Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահ եմ, որ Թումանյանը հավերժինն է…

Փետրվար 23,2019 12:00

«Երանի ձեզ, որ մեր տանն եք»

Հովհաննես Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանն այս օրերին, ցավոք, անհրաժեշտաբար հեռու է մայր հայրենիքից, բայց հոգով եւ էությամբ Հայաստանում է: Մեր տեսաձայնային զրույցը տիկին Սաֆրազբեկյանի հետ սկսվում է համարյա թե առանց նախաբանի: Շատ է ափսոսում, որ փետրվարի 19-ին չի կարող ծաղիկներ խոնարհել ոչ Խոջիվանքում եւ ոչ Դսեղում, ոչ էլ Երեւանում: Եթե Երեւանում էին լինում, ապա որդու՝ Ռուբենի հետ անպայման այցելում էին քաղաքային գերեզմանատան պանթեոն՝ Թումանյանների գերեզմանին, ուր հուշատախտակներ կան Թումանյանի կնոջ եւ զավակների հիշատակին: «Այս գերեզմանը եւ՛ իրական է, եւ՛ խորհրդանշական, քանի որ այստեղ ամփոփված է Օլգա Թումանյանը եւ իր երկու դուստրերը` Նվարդը եւ Թամարը, իսկ որդիները այստեղ չեն…, – շարունակում է Իրմա Սաֆրազբեկյանը, – ցավոք, այդպես էլ Թումանյանի որդիները գերեզմաններ չունեցան։ Իսկ Թումանյանը 54 տարեկան էր, երբ հեռացավ այս աշխարհից։ Բազմանդամ ընտանիքը ծանրացավ մեր տատիկի՝ Օլգա Թումանյանի, նրա դուստրերի ուսերին։ Նրանք գոյատեւումից բացի, իրենց համար առաջնային համարեցին բանաստեղծի գրական ժառանգության պահպանումը, այն Հայաստան տեղափոխումը, ինչը սրբությամբ իրականացրին իրենք՝ նաեւ աջակցելով, որ թանգարաններ ստեղծվեն Դսեղում եւ Երեւանում։ Թումանյաններին ականջալուր եղան ժամանակի իշխանությունները եւ լույս ընծայեցին մեծ բանաստեղծի առաջին ակադեմիական հրատարակությունը՝ տարբեր ժանրերով ու ձեւաչափերով, եւ արժանվույն կերպով նշեցին նրա հոբելյանները»։

– Ընդհատեմ Ձեզ, տիկին Սաֆրազբեկյան, քանի որ ես էլ երեխա ժամանակ ներկա եմ եղել Թումանյանի ծննդյամ 100-ամյակի տոնակատարություններին եւ մինչեւ հիմա չեն ջնջվում ժողովրդական տոնախմբության տեսարաններն իմ հիշողությունից։

– Դա իսկապես իր նմանը չունեցող ժողովրդական տոնախմբություն էր՝ հայ ազգի մեծերի, խորհրդային եւ այլ երկրների ժողովուրդների ավելի քան 600 ներկայացուցիչներ, հազարավոր հայաստանցիներ, Թումանյանի գրական ժառանգությունը արժեւորած երկրի ղեկավարության անմիջական մասնակցությամբ։ Տոնակատարության նախապատրաստմանը եւ անցկացմանը ամենաակտիվ կերպով մասնակցում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը։ Երեւի քչերը գիտեն, որ տոնակատարությունից երկու ամիս առաջ հրո ճարակ էր դարձել Դսեղի տուն- թանգարանը, բայց այն վերականգնվեց եւ միայն քչերն իմացան, թե ինչ է եղել… Ժողովրդական մեծ սիրո մասին վկայում էր այն իրողությունը, որ Դսեղում ողջ ճանապարհի երկայնքով ամեն մի տուն իր սեղանն էր բացել` հյուրերի եւ տոնախմբության համար, ուր բոլորը Մեծ բանաստեղծի ու հայ ժողովրդի կենացն էին խմում:

– Այդ օրերից 50 տարի է անցել եւ այսօր արդեն մեծ բանաստեղծի ծննդյան 150-ամյակն է, ի՞նչ զգացումներ ունեք Ձեր պապի ծննդյան օրը, մանավանդ, եթե այդ օրը հոբելյանական է լինում։

– Մեզ համար նշանակություն չունի՝ սովորական է, թե հոբելյանական։ Որտեղ էլ լինեն նրա ժառանգները, նշում են իրենց պապի ու մեծ պապի ծննդյան օրը: Նույնը անում ենք մեր սիրելի տատիկի՝ Օլգայի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 22-ին։ Ընտանիքի անդամների ծննդյան օրերը նշելու ավանդույթին սկիզբ է դրել Թումանյանը: Տոնական սեղանի շուրջը հավաքվում էր ողջ ընտանիքը։ Թումանյանի ծննդյան օրը ամեն տարի նշում է մեր ժողովուրդը՝ ուսումնական հաստատություններում, գրադարաններում, թագարաններում, Թբիլիսիում՝ Խոջիվանքում, որտեղ թաղված է նա, Դսեղում, ուր ծնվել է մեծ բանաստեղծը։ Ինչպես արդեն ասացի, նրա ծննդյան 100-ամյակը վերածվեց ժողովրդական մեծ ու անկրկնելի տոնախմբության։ Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդը 50 տարի, 100 ու 1000 տարի չի մոռանալու Թումանյանին, որովհետեւ նա ժողովրդի ծոցից դուրս եկած ու ժողովրդի սիրուն լիովին արժանացած եզակի բանաստեղծ է։

– Ի՞նչ եք կարծում՝ հենց փետրվարի 19-ից 2019-ը չպե՞տք է հռչակել թումանյանական տարի։

– Անկախ ծննդյան տարեթվերից ու հոբելյաններից, մեր ժողովուրդը բարձր է գնահատում իր ազգի մեծերին՝ տվյալ դեպքում Թումանյանին եւ ամեն տարին յուրովի թումանյանական է։ Բայց պետությունը գուցե հոբելյանական միջոցառումները օգտագործելով՝ պետք է օգնի սերունդներին, որ հնարավորինս նրանց մոտիկ լինի Թումանյանը՝ իր բազմաժանր ստեղծագործություններով՝ բանաստեղծությունից մինչեւ հրապարակախոսություն եւ ոչ միայն տպագիր, այլեւ էլեկտրոնային հնարավորություններով։ Թվում է, թե Թումանյանի ստեղծագործությունները լիովին հասկանալի ու ընկալելի են հանրությանը։ Բայց այդպես չէ։ Օրինակ, կուզենայի, որ մանավանդ այսօր մարդիկ կարդային Թումանյանի քննադատությունը, հրապարակախոսությունը, որտեղ երեւում է, թե ինչպիսի՜ մեծ մտածող է նա։ Ավելացնեմ, որ տպագրության է պատրաստվում՝ վերահրատարակության տեսքով «Թումանյանը՝ քննադատ» գիրքը՝ նոր հավելվածով։ Իհարկե, ցանկալի կլինի, որ 2019-ը Թումանյանական տարի հռչակվի՝ կոնկրետ ծրագրերով ու քայլերով։ Դա կօգնի, որ Ամենայն հայոց բանաստեղծն ավելի ու ավելի մոտիկ լինի մեր ժողովրդին։ Այս ընթացքում կարող են բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպվել։ Հենց հանրության նախաձեռնությամբ, օրինակ, այս էլ քանի տարի «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հոկտեմբերի սկզբին անց է կացնում «Թումանյանական օր»։ Նույն կազմակերպությունը Թումանյանին նվիրված նկարչական փառատոն է կազմակերպել 2018-ին։ Նման նախաձեռնություններ եղել են ու կլինեն հասարակության կողմից։ Բայց այստեղ իր ակտիվությունը պետք է ցուցաբերի նաեւ պետությունը։

– Վերջերս Դուք հրատարակեցիք «Օլգա Թումանյան» գիրքը։ Այդ գրքում ի՞նչ եք ցանկացել պատմել Ձեր տատիկի մասին։

– Նախ եւ առաջ այն, որ մեր պապիկի մահից հետո իր զավակներին համախմբեց մեր հրաշալի տատիկը՝ Օլգան։ Նա ձգտում էր շարունակել Թումանյանի կիսատ թողած շատ գործեր։ Ամենակարեւորը՝ տատիկին հաջողվեց Թումանյանի գրական ժառանգությունը տեղափոխել Հայաստան եւ աջակից լինել Երեւանի թանգարանի կառուցմանը։ Այնտեղ էլ նա սկսեց ապրել 1952 թվականից: Տատիկը մեզ հաճախ էր պատմում մեր պապիկի նպատակների մասին, որ նա երազում էր 100 թոռ ունենալ, իսկ ծերությունից հետո տուն Լոռիում՝ Մարց գետի ափին՝ Իգատակում, այնտեղ տեղափոխել գրքերը, ձեռագրերը ու շարունակել հա՜ գրել։ Նրա այս ցանկությունը իրականություն չդարձավ։ Շատ շուտ մահացավ: Ինչպես ինքն էր երազում՝ չթաղվեց իր հայրենի Դսեղ գյուղում՝ Դդի ուսին՝ գյուղի բարձրադիր մասում։

– Գիտենք, որ Ձեր գերդաստանը միշտ էլ կապված է եղել Դսեղի հետ։ Հիմա էլ այդ կապը Դսեղի տուն-թանգարանի՞ հետ է։

– Առիթը բաց չեմ թողնում համալրելու թանգարանը թումանյանական մասունքներով, որքան էլ դժվար է ինձ համար բաժանվել դրանցից։ Օրինակ, արդեն Դսեղի տուն-թանգարանում իր հաստատուն տեղն է գտել Թումանյանի մոր՝ Սոնայի սկուտեղը, Թումանյանի գրքի պահարանը՝ գնված եւ բերված Թիֆլիսից, պաղպաղակի պնակները, պապիկի ամառային խալաթը՝ գնված իր կողմից Կոստանդնուպոլսում, իմ մոր գորգը եւ կարի մեքենան՝ նվիրված տատիկի կողմից, կանաչ ջրամանը եւ այլն։ Թագարանին նվերներ են տվել Թումանյանի մյուս ժառանգները։ Մասնավորապես, Թումանյանի թոռնուհու՝ Անահիտի որդին՝ Հովիկը վերջերս Մոսկվայից, ուր ապրում է, երկու հին ծաղկաման Հայաստան բերեց, ինչպես նաեւ Սարյանի՝ Թումանյանի ճեպանկարը, Միգաջանյանի նկարը: Թումանյանը հավանում էր նրա նկարչությունը եւ ցանկանում նրան պատվիրել իր հեքիաթների ձեւավորումը։ Իսկ, թե ինչ պետք է որդուս՝ Ռուբենի հետ նվիրեմ աշնանը, երբ Հայաստան գանք, թող գաղտնիք մնա։

– Գոցե ավելորդ չէ հարցնել՝ այսօր որտե՞ղ են ապրում Թումանյանի ժառանգները։

– Ճակատագիրը մեզ ցրել է աշխարհով մեկ: Մերոնք ապրում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Եվրոպայում։ Այսօր երկու թոռներն են ապրում՝ ձեր խոնարհ ծառան՝ Իրմա Սաֆրազբեկյանը, ես Սեդայի դուստրն եմ եւ Արեգի դուստրը՝ Սուրման։ Մենք թոռներ ենք եւ 30-ի հասնող ծոռներ կան։ Ցավոք, 150 տարեկան գերդաստանը այնքան էլ մեծ չէ եւ ամենեւին մոտիկ չէ 100-ին, շատ հեռու մնալով Թումանյանի երազանքից։ Աշխարհի տարբեր վայրերում ապրող Թումանյանների ժառանգները, եթե գալիս են Վրաստան կամ Հայաստան, անպայման Դսեղում են լինում։ 9 տարի առաջ՝ Թումանյանի ծննդյան 140-ամյակի առթիվ բոլորը եկան Դսեղ, մասնակցեցին «Թումանյանական օրվան», եղան Դսեղի եւ Թբիլիսիի թումանյանական վայրերում ու հասցեներում, ուր նա գործել է ու ապրել։ Ուրախ եմ, Թբիլիսիի Թումանյանի վերջին տունը թումանյանական կենտրոն է դարձել՝ բարերարների, Վիրահայոց թեմի շնորհիվ: Պիտի նկատեմ, որ այս գործում ես էլ իմ ջանքն եմ թափել:

– Գիտենք նաեւ, որ վերջերս փոփոխություններ են կատարվել Դսեղի տուն-թանգարանում։

– Բարեբախտաբար` այո։ Տարիների ընթացքում տարրական անհարմարություններ են կուտակվել, որոնք չէին լուծվում։

Չուզենալով ներկայացնել դրանք մանրամասնորեն՝ ասենք, որ նախկին նախարար Արմեն Ամիրյանը, բարերարներ Աշոտ Տիգրանյանը, Դանիել Ղոնդախչյանը, Մանաս Պուչիկյանը, Հարություն Սիմոնյանը թանգարանին առնչվող բազմաթիվ փոքր ու մեծ խնդիրներ են լուծել: Անցած տարի նրանց միացավ Գագիկ Ծառուկյանը` նորոգելով խարխլված աստիճանները, առանձին սենյակներ, տանիքը, թանգարանի արտաքին տեսքը` իրականացնելով նաեւ տարածքի ձեւավորումը` տնկելով եզակի եղեւնիներ: Այսօր թանգարանն արժանապատիվ կերպով կընդունի հոբելյանի հյուրերին։

Միշտ թումանյանական խնդիրների կողքին են նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը եւ «Էդիթ պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանը։ Նրանք բազմազան միջոցառումներ են կազմակերպում, գրքեր հրատարակում: Իսկ տուն-թանգարանը իսկական թումանյանական օջախ է դարձել Դսեղում, որի դռները բոլորի առջեւ միշտ բաց է պահում տնօրեն Ռոզա Ղազումյանը՝ իր փոքրիկ աշխատակազմով։ Երեւի թե այսօր տեղին է խոսել նաեւ թանգարանի չլուծված մեկ հոգսի մասին: Այնտեղ վաղուց նեղվածք է, եւ թանգարանը կարիք ունի ընդարձակման: Դրա լուծման ուղին կա: Հարեւանությամբ է գտնվում Թումանյանների գերդաստանին պատկանած մի փոքրիկ տուն, որն այսօր այլ սեփականատեր ունի: Թանգարանի խնդիրները կլուծվեն, եթե պետությունը կամ որեւէ բարերար գնեն այն եւ հատկացնեն թանգարանին: Հուսով եմ, որ երկար տարիներ ձգձգվող այդ խնդրի լուծումը իրականություն կդառնա այս հոբելյանի առթիվ:

Իսկ հիմա բոլոր նրանց, ովքեր այցելում են Դսեղ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի առթիվ, ուզում եմ ասել. «Երանի ձեզ, որ մեր տանն եք….»: Ճիշտ էր Սարյանը, որ մեծերը «երջանիկ մարդիկ են, նրանք մահվան օր չունեն, որովհետեւ երախտագետ մարդկությունը հավերժորեն պահպանում է իր սրտում նրանց ծննդյան օրը»:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 

22.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728