Որոշ «փորձագետներ» պնդում էին, որ ԵՏՄ-ին միանալուց հետո օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունում կավելանան։ 2015թ. 1-ին կիսամյակի տվյալներով Ռուսաստանից Հայաստան ՕՈԻՆ-երը կրճատվել են 12 անգամ։ 2015թ. 1-ին կիսամյակում ՕՈԻՆ-երի ծավալը 46,1%-ով կրճատվել է նաեւ Ռուսաստանում։ Ըստ «The Financial Times» թերթի՝ այդ ժամանակահատվածում Ռուսաստանում կատարվել են ընդամենը 2,806 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ավելի քիչ, քան, օրինակ, Բոսնիա-Հերցեգովինայում (2,834 մլրդ դոլար): Ռուսաստանում անորոշության եւ քաղաքական բարձր ռիսկերի պայմաններում օտարերկրյա ընկերությունները ձեռնպահ են մնում մասնակցել ներդրումային նախագծերում։ Այսինքն, Ռուսաստանն ինքն է ապրում ներդրումային քաղցի պայմաններում եւ, բնականաբար, խոսք չի կարող լինել իր ազդեցության գոտում գտնվող երկրներում ներդրումային նախագծեր իրականացնելու մասին։
Քննադատությանը չի դիմանում նաեւ այն թեզը, որ Հայաստանում պոտենցիալ օտարերկրյա ներդրողները եւ առեւտրային գործընկերները կարող են շահագրգռված լինել ԵՏՄ շուկա դուրս գալու հեռանկարով։ Նախ, ԵՏՄ նկատմամբ ներդրողները զգուշավոր են։ Եվ հետո, ԵՏՄ միասնական տարածքը թույլ է տալիս ներդրողին ընտրել արտադրության լոկալացման իր տեսանկյունից հարմար ռազմավարություն։ Այսինքն, եթե նույնիսկ նրանց հետաքրքրում է ԵՏՄ շուկան, ապա ավելի նպատակահարմար է արտադրություններ կազմակերպել հենց Ռուսաստանի տարածքում կամ սահմանակից Բելառուսում եւ Հյուսիսային Ղազախստանում, քանի որ արտադրանքի իրացման հիմնական շուկան մնում է Ռուսաստանը։ Հայաստանը նույնիսկ ընդհանուր սահման եւ երկաթուղային ուղղակի հաղորդակցություն չունի Ռուսաստանի հետ։ Ի վերջո, ցանկացած երկրի ներդրումային միջավայրի գլխավոր սպառնալիքը կոռուպցիան է: Այն կարող է նպաստել ռիսկերի զարգացմանը եւ խոչընդոտել ներդրումների հոսքը։ Այս իմաստով թե՛ Ռուսաստանը եւ թե՛ նրանից կախված Հայաստանը ընկղմված են կոռուպցիայի մեջ, հետեւաբար չեն կարող գրավիչ լինել ՕՈԻՆ-երի համար։
Ընդհանուր առմամբ անցած տարիների ընթացքում ներդրումների համար Հայաստանն իրականացրել է «բաց դռների» քաղաքականություն։ 1994թ. ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը համարվում է ամենաազատականներից մեկը հետխորհրդային երկրներում։ Սակայն, ներդրումային քաղաքականության, մասնավորապես ՕՈԻՆ-երի վերաբերյալ Հայաստանը կոնկրետ մոտեցումներ եւ ռազմավարություն չի ունեցել։ Այս տարվա հոկտեմբերի 8-ին կառավարությունը հաստատել է ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը եւ դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցը։ Հատկանշական է, որ առանց այդ հայեցակարգի ընդունման հնարավոր չէ ստանալ 2014թ. Հայաստանի եւ ՎԶԵԲ միջեւ ստորագրված՝ «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները։
Աշոտ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համար


















































