Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափ դառը իրողություններ

Նոյեմբեր 11,2020 11:30 Share

Հայ-թուրքական հերթական պատերազմը որքան հանկարծակի սկսվել էր, նույնքան հանկարծակի էլ ավարտվեց՝ արձանագրելով հայկական կողմի տեսակետից խիստ ցավալի ու դառը մի շարք իրողություններ։

Մենք պարտվեցինք բոլոր առումներով՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ քաղաքական։

Միջազգային քաղաքական մեծ առևտրում Ռուսաստանը դարձյալ օգտագործեց Հայաստանը որպես մանրադրամ. Թուրքիան զորքերը հանեց Սիրիայից, փոխարենը հասավ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»՝ ի հաշիվ Արցախի։ Եվ այդ գործարքը կատարվեց՝ հայերին զանգվածաբար կոտորելով ու աշխարհով մեկ նվաստացնելով։

Թուրքերը (ադրբեջանցիները) ամեն տեսակի պատերազմական հանցագործություններ կատարեցին և պատժվելու փոխարեն առատորեն վարձատրվեցին տարածքներով։

Պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ համաձայնագիրը ամեն առումով, անգամ ներքին տրամաբանական հակասությունների գնով Ադրբեջանի օգտին է և ի վնաս հայերի։ Դա փաստորեն Արցախի ոչնչացման դրակոնյան համաձայնագիր է։

Պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ համաձայնագիրը իբր ապահովում է հակամարտող կողմերի բոլոր փախստականների վերադարձը իրենց տներ։ Բայց ինչպե՞ս պիտի Հադրութի շրջանի բոլոր, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մի շարք բնակավայրեր վերադառնան տեղահանված հայերը, եթե այդ տարածքները չեն վերադարձվում Արցախին, այսինքն՝ մնում են խաղաղապահ ուժերի հսկողությունից դուրս։

Մեր բարեկամ երկրները, միջազգային հանրությունը, համաշխարհային ժողովրդավար ու մարդասեր ուժերը 43 օր շարունակ դիտում էին մեզ պարտադրված այս դաժան ու անմարդկային պատերազմը որպես հերթական մարտաֆիլմ՝ միայն երբեմն ախուվախ անելով կամ հաղթողին քաջալերելով։ Հրադադար հաստատելու վաղ փորձերը ոչ թե գործնական էին, այլ ձևական։ Բայց երբ թուրքերը հասան Ռուսաստանի կողմից իրենց արտոնված բնագծերին, հրադադար հաստատվեց կարծես մատի մեկ շարժումով։ Ակնհայտ է, որ ՌԴ ցանկության դեպքում դա կարող էր տեղի ունենալ պատերազմի անգամ առաջին օրը կամ գոնե այն բանից հետո, երբ հայկական կողմը խնդրեց խաղաղապահ ուժեր մտցնել բախման գոտի։ Դրա քաղաքական, մարդասիրական ու բարոյական բոլոր հիմքերը կային։ Երբ մարդիկ են կոտորվում, ցեղասպանություն է սկսվում, մի՞թե խաղաղության պարտադրումը պիտի կախված լինի պատերազմ սանձազերծողի, ցեղասպանի բարեհաճությունից։ Դա բնավ բարոյական չէ։ Բարոյական չէ նաև չճանաչված տարածքի նկատմամբ քմահաճ խտրականությունը։ Չճանաչված տարածքի բնակիչները մարդ չե՞ն, կյանքի իրավունք չունե՞ն։

Արցախի խնդրի վերաբերյալ պատմական ու իրավական ճշմարտությունը տեսնել չցանկացող և հայկական կողմին «օկուպանտ» համարող աշխարհի աչքի առջև բառիս բուն իմաստով կրկին օկուպանտի վերածվեց Ադրբեջանը՝ ծվատելով նույնիսկ ԼՂԻՄ-ի տարածքը։ Բայց դրա համար թուրքերին ոչ մի գերտերություն չի պատրաստվում անգամ հանդիմանելու։

Նոր ցեղասպանություններ կանխելու հայկական ջանքերը կարծես արդյունքներ չեն տալիս։ Տեսնես քանի՞ «Ավրորա» մրցույթ պիտի անցկացնենք, որ Թուրքիայի պես գիշատիչներին գերտերությունները ոչ թե սիրաշահեն, քծնեն ու ջանան իրենց կողմը քաշել, այլ պորտը տեղը դնեն։

Մենք՝ հայերս, ինչքան էլ կոչ էինք անում միասնության ու ազգային համախմբման, բայց չհաջողվեց զերծ մնալ ամենասարսափելի դավաճանություններից, մեջից հասցվող հարվածներից։ Պարզվում է՝ նախ մեր ներքին թուրքին պիտի հաղթենք, հետո միայն՝ արտաքին թուրքին։ Այս անգամ հակառակ կողմից սկսեցինք և պարտվեցինք։

Պատերազմի սպառնալիքով իշխանություն պահող և սպառազինության մրցավազքը Ադրբեջանին տանուլ տված նախկինները այժմ փորձում են հրահրված ծանր պատերազմում կրած պարտության «շնորհիվ» իշխանության վերադառնալ։ Մանավանդ որ նոր փողերի հոտ են առել։ Ի՜նչ երես ունեն, է՞…

Հովհաննես ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30