1978 թվականին Երեւանը զարդարված էր «Հավերժ միասին» («Навеки вместе») բովանդակության պաստառներով: Նշվում էր Արեւելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ մտնելու 150-ամյակը: Միջոցառումների շարքը, ֆիլմերը, կտավները, հաղորդումները, թեեւ վերեւից՝ Մոսկվայից, հրահանգավորված էին, բայց ներքին մեծ դիմադրություն չէին առաջացնում: Լսել եմ, իհարկե, նաեւ կարծիքներ, որ 1828 թվականին Ռուսական կայսրությունը գաղութացրեց Հայաստանը, բայց այդ կարծիքները գերակշռող չէին:
Այսօր, երբ մենք խորապես հիասթափված ենք Ռուսաստանի քաղաքականությունից, այդ երկրի կողմից՝ Արցախի հայաթափմանն ակնայտորեն նպաստելուց, նույն՝ 1828 թվականի իրադարձությունները պաշտոնապես, դպրոցական դասագրքի մակարդակով անվանվում են «բռնազավթում» (անեքսիա): Ճի՞շտ է արդյոք մեր այսօրվա իրավացի դժգոհությունից, ինչպես նաեւ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, կտրուկ վերախմբագրել անցյալը:
Ի՞նչ է նշանակում «բռնազավթում»: Որ հայերը շատ էին ուզում ապրել Երեւանյան խանի տիրապետության տակ, եւ, ի հեճուկս նրանց ցանկության, ռուսները տիրեցին այս տարածքի՞ն: Բայց փաստ է, որ ռուսական բանակի հետ կռվում էին նաեւ հայ կամավորները: Որ Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջեւ 1828 թվականին կային միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որոնք Ռուսաստանը խախտե՞լ է: Բայց 19-րդ դարի սկզբին նման սահմաններ չկային: Ինձ թվում է, նման պատմական դեպքերում պետք է խուսափել գնահատողական դատողություններից՝ «ազատագրում» կամ «բռնազավթում»: Միանգամայն տեղին է չեզոք «միացում» բառը:
Իհարկե, Մոսկվան հայերի եւ Հայաստանի նկատմամբ արել է շատ վատ բաներ՝ ոչ միայն 2020-23 թվականներին: Բայց փաստ է նաեւ, որ հենց ա՛յս տարծքում է, որ մենք 20-րդ դարում իրականացրել ենք պետականություն կառուցելու 3 փորձեր: Դրանք հաջող էին կամ անհաջող ո՛չ միայն ռուսների պատճառով:
Կարդացեք նաև
…1981 թվականին բացվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանը, որը զարդարված է մեր տաղանդաշատ արվեստագետ Ղուկաս Չուբարյանի հրաշալի հարթաքանդակով. հայ եւ ռուս աղջիկներն իրար աղուհաց ու խաղող են փոխանցում (լուսանկարում): Ես դեմ չեմ ժողովուրդների բարեկամությանը, առավել եւս՝ այդ հարթաքանդակին: Ես դեմ եմ պատմական իրադարձություններին միանշանակ գնահատականներ տալուն եւ, ըստ էության, պատմությունը «րոպեն մեկ» փոխելուն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































