Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դատարանն ասի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք»

Դեկտեմբեր 12,2015 16:30 Share

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վստահեցնում է, որ Դաշնակցության պաշտոնական հայտարարությունը չի ուշանա

Հանրաքվեից հետո ավելի սրվել են մեղադրանքները Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հասցեին հատկապես այն պատճառով, որ կուսակցությունը վարում է իշխանահաճո քաղաքականություն: Հաճախ են ընդդիմադիր ճակատից, մասնավորապես՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից նման մեղադրանքներ հնչում: Մասնավորապես, այս ուժի հանրահավաքներից մեկի ժամանակ Դաշնակցության հասցեին նման հայտարարություն հնչեց. «Իրեն միշտ կույսի ձևով պահող Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի  հետ կապված լռում է, որ շարունակի օգտվել իշխանության սեղանի հաճույքներից»:

«Առավոտը» ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է Դաշնակցության լռության պատճառը, և արդյոք առո՞ղջ է իրենց ընդդիմախոսների կողմից կուսակցության հասցեին հնչող քննադատությունը: Պարոն Մարգարյանը նման հայտարարությունները՝ անկախ նրանից, թե որ ուժի հասցեին են հնչում, համարեց «անբարոյականություն» ու նկատեց. «Համենայնդեպս, մեր կազմակերպությունը կեղծիքների մասնակից չի եղել: Մենք այնպես ենք ընտրության մասնակցել, ինչպես իրենք, ի վերջո՝ իրենք էլ պարտավոր են հաշվի նստել փաստերի հետ: Եթե փաստերը կգնան դատարան, ու կասվի, որ ընտրությունը կեղծված է, մենք առաջինը կլինենք, որ այդ փաստի հետ հաշվի կնստենք: Իսկ եթե դատարանը չի ասելու, որ հանրաքվեն  կեղծված է, ոչ իրենք են հաշվի նստելու, ոչ էլ մենք: Ուրեմն պետք չէ վաղօրոք նման արտահայտություններ անել»: Հրանտ Մարգարյանի համոզմամբ՝ այս հանրաքվեի ընթացքում կարևոր բան արեց ժողովուրդը, որը երկու պատգամ փոխանցեց՝ մեկը ընդդիմությանը, մյուսը՝ իշխանությանը. «Իշխանություններին հղեց այն պատգամը, որ  հասկացիր՝ մենք վիճակից գոհ չենք և «ոչ» ենք ասում ոչ թե Սահմանադրությանը, այլ քեզ: Ընդդիմությանն ուղղված պատգամն այն է, որ այնքան հասունացել ենք, որ գիտենք իշխանափոխության իրական ճանապարհը, որը հենց ընտրություններն են, ոչ թե նման արտահայտությունների մթնոլորտի ստեղծումը: Ժողովուրդն ամենամեծ դասն է տվել բոլորիս»:

Մեր այն դիտարկմանը՝ մի՞թե ընտրակեղծիքներ չարձանագրվեցին հանրաքվեի ընթացքում, որոնց մասին, ի դեպ, բարձրաձայնել են ՀՅԴ վստահված անձինք, որ Դաշնակցությունը կեղծիքները դատապարտող հայտարարությամբ այդպես էլ հանդես չեկավ, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Ոչ մեկը չի հերքում, որ կեղծիքներ եղել են: Ինչ-որ բաներ ասվել են. Արմեն Ռուստամյանը պաշտոնական տեսակետ է արտահայտել: Պաշտոնական հայտարարությունը չի ուշանա: Մի քիչ համբերություն է պետք: Կարծում եմ՝ ակնհայտ էր, որ կեղծիքներ կային, բայց դրանց չափը կազդի հանրաքվեի արդյունքների վրա, թե ոչ՝ դա պետք է կարողանալ ապացուցել: Նման էժան կերպով կարելի է ասել՝ ազդեց, չազդեց: Մեր տեղեկություններով՝ չի ազդել, եթե ուրիշներն ունեն փաստեր և կապացուցեն, որ ազդել է, թող ապացուցեն: Բայց մեկը պետք է գնահատի, չէ՞: Ոչ թե ես կամ մյուսը, այլ դատական համակարգը պետք է լինի գնահատողը»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կարծիքով՝ հանրաքվեի արդյունքների բողոքարկումը, որը նախաձեռնել է  ընդդիմադիր ճակատը, ճիշտ ճանապարհ է. «Թող բողոքարկեն ու ապացուցեն՝ այնքան է կեղծվել, որ հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն արտացոլվել»:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շտապողականությանը՝ հայտարարելու, որ մեր երկրի կառավարման համակարգն արդեն խորհրդարանական է՝ այն դեպքում, երբ դեռ մինչև 2018-ը ժամանակ կա: Հրանտ Մարգարյանի կարծիքով՝ շտապողականություն չկա, բայց գործեր շատ կան, ու պետք է արագ գործել. «Մինչև 2018-ը մոտ 400 օրենք պետք է հաստատվի: Իսկ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ մի քանի հարյուր օրենք պիտի հաստատվի: Դա գործընթաց է, որ պիտի անենք, որ անցում կատարվի խորհրդարանական համակարգին: Բայց այսօրվանից արդեն ընդունված է  խորհրդարանական համակարգը:

Ոչ մի շտապողականություն չկա. առաջին խնդիրը, որ ունենք, Ընտրական օրենսգրքի մշակումն է, և դրանով է, որ պետք է բացառվի ընտրակեղծիքը մեր երկրում և ապահովվի ճիշտ ընտրակարգ: Դրա համար է, որ մենք ունենք տեսակետ, որի համար պայքարել ենք, և դրա հիմքերն էլ կան Սահմանադրության մեջ: Գործ կա, որ վաղվանից պետք է սկսել»: Ըստ Հրանտ Մարգարյանի՝  մինչև մայիս պետք է հաստատվի նոր Ընտրական օրենսգիրքը, որպեսզի 2017-ին հնարավոր լինի անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այնպես որ՝ թայմինգին Հայաստանը պետք է հետևի:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սպասելիքներ ունի «Նոր Հայաստան»-ի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ընթացող պայքարից: Պարոն Մարգարյանն այս առիթով հիշեցրեց, թե որքան մարդ է մասնակցում նրանց հանրահավաքներին, ու մանրամասնեց. «Ամեն ինչ հրապարակի վրա է: Տեսնում եմ, թե իրենց հանրահավաքներին որքան մարդ է հավաքվում, մյուսներին՝ որքան»: Այնուհետև պարոն Մարգարյանը ակնարկեց անճարակության մասին: Հետաքրքրվեցինք՝ հիմա Րաֆֆի Հովհաննիսյա՞նն է անճարակը, թե՞ Ժիրայր Սեֆիլյանը, պարոն Մարգարյանը պարզաբանեց. «Մեթոդն է անճարակ, երբ չգիտեն՝ ինչպես կազմակերպել ժողովրդական շարժում, ու դրա պատճառով էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկը, ինչի վերջը ձախողումն է: Իրենք այդ սխալի մեջ են, և չէի ուզի, որ ձախողեին: Կուզեի, որ որպես առողջ  ուժ գոյություն ունենային մեր հասարակության մեջ և կարողանային իրենք իրենց շտկել»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    1. Դուք շատ լավ գիտեք, որ դատարանը չի ասի, որ ընտրությունը կեղծված է, դրա համար էլ այդպիսի հայտարարություն եք անում (իսկ Դուք կեղծիքների վերաբերյալ Ձեր ունեցած փաստերը կներկայացնե՞ք դատարան և կպայքարե՞ք, որ դատարանը արդար վճիռ կայացնի` այդ մասին էլ խոսեք):
    2. Առաջի՞նը կլինեք նաև դատարանին քննադատողների մեջ, եթե նա օբյեկտիվ վճիռ չկայացնի:

  2. Հ.Շ. says:

    Մէջբերում ՝ «Իրեն միշտ կույսի ձևով պահող Դաշնակցությունը դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված լռում է, որ շարունակի օգտվել իշխանության սեղանի հաճույքներից»: ………………………………………………………………………………………………….
    Կարգ մը անհատական պարագաներու կապակցութեամբ, ակընյայտօրէն անհերքելի է այս հաստատումը, ափսոս:

    Սակայն ըսել թէ համայն Դաշնակցութիւնն է այդպէս «հաճոյքի սեղանից օգտվողը», ճիշդ չէ:

    Դաշնակցութեան հիմքն ու ողնասիւնը կազմող բազմահազար հայերին համար (այսինքն, ոչ միայն «շարքայինները», այլ մանաւանդ այս կուսակցութեան Գաղափարաբանութեան համակիրները, որոնք թիւով շատ աւելի են քան թէ գրանցուածները), ուրեմն՝ այդ բոլոր հայերին համար որոնց շնորհիւ ՀՅԴ-ն կարողացել է այս տարիքին հասնիլ, ուրիշ է պատճառը՝ աչք փակելու այժմու Պետութիւնը ներկայացնող իշխանութեանց մութ երեսների նկատմամբ:

    Արդարեւ, նիւթի առարկայ իսկական հաւատացեալներուն համար, յստակ է թէ այսուհետեւ, յիշեալ գաղափարաբանութիւնը կարող է իրականութեան դառնալ միայն՝ հայոց Պետութեան միջոցաւ, անոր ընդմէջէն:

    Այս էական պատճառով է որ հարազատ կամ խոնարհ դաշնակցականներու մեծամասնութիւնը կը շարունակէ… կուլ տալ վերոյիշեալ անհատական ախորժակներու անկուշտ ու անվերջանալի կերուխումը, միաժամանակ հանդուրժելով նաեւ այժմու վարչակարգի այլազան թերութիւնները: Այլ խօսքով, անոնք, յանուն Գաղափարի, կը մասնակցին «cover-up»ին, կամ ել, ակռաները սեղմելով եւ լեզուն խածնելով, կը համակերպին անոր:

    Կառչելով այն համոզումին որ, իշխանութեան մօտ մնալով, կարելի կը դառնայ Պետութեան ընդմէջէն, թէկուզ քիչ-քիչ եւ դանդաղօրէն, գոնէ առաջ տանիլ յիշեալ Գաղափարաբանութիւնը, ի շահ համայն Ազգին: Նկատի ունենալով որ, զուտ սկզբունքներէ եւ տեսութիւններէ անդին, այլեւս չկայ ուրիշ իսկական, լուրջ, գործնական եւ գործադրելի այլընտրանք:

    Այո, գիտենք նաեւ որ իշխանութիւնն ալ այս ամէնը շատ լաւ գիտէ, եւ որոշ չափով՝ վարպետօրէն «խաղում» է, ըստ այնմ:

    Սակայն, բաղդատած նախորդ վարչակարգին, եւ նկատի առնելով որ տակաւին բաւական երկար ժամանակի համար, այս կամ այն ձեւով, շարունակվելու է ներկայ վարչակարգը, պէտք է նաեւ ճանաչել այն իրողութիւնը որ ան եւս, ինքն ին, հետապնդում է կարգ մը ազգային հիմնական դիտաւորութիւններ: Այս ուղղութեամբ, ընդդիմադիրներու չափազանց ծայրահեղ պոռչտուքները, ծայրագոյն յոռետեսութիւնը, մնայուն ահազանգապաշտութիւնը, պարզապէս չի ազդում նիւթի առարկայ հայերին: Այդ ալ իրաւունք չէ՞…

    Այստեղ մէկ – տարրական – բացատրութիւն եւս հարկաւոր է, ուղղամիտ լսողների համար՝ անհատական շահագրգռութիւնն ու շահագործումները – որոնք կան, եւ քստմնելի, եւ պժգալի են -, մի քանի անձնական սեղանիկները պէտք չէ շփոթել Հայրենիքի մէջ համայն ՀՅԴի տնտեսական նշանակալից գործունէութեան հետ:

    Արդարեւ, Հայաստանի/Արցախի մէջ, անհնար է լուրջ մասշտաբով տնտեսական գործունէութիւն ունենալ, առանց իշխանութեան… հաւանութեան: Հետեւաբար, այս գետնի վրայ եւս կարգ մը նուիրեալ դաշնակցականներ հարկադրուած են լուռ մնալու շատ մը երեւոյթների նկատմամբ, ոչ թէ որովհետեւ իրենք անձնապէս օգտվում են այդ գործունէութիւնից, այլ, ան նպաստում է երկրին, բնակչութեան, եւ այստեղ եւս՝ յիշեալ գաղափարաբանութեան գործադրութեան: Խօսքս կը վերաբերի, օրինակի համար, արտաքին ներդրումներով՝ ենթակառոյցների կառուցման, վերաբնակեցման ծրագիրները, եւայլն.

    Իսկ եթէ հարց էք տաքիս թէ՝ խի՞այսպիսի բացատրութիւններ չեն տալիս ընդհանրապէս դաշնակները, այդ ալ բացատրեմ ձեզի, սիրով՝

    125 տարիների խորքէն եկած, այսօր ժամանակավրէպ եւ անհեթեթ դարձած Աւանդութիւնը այն է որ՝

    . դուն ինքդ, դուն քեզմէ, ինքնաբերաբար,
    պէտք է որ հասկնաս, պիտի որ զգա՛ս, թէ ինչ է Դաշնակցութիւնը,

    . եթէ ոչ, ուրեմն ի զուր է որեւէ բան բացատրել, արդէն անպայման հակադաշնակցական ես

    բարի տարեդարձ

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    Յ.Գ. Եթէ այս նիւթով հետաքրքրուած էք (ո՞վ գիտէ. շաբաթավերջ է, մի քիչ ժամանակ կայ թերեւս…), բարեհաճեցէք նաեւ կարդալ հետեւեալ երկարապատուն ճառին տակը հրատարակուած մեկնաբանութիւնս՝
    https://www.aravot.am/2015/12/11/638813/

Պատասխանել Ռուբեն

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031