Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Նազարյանը մեկ ամիս անց գնացել է Նիկոլ Փաշինյանի արած դիտողության հետքերով. պարզվել է՝ գծանշումը կրկին չի արվել

Հունիս 06,2023 13:28 Share

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին երեք տարիներին, միայն միջպետական ճանապարհներից գողացվել է 661 ճանապարհային նշան եւ 678 գծամետր արգելափակոց: Այս տվյալներն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Այս եւ այլ ուսումնասիրությունների արդյունքները հիմք են դարձել, որպեսզի կառավարությունը նախագիծ ներկայացնի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին:

Քրիստինե Ղալեչյան

Տրանսպորտային միջոցը, ենթակառուցվածքը, ազդանշանման միջոցը ապամոնտաժելը, փչացնելը, ինքնակամ տեղադրելը եւ այլն, օրենսդրական կարգավորում է ստացել 2006-ին, բայց դրանք արդեն բավական հնացած են: Ուստի, կառավարությունն առաջարկում է՝ եռապատկել այս իրավախախտումների համար նախատեսված տուգանքների չափը. այսինքն, գործող կարգավորմամբ՝նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկ, տուգանքը կփոխարինվի յոթանանասունհինգապատիկի, երեսնապատիկը՝ իննսունապատիկի, քառասնապատիկը՝ հարյուր քսանապատիկի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ առաջ քաշեց համայնքների պատասխանատվության հարցը, որոնք պետք է վերահսկողություն սահմանեն եւ ապահովեն ճանապարհային անվտանգության հարցերը: Նաեւ հետաքրքրվեց՝ իսկ ո՞վ պետք է պատասխան տա սխալ կարգավորված լուսացույցերի, քաղաքի կենտրոնում հսկա փոսերի եւ այլ խախտումների համար, որոնք նույնպես խոչընդոտում են թե հետիոտին, թե երթեւեկությունը:

Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ պատգամավորի նշած որոշ հարցեր կարգավորվում են տարբեր իրավական նորմերով, որոշների մասով էլ քննարկումների փուլում են եւ առաջիկայում կհայտարարեն նոր՝ խստացված կարգավորումների համար: Ասաց՝ կառավարության համար ուղենիշ են ճանապարհային անվտանգության խնդիրները, որի ռազմավարությունը մշակման փուլում է, պետք է գերակա լինեն՝ անկախ նրանից թե ի՞նչ սուբյեկտ է խախտում կատարած անձը:

Պատգամավորը դժգոհ մնաց, քանի որ իր հարցին հստակ պատասխան չստացավ՝ ե՞րբ են պատժվելու այն մարմինների ղեկավարները, որոնք պատասխանատու են, ասենք, ճանապարհի փոսերի վերացման, գծանշումների եւ այլնի համար: Ընդդիմադիր պատգամավորը վերջերս հետեւել է վարչապետի մի դիտողության՝ հենց գծանշումների հետ կապված, մեկ ամիս հետո գնացել եւ այդ տարածքն ուսումնասիրել է. գծանշումը կրկին արված չէ:

Կառավարության ներկայացուցիչը հակադարձեց՝ պայմանագրերը կան, գծանշման լայնածավալ աշխատանք է կատարվում, եթե պատգամավորը հստակ հասցեներ նշի, իրենք հետամուտ կլինեն: Ինչ վերաբերվում է Երեւանում փոսերին, ասաց, որ քաղաքապետարանն ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ է կատարում վերջին տարիներին, այդ շրջանակում փոսերի հարցերը կլուծվեն: Ինչ վերաբերվում է պատիժներին՝ համաձայն է, եթե կա իրավասու մարմնի անգործությունը, պետք է պատժվեն:

Քրիստինե Ղալեչյանն ասաց նաեւ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կրճատելու ռազմավարություն են որդեգրել՝ միանալով ՄԱԿ-ի տարբեր կոնվենցիաների եւ մինչեւ 2030 թվականը 50 տոկոսով պետք է կրճատվեն ճանապարհատրանսպորտային պատահարները:

Արմեն Խաչատրյան

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը համամիտ է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ՝ միայն տուգանքն ավելացնելով՝ խնդիրը չի լուծվելու, քանի որ վարչարարություն շատ քիչ է արվում: Առհասարակ, շատ հարցեր, մանավանդ ճանապարհային երթեւեկության սխեմաների մասով, որոնք թողնված են համայնքների իրավասությանը, պետք է կանոնակարգվեն եւ հաստատվեն պետական լիազոր մարմնի կողմից:

Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930