Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» դեմ Վերաքննիչ բողոքն էլ մերժվեց

Հունիս 06,2016 16:30
femida

ԼՂՀ քաղաքացի Էդիսոն Ադյանը, այսպես ասած, դատի էր տվել «Առավոտ» օրաթերթին: Ադյանի կարծիքով՝ «Առավոտ» օրաթերթը «Երեխայիս գողացել են», «Երեխայի գողության փաստով քննիչի դեմ գործը դատարանում է», «Երեխայի «կռիվ», «Առանց գենետիկ փորձաքննության երեխային մորից բաժանել է եւ հայրություն է անում» հոդվածներով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող զրպարտիչ տեղեկություններ է հրապարակել: Ադյանը դիմել էր դատարան, պահանջն էր զրպարտությունը հերքել եւ դրամական փոխհատուցում տրամադրել: Հիշեցնենք, որ «Առավոտի»՝ «Երեխայիս գողացել են» հրապարակմամբ Նարինե Նիկողոսյանը պնդել էր, որ իր երեխայի ոչ կենսաբանական հայրը՝ Էդիսոն Ադյանը, առանց մոր համաձայնության, ինչպես Նիկողոսյանն էր ասել՝ մոլորեցնելով, ապօրինաբար բաժանել էր երեխային մորից:

Այս տարվա հունվարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ. Զարգարյանի, վճռել է մերժել Էդիսոն Ադյանի հայցն ընդդեմ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի: Մասնավորապես, դատարանը հանգել է հետեւյալ հետեւության՝ մեջբերում վճռից. ««Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ն վերարտադրել է Նարինե Նիկողոսյանի կողմից տրված հարցազրույցը բառացի եւ բարեխիղճ կերպով՝ հետեւյալ պատճառաբանությամբ. Հայցվոր կողմը ինչպես հայցադիմումում, այնպես էլ գործի քննության ընթացքում չի առարկել Պատասխանողի կողմից ներկայացված այն փաստական հանգամանքի դեմ, որ Նարինե Նիկողոսյանի կողմից արված արտահայտությունները վերարտադրված են բառացի, ինչին ի հակադրություն պատասխանող կողմը իր կողմից ներկայացված «Առարկություններ»-ում նշել է, որ հոդվածի բովանդակությունը կազմող տեղեկությունը Նարինե Նիկողոսյանի արտահայտությունների բառացի եւ բարեխիղճ վերարտադրությունն են, ինչի մասին է վկայում հոդվածներում տեղ գտած այն բազմաթիվ հղումները, ինչպիսիք են.«…Ն. Ն.-ն մեզ հետ զրույցում պնդել է…», «… Ն. Ն.-ն վստահեցրել է…», «…ըստ երեխայի մոր….», «…Ն. Ն.-ն մեզ պատմել էր…» եւ այլն»:

Բացի այդ՝ բառացի վերարտադրություն լինելու մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հոդվածների բովանդակության գերակշիռ մասը ներկայացված է Նարինե Նիկողոսյանի անունից՝ չակերտների մեջ եւ առաջին դեմքով:
Առկա են նաեւ կողմերի փաստաբանների կողմից հրապարակայնորեն արված արտահայտությունների, ինչպես նաեւ անձամբ Էդիսոն Ադյանի կողմից արված արտահայտությունների վերարտադրություններ, որոնք եւս ներկայացված են խոսքերի հեղինակներին հղումներով, ներառված են չակերտների մեջ, գրված են առաջին դեմքով՝ հենց հեղինակների անունից:

Բացի այս, դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի կողմից տեղեկատվությունը տարածելիս կատարվել է տեղեկատվության աղբյուրին (հեղինակին) հղում, որը եղել է պատշաճ, պատասխանող կողմը վեճի առարկա բոլոր հոդվածներում պարբերաբար հղումներ է կատարել խոսքերի հեղինակներին, «Առավոտ» օրաթերթը տեղեկատվությունը հրապարակելիս բարեխիղճ հղումներ է կատարել խոսքերի հեղինակներին՝ դրանով իսկ ցույց տալով, որ հոդվածում արտահայտված դատողությունները հանդիսանում են ոչ թե իրենը, այլ վկայակոչված հեղինակներինը: Բացի այդ, դատարանը սույն գործի շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ «Առավոտ» օրաթերթի կողմից ցուցաբերված հոդվածի հրապարակմանը հաջորդած հետագա վարքագծին: Մասնավորապես, դատարանի սույն մոտեցումը համահունչ է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0807/02/11 քաղաքացիական գործով 2013 թվականի հուլիսի 04-ին կայացրած որոշման մեջ արտահայտած դիրքորոշմանը, համաձայն որի՝ «…քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով, թե արդյոք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցե՞լ է արատավորելու որեւէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսեւորելով բարեխիղճ մոտեցում…»:

«Երեխայի գողություն չի եղել, Նարինեն ինքնակամ է տվել ինձ» 02.03.2015 թվականի՝ «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածում տպագրվել է Էդիսոն Ադյանի հերքումը (պատասխանը) վերոհիշյալ հոդվածների վերաբերյալ: Սույն հոդվածը հրապարակելով՝ Պատասխանողը եւս մեկ անգամ ցուցաբերել է անաչառ մոտեցում եւ փաստել, որ իր կողմից ներկայացվում է ոչ թե իր դիրքորոշումը խնդրո առարկա վեճի վերաբերյալ, այլ կողմերի դիրքորոշումները, որոնք իր կողմից վերարտադրվում են բառացի՝ հղումներ կատարելով խոսքերի հեղինակներին»:
Էդիսոն Ադյանը առաջին ատյանի վճիռը բողոքարկել էր եւ դիմել Վերաքննիչ դատարան: Հունիսի 2-ին Վերաքննիչ դատարանը վճռեց՝ մերժել Ադյանի վերաքննիչ բողոքն ընդդեմ «Առավոտի»: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի կայացրած դատական ակտը բեկանման ենթակա չէ, քանի որ բացակայում է բեկանման համար հիմք հանդիսացող դատական սխալը:

 
Սեփ.լր.

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930