Պետական կարիքների համար իր բնակության վայրից վտարված Նորայր Մկրտչյանը պնդում է՝ տարիներ առաջ Բուզանդի փողոցի իր բնակարանից վտարել են, որպես փոխհատուցում տան իրական արժեքին ոչ համարժեք գումար տրամադրել:
«Առավոտ»-ի հետ զրույցում Մկրտչյանն ասում է՝ անցյալ տարի դիմել է ՄԻԵԴ, սակայն եվրոպական դատարանը մինչեւ որոշում կայացնի, շատ տարիներ կանցնեն: Հեղափոխությունից հետո Մկրտչյանը հույս ունենալով, որ նոր իշխանությունները կարձագանքեն իր նամակներին եւ խնդրին լուծում կտան՝ դիմել է Երեւանի քաղաքապետարան, ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանին եւ Վահե Էնֆիաջյանին:
Պետական կարիքների համար, Մկրտչյանի ձեւակերպմամբ՝ կոռուպցիայի արդյունքում տուժած այս քաղաքացին դիմել է նաեւ նոր Հայաստանի արդարադատության նախարարությանը. «Նամակս ուղարկելուց հետո անցավ 6 ամիս, զանգեցի, որ պատասխանն իմանամ: Ասեցին՝ ճիշտ են արել ձեզ, որ հանել են, ինչ տվել են՝ տվել են, դա է գումարը: Լենա Նազարյանին ուղղած նամակիս պատասխանի համար էլ զանգեցի, ասացին՝ 200 հոգուց ավելի նամակ կա, չգիտենք՝ երբ կպատասխանենք: Քաղաքապետարանից էլ մեկ ասում են՝ այս պահին ձեր նամակն ենք քննարկում, մեկ ասում են՝ արդեն քննարկել ենք: Չգիտեմ, էլ որ դուռը թակեմ, ում դիմեմ»:
Մկրտչյանն այլ գերատեսչությունների հետ հույս չկապելով, ստիպված բաց նամակով դիմում է դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրում է՝ իրեն տրված փոխհատուցման տարբերությունը պետությունը վճարի, տարիներ առաջ իր բնակարանի 1 քմ-ի համար 390 դոլար են փոխհատուցել, մինչդեռ հետո այդ տարածքի մյուս բնակիչներին 1 քմ-ի համար 1000 դոլար են փոխհատուցել: Մկրտչյանը վստահեցնում է՝ ի վիճակի չէ երկար սպասել ՄԻԵԴ վճռին, տարիքը չի ներում:
Կարդացեք նաև
Վարչապետին ուղղված Նորայր Մկրտչյանի նամակն՝ ամբողջությամբ՝
«2004 թվականի հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից վավերացված Կառավարության N 909-9 որոշումը մեկ ակնթարթում փոխեց իմ եւ իմ ընտանիքի կյանքը՝ մեզ դարձնելով անօրինական գործողությունների թիրախ եւ սոցիալական անարդարության զոհ։ Չնայած իշխանափոխությանը, մենք մինչ օրս չենք կարողանում արդարացիորեն վերականգնել նախկին իշխանությունների կողմից ոտնահարված մեր իրավունքները։
Կառավարության N 909-9 որոշման համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանին թույլատրվել էր առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Ավանտ Տուր» ՍՊԸ-ի հետ։ «Ավանտ Տուր»-ին տրամադրվել էր Երեւանի գլխավոր պողոտայի՝ Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200,0 քմ հողամաս։ Երեւանի քաղաքապետի 2004 թվականի 1331-Ա որոշման մեջ կատարվել էր փոփոխություն, որի արդյունքում «Ավանտ Տուր»-ին փոխարինել էր մեկ այլ ՍՊԸ՝ «Վիզկոն» անունով։
Ես՝ Նորայր Մկրտչյանս եւ իմ ընտանիքը, համարվում էինք Բուզանդի փողոցում գտնվող 15 տան սեփականատերեր եւ բնակվում էինք այնտեղ մինչ այն պահը, երբ 2005 թվականին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը բավարարեց ՀՀ-ն ի դեմս «Վիզկոն» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ մեզ, եւ մեզ պատկանող Բուզանդի 15 հասցեում գտնվող 118.4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը վերցրեց մեզանից։ Հանուն պետության կարիքների մեզ վտարեցին մեր պապական տնից՝ վճարելով փոխհատուցման 46.350 դոլարին համարժեք դրամ։ Այստեղ ուշագրավ մի քանի դրվագ կա, որոնց վրա ուզում եմ հրավիրել ձեր ուշադրությունը։
Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածում նշվում է, որ սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա նախնական համարժեք փոխհատուցմամբ։ Անձի սեփականությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով կարող է օտարվել, իսկ նրա համաձայնության բացակայության դեպքում պետության կողմից սեփականության իրավունքը դադարեցվել՝ միայն կոնկրետ անշարժ գույքի վերաբերյալ օրենք ընդունելու միջոցով, որում կհիմնավորվի օտարման բացառիկ կարեւորությունն ու նշանակությունը եւ կնշվի, թե՝ օտարվող անշարժ գույքը հասարակության եւ պետության որ կարիքների բավարարմանն է ուղղվելու։ Սրանից հետեւություն, որ մեզ մեր տանից վտարելու դատական վճիռն ի սկզբանե անօրինական էր։
2012 թվականին «Հետք»-ին տված հարցազրույցում «Վիզկոն ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնը պատմել էր, որ «պետական կարիքների» անվան տակ բոլոր բնակիչներին սեփական տներից վտարելու համար դատարաններին կաշառել էր:
«Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրենին ուղղված մեր գրավոր հարցմանը, թե մեր բնակարանի հասցեում ինչ է կառուցվելու, վերջինս պատասխանել էր՝ կառուցապատման նախագծային աշխատանքները ընթացքի մեջ են եւ հնարավոր չէ հայտնել, թե ձեր կողմից նշված տարածքում ինչ է կառուցվելու»։ Այսինքն հստակ բացակայում էր այն հիմնավորումը, թե մեզանից վերցված սեփականությունը պետության ո՞ր կարիքներին էր ծառայելու։ Բացի այս, մեր տարածքի իրացման հարցով ՀՀ լիազորված անձ հանդիսացող «Վիզկոն» ՍՊԸ-ի պատվերով ՀՀ կողմից լիցենզավորված «Տոսպ» ՍՊԸ-ն մեր բնակարանի 1 քմ մակերեսի շուկայական արժեքը գնահատել էր ընդամենը 390 դոլար, որը ոչ օբյեկտիվ արժեք էր՝ հաշվի առնելով բնակարանի գտնվելու վայրը։ Այս ամենին գումարած, 2006 թվականին ՀՀ Սահմանադրական դատարանը քննելով Կառավարության կառուցապատման մասին ընդունած որոշումները համարել էր Սահմանադրության մի շարք նորմերին չհամապատասխանող՝ հակասահմանադրական։ Վերնոշյալ փաստերը վկայում են, որ մեր Բուզանդի 15 տունը պետությունը մեզանից ապօրինաբար խլել էր՝ վճարելով ոչ համարժեք, չնչին գումար։
Բարեբախտաբար, 2013 թվականին ՀՀ Կառավարությունը N 1333-Ա որոշմամբ հաստատել էր Երեւան քաղաքի Փ.Բուզանդի 13-21 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման ծրագիր, որում, ՀՀ-ն ի դեմս Կառավարության հրապարակավ հաստատել էր, այն իրողությունը, որ Երեւանի Բուզանդի նախկին 13-21 հասցեներում տեղակայված բնակելի տների, այդ թվում՝ մեր քանդված տան մեկ քառակուսի մետրի օբյեկտիվ արժեքն իրականում կազմել է 1000-1100 դոլար։ Այսինքն, մեզ փոխհատուցել էին կրկնակիից ավելի անգամ քիչ գումար։
Տարածքը տրվել է «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, պայմանով, որ այս ընկերությունը կատարի գույքային կորուստների փոխհատուցումները եւ այդ տարածքում կառուցել է բազմաբնակարանային համալիր։
Նույն իրավիճակում հայտնված մեր հարեւանները, որոնց տունը եւս գտնվում էր Բուզանդի փողոցում, համարժեք փոխհատուցում ստանալու նպատակով դիմել էր Եվրադատարան (տես՝ Աշոտ Պողոսյանն ու ուրիշը Հայաստանի դեմ)։ Եվրադատարանը բավարարել էր նրանց՝ համարժեք փոխհատուցում ստանալու հայցը։ ՄԻՊ գրասենյակը, որը տեղյակ էր մեր խնդրին եւ պաշտոնական գրագրություն էր սկսել Ֆինանսների նախարարության հետ, նշում է, որ Եվրադատարանի որոշումները պետք է ուղեցույց լինեն պետական ցանկացած մարմնի համար։ Սակայն, համարժեք փոխհատուցում ստանալու մեր հույսը մնում է օդում կախված, իսկ պետական կառույցները՝ «անսասան»։
Այս գործի վերաբերյալ բոլոր ուշագրավ դրվագները չեն մտահոգում թե՛ մեր դատական համակարգին, թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանություններին։ Մեզ մեր տան գումարին համարժեք փոխհատուցում (մեկ քմ-ի համար 1000-1100 դոլար՝ 390 դոլարի փոխարեն) չտալու թերեւս ամենակարեւոր հիմնավորում նրանք բերում են 2005 թվականին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը։ Վճիռ, որը Պավել Անդերսոնի խոստովանությամբ ի սկզբանե եղել էր կանխորոշված եւ կաշառված՝ հօգուտ կառավարության։
Նշեմ, որ այս տարածքում ապրող ինձ նման տուժված բնակիչները, որոնք դիմել են Եվրադատարան, ստացել են համարժեք` 1 քմ-ին՝ 1000 եվրո փոխհատուցում, մի մասը, ովքեր կնքել են պայմանագրեր, նույնպես ստացել են համարժեք փոխհատուցումներ՝ 1քմ-ին՝ 1100 դոլար` «ԴԻ ԸՆԴ ԷՅՋ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից։ Իմ դեպքը բացառիկ է, իմ սեփականաշնորման վկայականը գտնվում է ինձ մոտ, ես ոչ մի փոխհամաձայնության փաստաթուղթ չեմ ստորագրել, արդյունքում Բուզանդի 13-21 հասցեների բոլոր բնակիչները ստացել են համարժեք փոխհատուցումներ բացի ինձանից։
Այժմ իրավիճակ է փոխվել ես եւ իմ ընտանիքը ցանկանում ենք ապրել այն Հայաստանում, որտեղ իշխում է օրենքի գերակայությունը եւ առողջ բանականությունը»։
«Առավոտ» օրաթերթ
07.08.2018


















































