Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 2020 թվականի թիվ 4602-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Վահե Խալաթյանը 2021 թվականի մայիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ առողջապահության նախարարության դեմ:
Նշեմ, որ Վահե Խալաթյանը 2002 թվականից 2009 թվականը աշխատել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում: 2009 թվականի փետրվարի 27-ից մինչեւ 2020թ. հոկտեմբերի 8-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2020թ. հոկտեմբերի 8-ի ԲԴԽ-59-Ո-Կ-15 որոշմամբ բավարարվել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասութան դատարանի դատավոր Վահե Խալաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եւ Վահե Խալաթյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել է:
Կարդացեք նաև
Դատարան ներկայացրած փաստարկներում, դատավորը հայտնել էր, որ դեռեւս 28.09.2020թ.-ին դիմել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին՝ խնդրելով միջնորդել լիազոր մամնին իր լիազորությունները դադարեցնելու համար՝ ելնելով առողջական վիճակից…
Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանն էր նախ գործն ընդունել վարույթ իր՝ 2021 թվականի մայիսի 17-ի որոշմամբ:
Նախնական դատական նիստը, որը նշանակվել էր 2022 թվականի մարտի 28-ին, չէր կայացել, քանի որ դատավորը ինքնաբացարկ էր հայտնել, նույն տարվա փետրվարի 14-ին: Ինքնաբացարկի որոշման մեջ դատավոր Ա.Ծատուրյանը նշել էր. «10.05.2021 թվականին, որպես նախագահող դատավոր, ինձ է մակագրվել Վահե Խալաթյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության` ՀՀ առողջապահության նախարարի՝ 25.12.2020թ. «Վահե Խալաթյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 4602-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի 25.02.2021թ.-ի եզրակացությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին (վարչական գործ՝ թիվ ՎԴ/5056/05/21), մինչդեռ հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականի հունվարից մինչեւ 2011 թվականի մայիս ամիսը ես եւ Վահե Խալաթյանն աշխատել ենք նույն նստավայրում՝ Էջմիածին քաղաքում գտնվող դատարանի շենքում՝ ես որպես ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր, Վահե Խալաթյանը՝ որպես ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այդ ժամանակահատվածում Վահե Խալաթյանի հետ ունեցել ենք լավ հարաբերություններ:
Բացի այդ, 20.01.2022 թվականին հայցվոր Վահե Խալաթյանի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել միջնորդություն՝ նախագահող դատավորին բացարկ հայտնելու մասին, որով մասնավորապես, հայտնել են հետեւյալը. «Մեր վստահորդ Վահե Խալաթյանը հաստատել է նշված փաստը առ այն, որ ինքը եւ նախագահող դատավոր Ա.Ծատուրյանն աշխատել են միեւնույն շենքում՝ ինքը որպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող դատավոր, Ա.Ծատուրյանը՝ որպես վարչական դատարանի դատավոր: Վահե Խալաթյանը հավելել է, որ ինքը եւ նախագահող դատավոր Ա.Ծատուրյանը բազմիցս միմյանց հանդիպել են աշխատավայրում եւ եղել են լավ գործընկերական հարաբերությունների մեջ, նաեւ՝ եթե հիշողությունը իրեն չի դավաճանում, մեկ ամիս շարունակ միասին են հաճախել աշխատավայր: Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Վահե Խալաթյանը գտնում է, որ Ա.Ծատուրյանը չպետք է քննի այս գործը, որպեսզի պատասխանողի եւ երրորդ անկողմնակալ դիտորդի մոտ կասկած չհարուցվի նախագահող դատավորի անկողմնակալության հետ կապված»:
Նման պայմաններում գտնում եմ, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ, որ ես՝ որպես նախագահող դատավոր, կարող եմ կանխակալ վերաբերմունք ունենալ սույն գործի նկատմամբ, ուստի գտնում եմ, որ բոլոր կասկածները փարատելու, դատավարության մասնակիցների մոտ դատավորի կանխակալության վերաբերյալ առաջացած ցանկացած կասկած ի սկզբանե բացառելու, ինչպես նաեւ գործի շրջանակներում ընդունվելիք դատական ակտերի կայունությունն ապահովելու համար պարտավոր եմ սույն՝ թիվ ՎԴ/5056/05/21 վարչական գործով հայտնել ինքնաբացարկ»:
Գործը 2022 թվականի մարտի 4-ին դատավոր Գրիգոր Առաքելյանի վարույթում էր: Նախնական դատական 4, դատաքննական 3 նիստից հետո այս տարվա հունվարի 31-ին նշանակվել էր վճռի հրապարակման օրը, իսկ տեղեկատվական համակարգում այն տեղադրվեց օրերս:
Դատարանը բավարարեց Վահե Խալաթյանի հայցը, ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ 25.12.2020թ. «Վահե Խալաթյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 4602-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի 25.02.2021թ. եզրակացությունը:
Ի դեպ, դատավորը չէր էլ թաքցրել, որ «Երկարամյա եւ գերլարված աշխատանքի արդյունքում ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ», մասնավորապես՝ խպիպ (զոբ), ներգանգային բարձր ճնշում, անտանելի գլխապտույտ… Ըստ հայցվորի՝ «Մասնագիտական հանձնաժողովը համապարփակ եւ պատշաճ հետազոտություն չի իրականացրել, իր ոչ բոլոր հիվանդություններն ու ախտորոշումներն են հանձնաժողովի հետազոտման առարկա դարձել, ինչի հետեւանքով հանձնաժողովը հանգել է սխալ եզրակացության: Հանձնաժողովի նշված եզրակացության պատճառով հայցվորը զրկվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կենսաթոշակի իրավունքից եւ սոցիալական երաշխիքներից»: Հետեւաբար, ըստ դատավորի ներկայացուցիչների, ՀՀ առողջապության նախարարի թիվ 4602-Ա հրամանով հաստատված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ չի իրականացվել ՀՀ կառավարության 30.05.2019թ.-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձեւը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների եւ հիվանդությունների բացակայության մասին տեղեկանք տրամադրելու կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 685-Ն որոշման մեջ առկա ցանկի II-րդ գլխով սահմանված բոլոր հիվանդությունների հետազոտություն: Հետեւաբար, նշված եզրակացությունը՝ որպես վարչական ակտ, հիմնավորված չէ»: Պատասխանող նախարարությունը դեմ էր այդ հայցապահանջին, մասնավորապես նրա առարկություններում ասվել էր. «Անհիմն է հայցվորի այն պնդումը, որ Վ. Խալաթյանի առողջական վիճակի գնահատման նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը միայն հիմնվում է բժիշկ-հոգեբույժի կողմից տրված եզրակացության հիման վրա: Եզրակացության ուսումնասիրությունից հստակ երեւում է, որ բացի բժիշկ-հոգեբույժի կողմից տրված ախտորոշումից, եզրակացության հիմքում դրվել են նաեւ Վ. Խալաթյանի կողմից իր առողջական վիճակի վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը:
Անհիմն է հայցվորի այն պնդումները, որ հանձնաժողովում ընդգծված չեն եղել համապատասխան մասնագետներ, քանի որ համապատասխան մասնագետները ընդգրկվել են՝ ըստ հայցվորի կողմից դիմումում նշված հիվանդությունների»:
Այս գործով դատարան հրավիրված մասնագետներից մեկը՝ վկան հայտնել էր, թե գերհոգնածության, քնի խանգարման հետեւանքով առաջացած հիվանդությունը «առանձին տեսակի հիվանդություն է եւ առկա չէ կառավարության կողմից սահմանված ցանկում»: Կարճ ասած՝ «դատավորի հիվանդություն»:
Դատարանը հիմնավոր համարեց նախկին գործընկերոջ փաստարկները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.03.2025


















































