«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը
– Պարոն Շահվերդյան, արդեն պատերազմական գործողությունները 10 օրից ավելի շարունակվում են, միջազգային հանրությունը սկզբնական շրջանում բավական կրավորական կեցվածք էր դրսեւորել։ Միայն վերջին երկու օրերին է ռուսական շրջանակներից ակտիվություն նկատվում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զորահավաքի մասին կոչից էլ հասկանալի դարձավ, որ Հայաստանը միայնակ է մնացել իր խնդիրների հետ։ Ինչպե՞ս կգնահատեք այս ամբողջ իրավիճակը։
– Նախ, շատ սխալ է, որ մենք կարծում ենք, թե այս հարցը պետք է միջազգային հանրությունը լուծի։ Միջազգային հանրությունը կարող է ընդամենը կարծիք հայտնել, վերաբերմունք ցույց տալ, բայց կոնկրետ պրակտիկ քայլեր չի անի, որովհետեւ միջազգային հանրությունը շատ աբստրակտ եւ լայն հասկացություն է։ Անմիջապես միջամտել կարող են այն երկրները, որոնք կոնկրետ խնդիրներ եւ շահեր են հետապնդում այս տարածաշրջանում։ Մենք գիտենք, որ այդ երկրների ցանկն այդքան էլ մեծ չէ: Ամբողջ աշխարհն է ընդունում, որ Հարավային Կովկասն առաջին հերթին Ռուսաստանի եւ Թուրքիայի ազդեցության գոտին է, եւ հիմնական մրցակցությունը կարող է գնալ հենց Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Մյուս երկրներն այս խնդրին վերաբերվում են ավելի կրավորական, եւ եթե ասելու կամ անելու բան ունեն, ապա դա անում են անուղղակի։ Սա վերաբերում է ե՛ւ եվրոպական երկրներին, ե՛ւ Միացյալ Նահանգներին, ե՛ւ Չինաստանին: Անհրաժեշտության դեպքում, ակտիվություն կարող է ցուցաբերել Իրանը, ինչն արդեն հասկանալի է բոլորիս համար:
– Այսինքն՝ այս պատերազմը, այս կռիվը, վեճը կարելի՞ է դիտարկել որպես բացառապես Ռուսաստանի եւ Թուրքիայի վեճ:
Կարդացեք նաև
– Սկսած 1828 թվականից, իհարկե, մինչ այդ էլ, սեւծովյան ափերին բախումներ եղել են Օսմանյան կայսրության եւ Ռուսական կայսրության միջեւ, բայց 1828 թվականից սկսվեց առաջին ռուս-թուրքական պատերազմն Արեւմտյան Հայաստանի տարածքում, եւ դրանից հետո այս տարածաշրջանում պատերազմներ եղել են Օսմանյան կայսրության եւ Ռուսաստանի միջեւ: Ճիշտ է, վերջին 100 տարում նման բախում չի եղել:
– Շատ փորձագետների կարծիքով Արցախում այսօր առճակատվում են Արեւմուտքը՝ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը:
– Գաղտնիք չէ, որ, երբ Խորհրդային միությունը փլուզվեց, ԱՄՆ-ի ղեկավարությունը 90-ականների սկզբին հստակ ասել էր Ռուսաստանին, որ իրենք Հարավային Կովկասը դիտարկում են որպես Թուրքիայի ազդեցության գոտի եւ լավ կլինի, որ Ռուսաստանը չխառնվի այդտեղի հարցերին: Իհարկե, Ռուսաստանը դա չընդունեց եւ երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, պատերազմը, որում ես եղել եմ ռազմաքաղաքական մասնակիցների շրջանում, Ռուսաստանը՝ ի դեմս պաշտպանության նախարար Գրաչովի, բացահայտ օգնեց հայկական կողմին, որպեսզի հայերը պարտություն չկրեն: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանի պարտությունը կնշանակեր տարածաշրջանում Ռուսաստանի պարտություն: Տարածաշրջանի երկրները՝ Վրաստանը, Ադրբեջանը երբեք չեն կարող լինել Ռուսաստանի ռազմական դաշնակիցներ, միակ դաշնակիցը, որի վրա կարելի է հույս դնել՝ Հայաստանն է: Դրա համար էլ Հայաստանի պարտությունը նշանակում է Հարավային Կովկասում Ռուսաստանի պարտություն: Առ այսօր այս վերաբերմունքը կա: Բայց կա մի նրբություն. Ռուսաստանը ցանկանում է, որպեսզի Հայաստանն իր համար լինի կանխատեսելի եւ հուսալի դաշնակից: Սակայն, այս դեպքում հարց կա, թե Հայաստանում երբ, ինչ քաղաքական իշխանություն է ձեւավորվում: Ռուսները շատ ուշադիր են նայում այդ հարցին: Նրանք ասում են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը երբեք չեն նույնացնում հայկական իշխանության հետ եւ օգնում են հայ ժողովրդին ու Հայաստանին: Այսինքն, ենթատեքստով ուզում են հասկացնել, որ՝ որ պահին ի՞նչ իշխանություն էլ լինի, նրանք, միեւնույն է, կանգնելու են մեր կողքին: Բայց մենք սրանից պիտի հետեւություններ անենք:
– Դատելով Ռուսաստանի՝ այս օրերին դրսեւորած՝ կարո՞ղ եք արձանագրել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը Ռուսաստանին չի բավարարում, վստահություն չի ներշնչում: Ի դեպ, նախկին երկու տարիներին կարծես թե դրանում համոզվելու առիթներ ունեցանք:
– Ռուսները դա չեն էլ թաքցնում: Եթե ոչ իշխանությունների մակարդակով, գոնե փորձագետների մակարդակով, հաստատ բազմիցս հայտարարել են, որ Հայաստանում իշխանության է եկել արեւմտամետ, հակառուսական, ինչպես իրենք են ասում՝ սոռոսամետ ուժ: Այո, ռուսների համար ցանկալի չէ Հայաստանի ներկա իշխանությունը: Նրանք բացահայտ հայտարարում են, որ այս իշխանության գործունեության պայմաններում Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում վերջին երկու տարիներին բավականին թուլացել են: Բայց հիմա պատերազմ է: Կարծում եմ, որ թուրքերի կողմից Հայաստանի վրա հարձակվելիս՝ հաշվարկվել է նաեւ այն, որ հիմա Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում խնդիրներ կան: Գուցե Ռուսաստանն աջակցություն չցուցաբերի՞ Հայաստանին եւ իրենց գործն ավելի հեշտ կլինի: Բայց չեմ կարծում, որ այդպես է լինելու, որովհետեւ դա կլինի Ռուսաստանի պարտությունը, նրա շահերի հարց է:
– Ի՞նչ քայլ պիտի անենք մենք: Ի դեպ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ Ռուսաստանի շահերը սպասարկվում են Հայաստանի շահերի հաշվին:
– Ինքս մասնագիտությամբ պատմաբան եմ եւ շատ լավ գիտեմ պատմությունը: Մենք չենք սիրում ընդունել մեր սխալները, միշտ մեղադրում ենք ուրիշներին, իսկ մեր վրիպումների մասին գերադասում ենք լռել: Մեր ժողովուրդը հերոս է, եւ մենք երբեք հերոսաբար կռվող զինվորի խնդիր չենք ունեցել: Մենք մարտի դաշտում խնդիր չունենք, մենք ունենք քաղաքական տկարամտություն եւ ոչ ճիշտ հաշվարկներ ենք կատարում դիվանագիտության մեջ: Սրա արդյունքում էլ չենք կարողանում ճիշտ հարաբերություններ կառուցել ինչպես դաշնակիցների, այնպես էլ մրցակիցների հետ: Ուղիղ հարյոր տարի առաջ՝ 1920թ. սեպտեմբերին կար Հայաստանի առաջին Հանրապետություն, որն ուներ 65 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Թուրքիա-Հայաստան սահմանն անցնում էր Սարիղամիշով, Կարսը հայկական տարածքում էր: Թուրքական զորավար Կարաբեքիրն իր 20 հազար հրոսակներով անցավ հարձակման Հայաստանի դեմ եւ հայկական 40 հազարանոց բանակը որեւէ լուրջ դիմադրություն ցույց չտվեց: Բայց այն ժամանակ էլ խնդիրներն առաջացել էին Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ եւ հայկական քաղաքական միտքը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել միջազգային հարաբերություններում: Մենք այդ ժամանակ կրեցինք քաղաքական եւ դիվանագիտական պարտություն:
Յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր՝ այլ ոչ թե այլոց շահերով, սա բնական է, նորմալ է: Այլ հարց է, որ ռուսները կարողացել են իրենց շահերը ձեւակերպել, իսկ մենք այսօր չենք կարողանում ձեւակերպել մեր շահերը, ուր մնաց՝ պաշտպանել դրանք: Թող որեւէ մեկն ինձ ասի, թե ո՞րն է տվյալ պահին Հայաստանի պետական շահը, ի՞նչ խնդիրներ ենք դրել:
– Դուք ձեզ համար հստակեցրե՞լ եք՝ որո՞նք են Հայաստանի պետական շահերը եւ դրանցից ելնելով՝ ի՞նչ քայլեր պետք է անենք մենք հիմա:
– Որեւէ մեկը չի թաքցնում, որ տարածաշրջանում Հայաստանի միակ դաշնակիցը, որը կարող է իրական աջակցություն ցույց տալ՝ Ռուսաստանն է: Մնացածը կարող են բարոյական, քաղաքական, դիվանագիտական աջակցություն տալ, բայց այս պահին մենք ունենք ռազմատեխնիկական օգնության կարիք, մեզ պետք են կոնկրետ զինատեսակներ, որովհետեւ գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բանակն այսօր շատ ավելի լավ է զինված, քան հայկական բանակը: Նրանց տրամադրության տակ այսօր կա 30 սմերչ, որից 4-ը, ըստ մերոնց, խփել են, 12-14 ՏՈՍ հրանետներ, որոնք սարսափելի են, որոնցից մենք մի քանի հատ Ռուսաստանից ստացել ենք: Մենք նրանց զիջում ենք այն զինատեսակներով, որոնք պատերազմի ելքն են որոշելու: Այդ զինատեսակները մեզ կարող է տրամադրել միայն Ռուսաստանը, բայց ի՞նչ պայմաններով: Բնական է, հենց էնպես չեն նվիրելու: Նրանք Հայաստանի քաղաքական իշխանությանը չեն համարում վստահելի գործընկեր: Քանի որ քաղաքական իշխանություն փոխելը հեշտ չէ, առաջարկում եմ Հայաստանում կատարել լուրջ փոփոխություններ: Այսպես. Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք, ինչը նշանակում է, որ Հայաստանը կամ պատերազմի մեջ է, կամ դրա շեմին: Հետեւապես, մեզ մոտ պետք է կատարվի ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական եւ կազմակերպական ռեսուրսների մոբիլիզացիա: Սովորաբար, նման իրավիճակներում երկրում կառավարման ձեւ է փոխվում, օրինակ՝ Խորհրդային միությունում, կամ առաջին արցախյան պատերազմի ժամանակ, երբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, որը դարձավ հիմնական ղեկավարող ուժը: Կարծում եմ՝ հիմա անհապաղ պետք է նույնն անել:
– Ովքե՞ր պիտի ընդգրկվեն Կոմիտեում:
– Դա լուրջ խնդիր է եւ քննարկման առարկա է: Իշխանություններն այդ մասին քննարկում պետք է կազմակերպեն բոլոր քաղաքական ուժերի հետ: Քանի որ երկրի ճակատագրի համար հիմնական պատասխանատվությունը կրում են քաղաքական ուժերը, Նիկոլ Փաշինյանը՝ որպես ղեկավար, պետք է նախաձեռնի իմ նշածը՝ ներառելով նաեւ ռազմական գործիչների: Այդ Կոմիտեում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք լավագույնս տիրապետում են ռազմական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական գործին: Այստեղ պետք չէ առաջնորդվել զգացմունքներով եւ միջանձնային հարաբերություններով: Պետք է մոբիլիզացվեն նրանք, ովքեր իրենց կյանքով ցույց են տվել, որ կարողանում են կողմնորոշվել, խնդիրներ դնել եւ լուծել: Այդպիսով կունենանք քաղաքական իրավիճակ, որն ավելի ընդունելի կլինի մեր միակ, հիմնական դաշնակից Ռուսաստանի համար, քան այն, ինչ այսօր կա: Այսինքն, կմեղմվեն այն հակասությունները, որոնք այսօր գոյություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
Մենք պատրաստ ենք մասնակցել եւ ներդնել մեր բոլոր ջանքերը, որպեսզի հաղթենք այս պատերազմում, հակառակ դեպքում սա կլինի մեր վերջին պարտությունը, մենք այլեւս շարունակություն չենք ունենա:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հ. Գ. Հարցազրույցն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ վերջին փոփոխությունների մասին:
«Առավոտ» օրաթերթ
09.10.2020


















































