«Իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը»,- գործնական քաղաքականության մեջ քանիցս իր իրավացիությունն ապացուցած լենինյան այս ձեւակերպումը Հայաստանի դեպքում միշտ գայթել է անհեթեթ իրականությանը։ Վերջին 24 տարիների ընթացքում միմյանց փոխարինող հայ քաղաքական ղեկավարները իշխանությունը բացահայտ բռնազավթել են հասարակությունից, ապա բռնազավթել են նաեւ պետությունը։ 1995թ. ի վեր Հայաստանում ո՛չ իշխանություն վերցնելն է դյուրին եղել, ո՛չ էլ այն պահպանելը, իսկ իշխանության բռնազավթման եւ պահպանման մեթոդներն ավելի ու ավելի բիրտ են դարձել։ Ո՛չ լեգիտիմության բացակայությունը, ո՛չ հանրության ատելությունը, ո՛չ պետության միջազգային հեղինակության անվերջ անկումը չեն խոչընդոտել, որ Հայաստանում իշխանության պահպանման օրենքը գործի վայրագաբար։
Ձախողված հայկական հեղափոխությունները Հայաստանում գոցել էին հասարակության՝ իշխանափոխության իրականացման հնարավորությունների դուռը։ 2018թ. ապրիլյան հեղափոխությունը, չնայած իր առեղծվածային բնույթին եւ կայծակնային արագությանը, հնարավորությունների դուռ բացեց Հայաստանի համար։ Եվ գործնական քաղաքականությամբ իր իրավացիությունն ապացուցած ձեւակերպումը՝ «Իշխանություն վերցնելն ավելի դյուրին է, քան այն պահպանելը», հետհեղափոխական Հայաստանի դեպքում եւս սկսեց աշխատել ժամացույցի ճշգրտությամբ։
Հետհեղափոխական Հայաստանում իշխանություն պահպանելը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Հակահեղափոխության բոլոր օջախները, որոնք միմյանց հետեւից փոշիանում էին Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրության մեծ վստահության պայմաններում, հեղափոխությունից մեկ տարի անց դարձյալ սկսեցին վերահավաքել հեղափոխության քամուց ցաքուցրիվ եղած ավազահատիկները։
Մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը փառահեղորեն մսխեցին հեղափոխությունը՝ փոշիացնելով հանրային սպասումներն ու ձգտումները։ Մեկ տարի շարունակ Փաշինյանը կարողացավ իշխանությունը պահպանել «սեւերի եւ սպիտակների» հակադրության խորացման, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հանրային խոր ատելության հետեւանքով։ Սակայն հանրային վստահությունը շագրենու կաշվի պես պակասում է, իշխանության պահպանման նոր տեխնոլոգիաները՝ հնանում։ Մանավանդ որ, հեղափոխությունից մեկ տարի անց անգամ Նիկոլին անվերապահորեն աջակցող հանրությունն արդյունքներ է պահանջում։ Հետհեղափոխական Հայաստանում հեղափոխական փոփոխություններ չիրականացվեցին մի կողմից այդ փոփոխությունների բովանդակության եւ ուղղության մասին պատկերացումների եւ ծրագրերի բացակայության, մյուս կողմից՝ ապաշնորհ կադրային քաղաքականության պատճառով։ Մեկ տարվա ընթացքում Հայաստանում հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, սահմանադրական, դատաիրավական փոփոխություններ այդպես էլ չիրականացվեցին, եւ այժմ այդ բացակա փոփոխությունները հակահեղափոխության մեծ ներուժ են պարունակում։ Հակահեղափոխությունը Հայաստանում դեռ չի հաղթել, սակայն անիշխանությունը հաղթում է հեղափոխության ձգտումներին։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը մսխել են ոչ միայն հեղափոխությունը, այլեւ իրենց տրված ժամանակը։ Իսկ ժամանակը թռչուն է, ինչպես իշխանությունը, որոնք մի օր անվերադարձ հեռանում են։
Նարինե Մկրտչյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: