Ձեզ խաբեցին՝ հեղափոխություն արեցին, որ Դուք չանեք: Այո՛, Հայաստանի հպա՛րտ քաղաքացի, Հայաստանն արդեն վաղուց գերտերությունների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության լաբորատորիան է: Հասկանալու համար, թե ինչպես է առնչվում Սերժ Ազատիչի անցած ճանապարհը Վլադիմիր Վլադիմիրովիչին սպասվող և վերջինիս կողմից ծրագրած իրադարձությունների հետ, պետք է պատմական փոքրիկ էքսկուրս կատարել հայ-ռուսական նորագույն պատմության էջերով:
Նախ ինչպես Ս.Սարգսյանը, այնպես էլ Վ.Պուտինը անվտանգության մարմիններում աշխատանքի փորձառություն ունեն: Երկուսն էլ իրենց համար փոխարինողներ չեն աճեցրել, սպասողական վիճակում պահելով շատերին, քանի որ գիտեն՝ «օձը տաքացնողին է կծում»: Երկուսն էլ զրոյացրեցին իրենց նախագահական ժամկետները, մեկն ամբողջովին փոխելով Սահմանադրությունը և անցնելով պառլամենտական կառավարման կարգին, իսկ մյուսն ուղղակի պատրաստվում է փոփոխել և լրացնել այն: Նրանց երկուսին էլ ժողովուրդը չի սիրում, թեկուզ և ունեցել են քաղաքական հաջողություններ, սակայն դրանք զրոյացվել են իրենց վասալների և ազգականների անկշտության արդյունքում:
Հայաստանում իշխանափոխությունից առաջ որպես դեսանտ վարչապետի աթոռին իջեցվեց գործարար-չինովնիկ Կարեն Կարապետյանը, Ռուսաստանի կառավարությունն այժմ նույնպես ղեկավարում է գործարար-չինովնիկ Միշուստինը, երկուսն էլ հարստացել են պետական միջոցների հաշվին:
Առաջին հարցը, որ կցանկանայի տալ. ինչո՞ւ Ռուսաստանը չխառնվեց հայկական թավշյա հեղափոխությանը, չէ՞ր կարող, թե՞ չցանկացավ: Երկու ենթադրությունն էլ բացառված են: Իրականում Հայաստանն այն հուսալի սեպն է ռուսական հարավային սահմանների համար, որը թույլ չի տալիս փլվել ռուսական անկայուն և մուսուլմանական Կովկասին, քանի որ վերջիններս գենետիկորեն ձգտում են միանալ մուսուլմանական աշխարհին, սակայն նրանց կոկորդին կանգնած է գոյատևության համար մշտապես մարտնչող առաջին քրիստոնյա երկիրը, որին թեև հնարավոր է շրջանցել Ադրբեջանի տարածքի շնորհիվ, ինչին իհարկե մեծ ուրախությամբ կաջակցեր Թուրքիայի գիրկն ընկնելու մոլուցքով տառապող Ադրբեջանը, սակայն վերջինիս ձեռքերը նույնպես կապված են նախ մանր-մունր ցեղային խնդիրներով և ամենակարևորն, իհարկե, ազատագրված Արցախով, որը կարող էր ազատագրվել մինչև Բաքու, եթե չլիներ Ռուսաստանը, որը կանգնեցրեց հայերին և ստիպեց զինադադար կնքել արդեն իսկ կործանվող պետության հետ՝ փրկելով Ադրբեջանը փլուզումներից, ներքին պառակտումից և ոչնչացումից:
Կարդացեք նաև
Այժմ, երբ միջազգային ասպարեզում ամեն բան հասկանալի է, որ Արցախը Հայաստանի համար հանդիսանում է գոյատևման միակ երաշխիք, իսկ Ռուսաստանի համար իր հարավային սահմանների պահպանման և թուրքամետ Ադրբեջանին արկածախնդրություններից հեռու պահելու մտրակ, անցնենք հայկական ներքաղաքական իրադարձություններին՝ համադրելով այն այսօրվա ռուսական իրականության հետ և փորձենք հետևություններ անել: Մինչ այդ մեկընդմիշտ արձանագրելով, որ հայ-ռուսական բարեկամություն գոյություն չունի, հակառակ դեպքում ռուսը Բաքվին զենք չէր վաճառի: Այն ոչ այլ ինչ է, քան փոխշահավետ համագործակցություն, իհարկե իր մեջ ընդգրկելով մեր վասալի կարգավիճակը: Նույնը կլիներ նաև ԱՄՆ-ի դեպքում, դրանում որևէ մեկը մեղավոր չէ, դա գեոպոլիտիկայի կանոններն են: Ուստի պարզից էլ պարզ է, որ մեր երկրի իրականության մեջ գրեթե անհնարին է անտեսել Ռուսաստանի կամքը և հայկական թավշյա հեղափոխությունը որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունների հետ: Եթե առնչություն ունենար, մեր դեպքում էլ ռուսները կբամփեին Երևանի գլխին, ինչպես բամփեցին Սահակաշվիլու գլխին և տարան Հարավային Օսեթիան ու Աբխազիան:
Ահա և հիմնական պատճառը, որ եվրոպացիները և ԱՄՆ-ը մի փոքր ոգևորվեցին մեր հեղափոխությամբ, սակայն հասկացան և բավականին սառը արձագանքեցին, քանզի Հայաստանի թավիշը ծրագրված էր «Լուբյանկայի» սենյակներում, ուստի և ոչինչ բարձրաձայն չասացին, ուղղակի ֆինանսապես չաջակցեցին` հարվածելով հեղափոխականների գրպանին: Պատկերավոր ասած՝ հայերը Ռուսաստանի աջակցությամբ «գցեցին» Սորոսին, քիչ է նրա փողերը կերան, դեռ մի բան էլ ստիպեցին, որ ինքն իր դեմ խաղադրույք կատարի:
Այստեղ անհրաժեշտ է նախ քննարկել մինչհեղափոխական ներքին քաղաքական իրավիճակն ու Սերժ Սարգսյանին, ով երկու անգամ արդեն, մեղմ ասած լեգիտիմության բացակայության կասկածների ներքո, զբաղեցնում էր ՀՀ նախագահի աթոռը և, փոխելով Սահմանադրությունն ու նախագահական երկիրը վերածելով պառլամենտականի, կարծես թե պատրաստվում էր անվերջ ղեկավարել մեզ: Ինչո՞ւ կարծես թե, կհարցնեն շատերը ու թեև պատասխանը գոնե ինձ համար ակնհայտ է, այնուամենայնիվ պատասխանեմ: Ինչ պիտակներ էլ, որ փակցնեք Սերժ Ազատիչին, որևէ մեկը չի կարող հիմնավորել, որ նա անխելք մարդ է և այստեղ երկու կարծիք լինել չի կարող, ուստի, գտնվելով իշխանական բուրգի գագաթին, նա պարզ տեսնում էր և գիտակցում հասունացող վտանգը, թեև ցանկանում էր մնալ, սակայն հասկանում էր, որ եկել է այն պահը, ինչպես Լենինն էր ասում, «երբ վերևներն այլևս անկարող են առաջվա պես կառավարել, իսկ ներքևներն այլևս չեն ցանկանում առաջվա պես ապրել», ուստի չի կարող խուսափել հեղափոխությունից: Սակայն ես նաև կասկածում եմ, որ նա վաղուց արդեն հոգնել էր իր թիմակիցների և հարազատների անկշտությունից: Բացի այդ, Սերժ Ազատիչը՝ ԵԱՏՄ ծերակույտի միակ դիկտատոր գործիչը չի, ով հասկանում էր իր երկրում հեղափոխության հասունացման անխուսափելիությունը և Քադաֆիի, Սադդամ Հուսեյնի ու մյուս այլ դիկտատորների ճակատագիրը կիսելու հնարավորությունը: Այդ պատճառով Ն.Նազարբաևը գնաց մուսուլմանական երկրին բնորոշ փոփոխությունների` երկրի ղեկը ձևականորեն հանձնեց մեկ այլ անձի, բայց իշխանությունն իրեն պահեց` դեռ մի բան էլ «համեստորեն» մայրաքաղաքն անվանեց իր անվամբ, սակայն այս տարբերակը չէր կարող աշխատել Հայաստանում, թեև ՀՀԿ-ականները փորձում էին Ազատիչին որպես իրենց հայր ներկայացնելով այդ գաղափարը սերմանել նաև հայ ժողովրդի մեջ, սակայն ծաղրանքներից այն կողմ այս մոտեցումը որևէ աջակցություն չստացավ` նույնիսկ սեփական թիմի ներսում:
Մեր մեջ ակնհայտ են ասիական որոշակի ձևավորումները, բայց փառք Աստծո, այդ բացահայտ քծնանքի հետ դեռևս կուռքերի պաշտամունքն այդքան էլ խորը արմատներ չի տվել հասարակության մեջ: Ընդհակառակը՝ մեզ մոտ իհարկե քծնում են, սակայն դրանից հետո անպայման խաչում են, այնուհետև անձնական շահից դրդված որոշում պաշտել, թե ատել, համենայնդեպս մինչև չմեռնես չեն սիրի, նույնիսկ եթե արժանի ես:
Եվ այսպես, պարզից էլ պարզ է ինչու Սերժ Սարգսյանը ընտրեց իրեն մերժելու տարբերակը, բայց անհավատների համար ուսումնասիրենք նաև նրա կենսագրությունը, որն իհարկե անմիջական կապի մեջ է հեղափոխական տրամադրությունների հասունացման հետ: Անկախ Հայաստանի հիմնադրման ակունքներին մոտ կանգնած Արցախյան ազատամարտիկ, բարձրաստիճան պաշտոնյա` ԱԱԾ, ոստիկանության պետ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ և իհարկե երկու անգամ ՀՀ նախագահ դարձած մարդն ինչ ասես, որ չի տեսել: Նույնիսկ ԱԱԾ պետի կարգավիճակում հոկտեմբերի 27 թույլ տալով՝ նա կարողացավ ոտքի կանգնել: Այն, ինչ աշխարհի բոլոր երկրներում կարող էր կարիերայի վերջ դառնալ, Ազատիչի համար դարձավ ՀՀ նախագահ դառնալու հարթակ, ով ցատկելով մարտի մեկի միջով, բազմեց գահին և կարողացավ վերարտադրվել:
Ես քաղաքական կամ իրավաբանական գնահատականներ չեմ տալիս, թող դա որոշեն իրավապահները կամ պատմաբանները` հույսս ավելի շատ վերջիններիս վրա է: Դե սրան գումարեք նրա ընտանիքի ունեցվածքի, վասալների արք ու բարքի, պետական ռեկետի վերաբերյալ արդեն լեգենդներ դարձած պատմությունները, Ապրիլյան պատերազմը, որն էլ ավելի արագացրեց հեղափոխության ալիքը: Ցեղասպանություն տեսած, երկիր կորցրած ժողովուրդն այնուամենայնիվ դասեր քաղել է իր պատմությունից և անգամ մեկ թիզ հող կորցրած ղեկավարը շանսեր չունի պահպանելու իր աթոռը Հայաստանում և, դրա ուղիղ արձագանքը դարձավ «Սասնա Ծռերի» կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումն ու դրան հաջորդած Սարի Թաղի դեպքերը, ինչն ահազանգ էր Ազատիչի համար, որ վտանգը թակել է իր դուռը և Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի համար անկառավարելի հունով, իսկ մենք նորագույն պատմությունից տեղեկացված ենք, որ Արցախյան շարժումը, եթե չքանդեց, ապա կարևոր նշանակություն ունեցավ սովետական միության փլուզման հարցում, ուստի վտանգները գիտակցում և տեսնում էին նաև ռուսները:
Ինչ պետք է աներ այդ դեպքում Ս.Սարգսյանը կամ ինչ կարող էր նրան առաջարկել Ռուսաստանը: Տարբերակ առաջին՝ իշխանությունը հանձնել գործարարներին, որի դեպքում կգնար միայն ինքը, սակայն մոտեցող վտանգը չէր չեզոքանա, քանի որ ժողովուրդը բացասական էր տրամադրված ոչ միայն իր նկատմամբ, այլ կոնկրետ կեղեքիչների ցուցակ ուներ: Տարբերակ երկու՝ իշխանությունը վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, ով իհարկե մեծ հաճույքով կընդուներ այդ փոխանցումը, սակայն իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Ս.Սարգսյանը, ինչպես նաև Ռուսաստանում գիտակցում էին, որ ժողովուրդը Քոչարյանին նույնպես «չի սիրում» և դա կարագացներ սպասվող իրադարձությունները և, հաշվի առնելով վերջինիս կառավարման տարիներին տեղի ունեցած իրադարձությունները, արդյունքը կարող էր ավելի ցավալի լինել: Անվերջ ճնշել և զսպել անհնազանդ ժողովրդին հնարավոր չէր, մի օր էլ ամեն ինչ կպոռթկար և «ամբոխները խելագարված» Քոչարյանի հետ մեկտեղ կսրբեին նաև իրեն, ուստի, երբ բոլոր դեպքերում միևնույն արդյունքն ես ստանում, ավելի լավ է ինքդ հեղափոխությունն իրականացնես, քանի որ պլանավորածդ խաղը սեփական կանոններով քեզանից լավ որևէ մեկը խաղալ չի կարող:
Կարծում եմ այս հետևությունների ներքո էլ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով Ս.Սարգսյանին «դաբռո» տվեցին ՀՀ-ում իրականացնել «Թավշյա հեղափոխություն» օպերացիան: Նույն լեգիտիմության խնդիրներն այժմ ունի Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի պահապան հրեշտակը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը, ով նույնպես ծերացել է և իհարկե իր կողմից կերակրած քաղաքական շակալները թերևս դեռ վախենում են, սակայն միշտ պատրաստ են նրան հոշոտելու: Նա նույնպես ունի իր հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, Ապրիլյան պատերազմը:
Չեչնիան, Դաղստանը, Բեսլանը, Նորդ-Օստը, ԱՄՆ-ի սանկցիաները, Դամբասը, նույնիսկ այդքան հաջողված համարված Ղրիմը չարորակ ուռուցքի պես կանգնել են նրա քաղաքական շնչառության վրա և գրեթե խեղդել նրան, ուստի անհոգ ծերություն անցկացնելու համար նրան մնացել է մեկ տարբերակ և համոզված եմ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը ստիպված կանցնի «մերժիր Վովային» ճանապարհը, սակայն ինքն իր դեմ արշավը սկսելուց առաջ նա նախ պետք է լուծի իր գլխավոր վասալի` Կադիրովի հարցը, որպեսզի կրկին չմասնատվի իմպերիան՝ հասկանալով, որ գերտերությունները դանակներով կազմ-պատրաստ սպասում են հարմար պահի Ռուսաստանը վերջնականապես ծվատելու համար:
Եվ այստեղ է, որ մենք պետք է զգոն լինենք, մեր ամբողջ կարողությունները կենտրոնացնենք մեր բանակի վրա ու երբ «Մերժիր Պուտինին» օպերացիան սկսվի և ռուսը կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, Հայաստանն այդ ընթացքում խոցելի է դառնալու, իսկ պատմությունից մեզ հայտնի է, երբ Ռուսաստանը վերակառուցվում է, Հայաստանը տուժում է: Երջանիկ պատմական բացառություն էր Արցախի անկախությունը, որը հուսով եմ միակը չի լինի:
Բայց սա դեռ ապագայի գործոն է, առայժմ վերադառնանք գլխավոր հարցին, իսկ ինչու Սերժ Ազատիչը ընտրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այստեղ կարելի է միայն հետևություններ անել: Անձամբ ես կարծում եմ, որ իր դերն է կատարել վերջինիս բնական հմայքը և ամբոխին կառավարելու ունակությունը, այն, որ ընդդիմադիր դաշտում նա համագործակցում էր բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կարող էր միավորել նրանց ու խուսափել քաղաքական դաշտում փոքրիկ պայթյուններից, ինչն իհարկե ստացվեց և հայկական թավշյա, կառավարելի, չքնաղ հեղափոխության ներքո թաքցվեց աթոռափոխություն օպերացիան:
Բացի այդ պառլամենտական կառավարման անցնելու շեմին միայն Նիկոլն էր քայլում, մնացածը կամ սոռոսական էին, կամ թաքնվել էին, ուստի մնում էր նրա հետ ձեռք բերել փոխադարձ համաձայնություն, ինչն էլ տեղի ունեցավ: Եվ Հայաստանի իշխանությունն առաջին անգամ ուժ չկիրառեց սեփական ժողովրդի հանդեպ, թեև օդում կախված լուրերի համաձայն ուժայինները հստակ սպասում էին այդ հրամանին, սակայն հնչեց հանձնվելու հրամանը` «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» և անտեր մնացած զինվորներն այլ ելք չունեին, քան իրենց զենքը ցած դնել: Ու թեև Թավշյա հեղափոխությունը համարվում է անտերների հեղափոխություն, այսինքն՝ զերծ միջազգային միջամտությունից, իմ սուբյեկտիվ կարծիքով այն ռուսական զգոն հսկողության ներքո է իրականացվել, ուստի դա է պատճառը, որ ռուսամետ կուրսից շեղում չգրանցվեց, իսկ մերժված Սերժ Սարգսյանն ամիսներ շարունակ ապրելով կառավարական ամառանոցում Ն.Փաշինյանի հետ, բացատրեց նրան իրողությունը՝ հանձնելով կառավարման լծակները:
Եթե ցանկանում եք համոզվել այս ամենում, ապա հարցրեք Ձեզ՝ ինչպես պատահեց, որ Ռուսաստանը չխառնվեց, ուժ չկիրառվեց, խորհրդարանը, որը չուներ օրինական ճանապարհ լուծարվելու համար լուծարվեց, ոստիկանությունը ղեկավարեց ցույց ցրող Օսիպյանը, Սերժ Սարգսյանի կադրերի պետի որդին ղեկավարեց ԱԱԾ-ն, ընտրական հանձնաժողովը մնացել է նույն կազմով, երկրի գլխավոր դատախազը չի փոխվել, նախաքննական գրեթե բոլոր մարմինները ղեկավարվում են նախկինների տեղակալների կողմից, քաղաքական վճիռներ կայացրած դատավորները շարունակում են աշխատել, երկու տարի անց գրեթե որևէ էական բարեփոխումներ չեն իրականացվել և այսպես կարելի է անվերջ թվարկել:
Ժիրայր ՀԱԿՈԲՅԱՆ


















































