Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 10,2017 11:08 Share

Տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական դաշտի բնակիչների ճնշող մեծամասնությանը հետաքրքրում է ընդամենը մի հարց՝ ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018թ. ապրիլից հետո։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ մեզանում խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթացը դիտվում է սոսկ ղեկավար դեմքերի հերթափոխի կոնկրետ աշխատակարգերի տիրույթում՝ անտեսելով ինչպես երկրին սպասող իրավական-օրենսդրական բնույթի լուրջ փոփոխությունները, այնպես էլ դրանց համապատասխանող ընտրական նոր համակարգի ձեւավորումը, որը չի սահմանափակվելու միայն համապետական ընտրություններով։

Խորհրդարանական կառավարման պայմաններում մեծանալու է մանավանդ տեղական ընտրությունների դերը, քանի որ համապետական ընտրություններին նախապատրաստվող կուսակցությունները պետք է ամեն ինչ անեն տարբեր ինքնակառավարման մարմիններում ներկայացվածություն ունենալու, դրանով իսկ սեփական դիրքերն ամրապնդելու համար։ Ամենուր այդպես է եւ այլ քաղաքակիրթ ճանապարհ ուղղակի գոյություն չունի։

Խորհրդարանական կառավարման առավելությունն այն է, որ քաղաքական կուսակցությունները դառնում են պահանջատեր հանրային կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենահեռավոր գյուղի գյուղապետի ընտրությունից մինչեւ վարչապետի թեկնածուի առաջադրումը խորհրդարանական մեծամասնության կողմից։ Նման իրողությունն անտեսելու դեպքում ուղղակի անիմաստ է դառնում անցումը կառավարման խորհրդարանական եղանակին, քանի որ անցյալում առանց այդ էլ 4-5 տարին մեկ մեզանում տեղի էին ունենում համապետական ընտրություններ, որոնց միջոցով որոշվում էր երկրի բարձրագույն ղեկավարությունը։

Մեր հանրության շրջանում գերիշխող նման ձեւախեղված պատկերացումների վերջին ակնառու վկայությունը նոյեմբերի 5-ին նշանակված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հանդեպ ներկայումս տիրող անտարբեր վերաբերմունքի մթնոլորտն է։ Դրանից մեկ ամիս էլ չի մնացել, սակայն ընտրական գործընթացի նախապատրաստմամբ զբաղվում են միայն կառավարությունը, ԿԸՀ-ն ու համապատասխան ընտրական հանձնաժողովները։

Առաջինն արդեն 350 միլիոն դրամ է հատկացրել ընտրությունների կազմակերպման համար, իսկ երկրորդը հստակեցրել է, որ նոյեմբերի 5-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 68 համայնքներում։ Ընդ որում՝ բացի Արտաշատ ու Գորիս քաղաքներից եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքից, բոլորը հերթական ընտրություններ են լինելու։

Ավելին՝ նոյեմբերի 5-ին ընտրվելու են ոչ միայն Արտաշատի ու Գորիսի, այլեւ Արարատի, Ալավերդու, Ախթալայի, Ստեփանավանի, Տաշիրի, Եղվարդի, Չարենցավանի, Սիսիանի, Կապանի ու Քաջարանի քաղաքապետերը։
Առանձին համայնքներում, որոնց թիվը հասնում է 37-ի, նոյեմբերի 5-ին սպասվում են ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու ընտրություններ։ Իսկ սա նշանակում է, որ այդ օրը որոշվելու է, թե առաջիկա տարիներին ո՛ր քաղաքական ուժերն են գերիշխող դիրքեր գրավելու Հայաստանի մի շարք առանցքային մարզերում՝ Զանգեզուրում, Լոռիում, Արարատում, Կոտայքում եւ այլուր։

Բնականաբար նման պայմաններում Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունները հնարավորություն են ստանում լուրջ դիրքեր գրավել տեղական ինքնակառավարման մարմիններում եւ նրանց միջոցով կյանքի կոչել ինչպես իրենց հիմնական նպատակները, այնպես էլ ավելի հեռահար՝ համապետական խնդիրները։

Այս պայմաններում նորմալ երկրներում քաղաքական կյանքը պետք է եռար եւ յուրաքանչյուր քաղաքի կամ գյուղի քաղաքապետի, գյուղապետի կամ ավագանու աթոռներին տիրանալու համար պետք է ծավալվեր լուրջ ու սկզբունքային պայքար։ Սակայն նոյեմբերի 5-ի ընտրություններից մոտ 25 օր առաջ կատարյալ լռություն է տիրում։ Ընտրապայքար, որպես այդպիսին, չկա, քանի որ այն ենթադրում է ոչ միայն իշխանությանը մաս կազմող ուժերի, այլեւ ընդդիմության լայն ներգրավվածություն։

Հասկանալի է, որ առաջինները պետք է ձգտեն պահպանել իրենց դիրքերը տեղական ինքնակառավարման մարմիններում, ուստի առանձին տեղերում նաեւ գնալու են փոխադարձ զիջումների ու պայմանավորվածությունների ձեռքբերման ուղիով, ինչը միանգամայն նորմալ է նախընտրական պրակտիկայում։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա  համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031