Սկիզբը՝ այստեղ:
«Դժվարին ժամանակներ են… բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ եւ իրական բարեկամ եւ գործընկեր Միացյալ Նահանգներում», Բլինքենի ուղերձը՝ Հայաստանին
Վաշինգտոնը երախտագիտություն հայտնեց խիզախության եւ ճկունության համար, որը Փաշինյանն ուՀայաստանը ցուցաբերում են
տեւական խաղաղության հասնելու գործընթացում:
ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հերթական նիստին մասնակցելու համար Միացյալ Նահանգներում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 2-ին Վաշինգտոնում ընդունեց Միրզոյանին: Բլինքենն ու Միրզոյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ»։ Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։
Կարդացեք նաև
Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։ «Սա շատ կարեւոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել եւ ամրապնդել մեր հարաբերությունները եւ փնտրել նոր հարթակներ համագործակցության եւ փոխգործակցության համար»,- նշեց ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին եւ նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը. «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը եւ երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության եւ ճկունության համար, որը վարչապետը եւ Հայաստանը ցուցաբերում են տեւական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած տեղեկատվության՝ պետքարտուղարը եւ արտգործնախարարը քննարկել են ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը։ Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի եւ նրա հարեւան երկրների միջեւ ընթացող երկխոսությունը։ Բլինքենը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախարարին Հայաստանի ցուցաբերած ճկունության համար եւ խրախուսել շարունակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների անցկացումը՝ ընդգծելով ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին կայուն խաղաղությանն ու բարգավաճմանը հասնելու հարցում, ներառյալ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ «Շատ առումներով այսօր դժվարին ժամանակներ են: Դրանք մարտահրավեր են նաեւ Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ եւ իրական բարեկամ եւ գործընկեր Միացյալ Նահանգներում»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումից հետո իր կարճ ելույթում:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության, Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարեւորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։ Հայկական կողմը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ «Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարեւորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարեւորվել է հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը», ասվում էր հաղորդագրությունում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ կարեւորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում: Միրզոյանը նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը, եւ պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագրի ստորագրումը։
Ավելի ուշ Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ հանդիպումը որակել է «շատ արդյունավետ»:
Պետքարտուղար Բլինքենն էլ իր հերթին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, «որոնք ամուր կերպով հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»։
Ինչ վերաբերում է Միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին, ապա այն հնարավորություն է ընձեռում կողմերին խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ հենվելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձեւաչափի ձեռքբերումների վրա, նշում է ԱՄՆ պետքարտուղարությունը։ Հուշագիրը միտված է բարելավելու կողմերի համագործակցությունն էներգետիկ անվտանգության ոլորտում եւ ամրապնդելու դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ:
Հասցեական քննադատություն
Վաշինգտոնից՝ Բաքվի ուղղությամբ
Միրզոյանի այցից առաջ՝ անցյալ շաբաթ, Բլինքենն անդրադարձել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Բաքվի ուղղությամբ հստակ եւ հասցեական որոշակի քննադատական սլաք էր ուղղել, Ադրբեջանին ներկայացնելով որպես իրավիճակն ապակայունացնող կողմ, նշելով, որ Միացյալ Նահանգները փորձում է կասեցնել Բաքվի՝ իրավիճակն ապակայունացնող միակողմանի գործողությունները։ Թե Բաքվի որ գործողությունները նկատի ունի, պետքարտուղար Բլինքենը չէր հստակեցրել։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հարցով վարչակազմի ջանքերի մասին՝ Բլինքենն ասել էր, որ «շատ ակտիվ եւ ուղղակի փոխգործակցում է» ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, հիշեցնելով անցած օրերին իր հեռախոսազրույցների մասին՝ Փաշինյանի, Ալիեւի եւ երկու երկրների արտգործնախարարների հետ։ «Մենք փորձում ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հարցով երկարատեւ քաղաքական կարգավորմանը եւ մշակում, առաջ ենք մղում վստահության ամրապնդման տարատեսակ միջոցներ», – նշել էր ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ առանց փակագծեր բացելու։ «Մենք փորձել ենք կասեցնել բոլոր միակողմանի գործողությունները, հատկապես՝ Ադրբեջանի կողմից, որոնք կարող էին լարել իրավիճակը։ Մի շարք ծրագրեր ունենք, որպեսզի օգնենք առաջ մղելու խաղաղ հեռանկարները», հավելել էր ԱՄՆ պետքարտուղարը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ հրավիրված էր պատասխանելու պետբյուջեի նախագծի շուրջ սենատորների հարցերին։
Հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Բլինքենին ուղղված իր հարցում նախ քննադատել էր ամերիկյան կառավարությանը Ադրբեջանին 1,4 միլիոն դոլար ավելի աջակցություն տրամադրելու համար, քան Հայաստանին, պնդելով, որ ինքն անձամբ չի պատրաստվում աջակցել այդ փաստաթղթին, որն ավելի շատ աջակցություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ներկայությունը վերացնել ցանկացող Բաքվի համար։ «Ես տեսնում եմ, թե ինչ են անում ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ փորձում են վերացնել այնտեղ ապրող հայերի ներկայությունը», – նկատել էր սենատոր Մենենդեսը՝ հիշեցնելով «Ազատությանն աջակցության ակտի» թիվ 907 լրացման մասին։ Հիշեցնենք, որ օրենսդրական այդ դրույթն ուժի մեջ է մտել Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, եւ այն ամերիկյան կառավարությանն արգելում է Ադրբեջանին ֆինանսական օժանդակություն տրամադրել, քանի դեռ Միացյալ Նահանգների նախագահն անձամբ չի համոզվել եւ չի զեկուցել Կոնգրեսին, որ Բաքուն ուժ չի կիրառում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ու գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար: Բանաձեւի պատճառով Ադրբեջանը տարիներ շարունակ Ամերիկայից օժանդակություն չէր ստանում, սակայն մեկ այլ լրամշակումից հետո աջակցության հնարավորությունը վերականգնվել է՝ ահաբեկչության դեմ պայքարի ու Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով, բացի այդ՝ դրանք որեւէ կերպ չպետք է խանգարեն Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին եւ չպետք է օգտագործվեն Հայաստանի դեմ:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը քննադատել էր ամերիկյան կառավարությանը՝ ինչպես Ադրբեջանին հատկացվող հսկայական աջակցության, այնպես էլ Բաքվի գործողությունների վերաբերյալ ոչ բավարար զեկույցների համար։ Ահա, ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարը խոստացել էր վերանայել Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվությունների գործընթացը, նաեւ հավաստիացրեց, որ Վաշինգտոնը փորձում է կանխել Բաքվի միակողմանի ապակայունացնող գործողությունները:
Հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի համաձայն՝ ամերիկյան կառավարության աջակցությունը Հայաստանին կկազմի 24 միլիոն դոլար, Ադրբեջանի համար 9,7 միլիոն դոլարի աջակցություն է առաջարկվում, սակայն այս գումարի մեջ չեն մտնում հատկացումները, որ Բաքուն ստանում է Պաշտպանության դեպարտամենտից: Ըստ վերջերս հրապարակված հաշվետվության՝ Ադրբեջանը վերջին տասնամյակում ավելի քան 164 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ից, սակայն այդ գումարի ազդեցության մասին Կոնգրեսին հաշվետվություն չի ներկայացվել, ինչպես պահանջում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը:
Այսպես, դեռ անցյալ շաբաթ ամերիկյան վարչակազմը արձանագրեց, որ Հայաստան-Ադրբեջան հարցերով Վաշինգտոնն ակտիվ զբաղվում է, եւ ավելին՝ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Երեւանի եւ Բաքվի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը, եւ որ Վաշինգտոնը փորձում է նպաստել եւ աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։
Արձանագրենք, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում դերակատարություն ստանձնած Մոսկվայից Ադրբեջանի ուղղությամբ հասցեական որեւէ ակնարկ չի հնչել ոչ 44-օրյա պատերազմի օրերին, ոչ էլ դրանից հետո, երբ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացնում, տարբեր տեսակի ու տարբեր մակարդակներով սպառնալիքներ են հնչեցնում:
Մոսկվայում նույնիսկ սկսել են Երեւանի ու Բաքվի միջեւ դիրքորոշումների տարբերություններ նկատել
Ուշագրավ է վերջին շրջանում Վաշինգտոնի ու Բրյուսելի ակտիվության ֆոնին Մոսկվայի ռեակցիան: 44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանական ստորաբաժանումները հայտնվեցին Հայաստանի տարածքում, իսկ պաշտոնական Երեւանը ամիսներ շարունակ շեշտում էր, որ Բաքվի գործողությունները խոչընդոտում են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ջանքերին ու լարվածության նվազեցմանը, Մոսկվան ոչ մի կերպ չէր նկատում, որ Երեւանի ու Բաքվի միջեւ «սկզբունքային տարբերություններ կան»: Սակայն անցյալ շաբաթ պարզվեց, որ Մոսկվան նման միտում է նկատել…
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք եւ շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի եւ Երեւանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը եւ խաղաղության պայմանագրի բանակցությունները։
Ինչպես նշել է Զախարովան, ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի եւ Հայաստանի` միմյանց ընդառաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով։ «Աջակցելով Երեւանին եւ Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով»,- հավելել է Զախարովան։ «Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում եւ կառուցողական արձագանք ստացել Երեւանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար», նկատել է նա, սակայն հարկ է համարել նաեւ արձանագրել՝ «Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»։
Այսինքն, պաշտոնական Մոսկվայի արձագանքից պետք է հասկանալ, որ Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հնարավոր հաշտեցման գործընթացը բացառապես Մոսկվայի հովանու ներքո հնարավոր դառնա, բնականաբար, ռուսական առաջարկների եւ մինչ այժմ Պուտինի ստորագրությամբ առկա փաստաթղթերի հիման վրա, որոնց հղում կատարելով՝ Ալիեւն ու Էրդողանը Հայաստանից Զանգեզուրի միջանցք են պահանջում՝ պաշտոնական Մոսկվայի լուռ համաձայնության պայմաններում:
Նկատենք, որ ապրիլի 29-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ ԱԳ նախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը, անդրադարձ կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանը: «Նախարար Միրզոյանը համաձայնություն է հայտնել մայիսի 13-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու ռուսական կողմի առաջարկին», ասվում էր հաղորդագրությունում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 04.05.2022



















































ու-ղերձ. երկվանկ բառ է, հոգնակին կլինի «ուղերձներ»:
Շնորհակալություն, վրիպակն ուղղված է