«Ես չեմ կարծում, որ եվրոպական կառույցներում ընդհանրապես ինչ-որ առանձնահատուկ կողմնորոշված հակահայկական տրամադրություններ կան, այդ թվում նաեւ ԵԽԽՎ-ում»,- փետրվարի 2-ին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա, մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ուոլթերի զեկույցը 4 ձայնի տարբերությամբ չընդունվեց. «Ես չեմ կարող ասել, որ մեր պատգամավորները լիովին ինչ-որ ձեւով տապալել են այս գործընթացը, հակառակը՝ մենք կարող ենք ասել, որ կան հաջողություններ: Բայց նաեւ այն հանգամանքը, որ եթե չորս ձայների տարբերությամբ այս փաստաթուղթը ընդունվեց, ուրեմն՝ մենք բավականին շատ աշխատանք ունենք անելու՝ ի տարբերություն մեր ստանդարտ դիվանագիտական գործունեության աշխատանքին, որովհետեւ այս գործընթացում ինձ համար կարեւորը այնքան քվեարկությունը չէ, ինչքան Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությունն է. նրանք կոչ էին արել զերծ մնալ այս փաստաթղթի ընդունումից»:
Սերգեյ Մինասյանը համարում է, որ ոչ ոք, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում, նպատակ չէր դնում, որ այդ զեկույցի ընդունումից հետո որեւէ կերպ կլուծվի Ադրբեջանի սահմանակից շրջանների հարցը. «Ի դեպ, սա էլ է կարեւոր՝ Ադրբեջանի սահմանակից, որովհետեւ այդ շրջանները սահմանակից են միայն Մարտակերտի շրջանին, ու չեմ կարծում, որ Ադրբեջանի իշխանություններն ուզում էին լուծել այս խնդիրը, այլ՝ նպատակ ունեին ինֆորմացիոն-քարոզչական դաշտում առավելություն ստանալ: ԼՂՀ իշխանությունները բազմիցս դիմել են Ադրբեջանին՝ այս հումանիտար խնդիրը լուծելու համար, եթե դա այդ ժամանակ չէր լուծվել, չեմ կարծում, որ հիմա լուծվի»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե հայկական կողմը ի՞նչ գործողություններ պետք է անեն չեզոքացնելու համար ընդունված բանաձեւը, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Մենք պարզապես պետք է դրա մասին մոռանանք, նույն կերպ, ինչպես մոռացել ենք 2005 թվականի բանաձեւը եւ տասնյակ այլ բանաձեւեր, որոնք միջազգային տարբեր հարթակներում ընդունվել են՝ մի մասը, հնարավոր է, ավելի բարենպաստ, հայամետ դիրքորոշում ունենար, մի մասը՝ հակահայկական: Ոչ իրական բանակցային գործընթացները, որոնք որ գնում են Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Լեռնային Ղարաբաղում որեւէ նշանակություն չեն ունենա: Եթե նույնիսկ 2-րդ բանաձեւն ընդունվեր նույն ձեւով ոնց որ, երեւի թե, դուք չեք հիշում 2005 թվականի բանաձեւի առանձնահատկությունները կամ ինչ էր գրած, որեւէ ձեւով դա չի անդրադարձել: Յուրաքանչյուր փորձը քարոզչական առումով դուրս գնալ Մինսկի խմբի առաջարկներից, դա հարց չի լուծում, դա կարող է բացասական ինչ-որ քարոզչական նշանակություն ունենա եւ ոչ մի բան ավել: Իսկ ի՞նչ պետք է անենք, ես կարծում եմ՝ վերջին անգամ դրա մասին լուրջ քննարկում է եղել երեւի թե երեկ խորհրդարանում, դրանից հետո այս բանաձեւի շուրջ չեմ կարծում քաղաքական կամ հասարակական ուշադրություն կլինի: Դա չի բացառում, որ նմանատիպ կամ այլ բանաձեւեր չեն առաջարկվի, բայց արցախահայության խնդիրը չի լուծվում այդ հարթակներում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































