Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ՝ պարտված կարգավիճակով

Հունիս 06,2023 10:00 Share

Վարչապետ Փաշինյանի այցն Անկարա՝ Թուրքիայում ընտրություններում հաղթած Ռեջեբ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար, հասարակության ընդդիմադիր հատվածում բուռն բացասական արձագանք է առաջացրել:

Իսկապես, պետք է հիշել, որ խոսքն այն նույն Էրդողանի մասին է, որի երկիրն, ըստ էության, ղեկավարում էր Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ ժամանակակից հարձակողական զենքը ոչ միայն տրամադրվում էր թշնամուն, այլեւ կառավարվում էր թուրք զինվորականների կողմից, ըստ ամենայնի՝ հենց Թուրքիայի տարածքից:

Այսօր շատերն են հիշում նաեւ այն փաստը, որ դա Հայաստանի՝ ղեկավարի մակարդակով Թուրքիա կատարած առաջին այցը չէ: Հարեւան երկիր են այցելել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց նրանք Թուրքիայում էին որպես հաղթող կամ հաղթած երկրի նախագահներ: Մասնավորապես, 1993 թվականի ապրիլին, երբ ՀՀ առաջին նախագահը մասնակցում էր Թուրքիայի նախագահ Օզալի հուղարկավորությանը, Բերձորի եւ Քարվաճառի շրջանները մեր վերահսկողության տակ էին: Մնացած այցերը տեղի էին ունեցել 1994-ի մայիսից հետո:

Մինչդեռ Փաշինյանը պարտված երկրի ղեկավար է, որից հաղթող կողմը, այսինքն՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, պարտության դիմաց «ռազմավար» է պահանջում: Նաեւ վստահ եմ, որ թուրքական կողմը բարձրացրել է «Նեմեսիսի» արձանը ապամոնտաժելու հարցը: Արձանի տեղադրումը գուցեեւ վիճելի էր, բայց ապամոնտաժումը կլինի հերթական ազգային խայտառակությունը:

Այնուամենայնիվ, ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր կարծում են, որ այդ այցն ինքնին սխալ է: Նայած, թե ինչ օրակարգով էր այն տեղի ունենում եւ ինչպես էր Փաշինյանն արձագանքում դիմացինների պահանջներին: Ճշմարտությունը մեզ, միեւնույն է, պաշտոնապես ոչ ոք չի ասի:

Բայց իրականությունը պարզ կդառնա մոտակա օրերին կամ շաբաթներին: Փաշինյանի արձագանքը եւ Ադրբեջանի հետագա գործողությունների լկտիության մակարդակը ուղիղ համեմատականի մեջ են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930