզոթերիկ և շոշափելի իրականության սահմանագիծն է, որից անդին սկսվում է նյութեղեն աշխարհը: Տոն-մուտք՝ համերգների ու ներկայացումների համար:

Թե ով, որ մուտքից կկամենա ներս մտնել ամեն անգամ այցելելիս, դա դեռ մի կարճ ժամանակ տեսակի խնդիր կմնա …

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. taron says:

    Եթե գերհսկա սև խոռոչների սինգուլյար կենտրոնում երկրային օրենքները փլուզվում են, ապա այս խաչմերուկում չինարի ծառ է աճում…

    ինչ տարորինակ նախադասւթյւն, ինչւ օգտագործել բառեր, չհասկանալով նրանց իմաստը,???

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728