Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ջղաձիգ են, պետք է օգտվել իրադրությունից

Սեպտեմբեր 09,2021 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ:

Պաշտոնական Երեւանը կարող է ի շահ Հարավային Կովկասի խաղաղության, գործոն դառնալ՝ ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճի ֆոնին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւին: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները եւ այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարեւորությունը:

Նույն օրն ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարեւորությունը: «Նախարար Միրզոյանը հայկական կողմի աջակցությունն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համատեղ հայտարարություններին, որտեղ ընդգծված է հանրահայտ սկզբունքների եւ տարրերի հիման վրա հակամարտության տեւական եւ կայուն կարգավորման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է առաջնահերթ հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շուտափույթ եւ անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը», ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

Իգոր Խովաեւի հայաստանյան այցը, սակայն, այլ ուշագրավ քայլով նշանավորվեց: Նույն օրը Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վերջինս ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: «Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաեւ շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարեւորությունը: Խաղաղության եւ կայունության պահպանման գործում նախագահ Հարությունյանն առանձնահատուկ կարեւորել է տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը», ասվում է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրությունում:

Այն փաստը, որ ռուս նորանշանակ համանախագահը հանդիպեց Արցախի նախագահի հետ, սա վստահորեն կարելի է ասել, թե ինչ ապտակ է ադրբեջանական կողմին: Ի դեպ, վերջերս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում հարաբերական անդորրը խախտելու դեպքերի առիթով ռուսական խաղաղապահ առաքելությունը եւս շեշտում էր Լեռնային Ղարաբաղի զորամիավորումների գործոնը: Մի քանի առիթներով Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում արձանագրել էին, որ ադրբեջանական ԶՈՒ-ն հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի դիրքերի ուղղությամբ։ Մի քանի շաբաթ առաջ, օրինակ, ռուսական կողմն արձանագրել էր, որ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն արձանագրել էր կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում՝ «Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ»։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վերջին օրերի պահվածքը վկայում է այն մասին, որ Բաքվում լուրջ դժգոհություն կա ռուս խաղաղապահների ներկայությունից: Ադրբեջանում շարունակվում են քննարկումները լրացուցիչ իրավաբանական մեխանիզմների շուրջ, որոնք կապված են Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հետ։ Ադրբեջանցի քաղաքագետներն ու փորձագետները վերջին ամիսներին բազմիցս հայտարարել են, որ ռուս խաղաղապահներն իրավաբանական հիմքեր չունեն երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքներում գտնվելու համար։ Ենթատեքստն, ըստ ադրբեջանական դժգոհությունների, հետեւյալն է՝ «ԼՂ-ն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի մի մաս է, իսկ ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայումը կարիք ունի հավելյալ իրավական ձեւակերպումների»։

Ադրբեջանում եռացող մեկնաբանությունների ֆոնին պաշտոնական Բաքուն հարկ համարեց անդրադառնալ թեմային՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի մակարդակով: Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հետ, հայտնեց նա: BBC-ին տված հարցազրույցում Հաջիեւն ասել է. «Այդ առնչությամբ կողմերի միջեւ եղել են նախնական շփումներ, եւ որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»: Այնուհետեւ նա ընդգծել է, որ ռուս խաղաղապահների գործունեությունն ու գործողություններն իրականացվում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն, որը ստորագրել են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները:

Բաքուն, ակնհայտորեն, առիթ է փնտրում Ռուսաստանից դժգոհելու, Մոսկվային պահանջներ ներկայացնելու հարցում: Իհարկե, այս ամենը շատ լավ գիտակցում են Ռուսաստանում, որտեղ էլ երբեմն, փորձում են «բալանսավորված» խաղաղապահի դիրքերից հանդես գալ, ինչն էլ հայ հանրության շրջանում իր հերթին դժգոհությունների առիթ է դառնում, երբ ադրբեջանական այս ապօրինություններին ու սանձարձակություններին ի պատասխան Մոսկվայից մենք չենք լսում քննադատական անհրաժեշտ գնահատական:

Օրերս նաեւ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ այդ երկրի միասնական գնումների կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրն օգտագործելու համար: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաեւան հայտնել էր, որ այդ հարցի հետ կապված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անհապաղ բողոք է հայտնել ռուսական կողմին դիվանագիտական խողովակներով: «Հակառակ կողմին ի գիտություն է հասցվել, որ նման սխալ տեղեկությունը չի բխում երկու երկրների բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության ոգուց: Հակառակ կողմը, իր հերթին, նշել է, որ դա տեխնիկական սխալ է, եւ ընդգծել, որ համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն հեռացնելու համար, ինչպես նաեւ ապագայում այդպիսի հարցերում ավելի ուշադիր կլինեն»,- ասել էր Աբդուլլաեւան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում տարածաշրջան կայցելեն, սա եւս Բաքվին խիստ զայրացնող մի քայլ կլինի: Մի քանի ամիս շարունակ Բաքուն ամեն ինչ արել է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չշարունակվի: Սակայն արեւմտյան պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից կարեւորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեությունը եւ իրենց աջակցությունը հայտնում այդ ձեւաչափին:

Սա նշանակում է, որ արեւմտյան կառույցների, ԵՄ երկրների պաշտոնյաների մոտ կա ընկալում, որ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է հստակեցվի, հետեւաբար, Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքները պետք է ինտենսիվացնի, մշակի իր օրակարգը, ճանապարհային քարտեզը, ռազմավարությունն ու մարտավարությունը՝ ադրբեջանական մերժողականության պայմաններում: Պետք է պատրաստ լինել ցանկացած տարբերակի ու ընթացքի:

Օրերս Բաքուն բավական կոշտ հակադարձեց սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության օրվա առիթով Փաշինյանի շնորհավորական ուղերձին, որում նա ասել էր, որ Մինսկի գործընթացի արդյունքում պետք է վերջնական հստակեցում ստանա Արցախի կարգավիճակը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ «հիվանդ երեւակայության արդյունք» էր որակել Փաշինյանի նշյալ հայտարարությունը:

Արցախի կարգավիճակը պետք է ստանա վերջնական հստակեցման հնարավորություն, թեեւ այս պայմաններում բավական բարդ գործընթաց է, սակայն այն Հայաստանին ընձեռելու է մանեւրելու, ադրբեջանական կողմի հետ իրապես բանակցելու, ինչ-ինչ հարցերում համաձայնության գալու ու հակառակ կողմից զիջում պահանջելու հնարավորություն: Բայց հենց Արցախի կարգավիճակի հարցն է, որ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմին կրկին հնարավորություն է տալու ոտքի կանգնել:

44-օրյա պատերազմում հաղթած Ադրբեջանը, կարծես, ավելի շատ գործիքներ է ձեռք բերել, որպեսզի այս կամ այն քայլից չհրաժարվելու սպառնալիքի դիմաց՝ հայկական կողմից նոր զիջումներ ակնկալի ու ստանա: Հայկական կողմն էլ իր գործիքները պետք է ունենա:

Պարտությունները չպետք է շարունակական լինեն՝ թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ Հայաստան-Ադրբեջան սահմանային հարցերում:
Ռուսական կողմից Բաքվի դիրքորոշումն էլ իր հերթին լրացուցիչ գործոն է, որը պաշտոնական Երեւանը կարող է օգտագործել ի շահ Արցախի ու Հայաստանի անվտանգության ամրապնդման: Թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ հարեւաններ՝ Իրանի ու Վրաստանի հետ հավասարակշռված աշխատանքի դեպքում՝ հայկական կողմը կարող է ի շահ Հարավային Կովկասի խաղաղության, գործոն դառնալ՝ ադրբեջանական կողմի ապակառուցողական գործելաոճի ֆոնին: Այլ հարց է՝ թե պաշտոնական Երեւանը նման ցանկություն ունի՞, թե՞ ոչ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 08.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930