Այս տարվա հունիսի 1-ից նախատեսվում է, որ «Մասրիկ-1»-ը՝ Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, կսկսի վերականգնվող էներգիայի արտադրությունը:
ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչև 2040թ. ռազմավարական ծրագրով նախատեսված է վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ 2030թ., ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, հասցնել 50%-ի, իսկ մինչև 2040թ.՝ 60%-ի։
Նշենք, որ օրերս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Էներգետիկայի կարգավորողների Եվրոպական խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր աշխատաժողով՝ «ԵՄ-ն հանուն էներգետիկայի» ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովի ժամանակ Ավստրիայի էլեկտրաէներգիայի և գազի անկախ վերահսկող և կարգավորող մարմնի՝ «E-Control»-ի սակագների վարչության պատասխանատու Կարին Էմբերգերն ընդգծեց, որ Ավստրիայում 2024թ. վերականգնվող էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է արտադրված էլեկտրական էներգիայի մասնաբաժնի 80 տոկոսը և մտադրություն կա մինչև 2030թ. այդ ցուցանիշը հասցնել 100 տոկոսի: Նա նաև նշել է, որ թեպետ Ավստրիան չունի ատոմային էլեկտրակայան, բայց արտադրված էներգիան ոչ միայն բավարարում է երկրի սպառողներին, այլ արտահանվում է:
ՏԿԵ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ՀՀ-ում քանի՞ տոկոս վերականգնվող էներգիայի արտադրության դեպքում է հնարավոր դադարեցնել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի աշխատանքը, ինչին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ էներգետիկ բնագավառի գործող ռազմավարության պարագայում՝ ոչ մի դեպքում նախատեսված չէ և հնարավոր չէ դադարեցնել ատոմակայանի աշխատանքը:
Կարդացեք նաև
«Համեմատել վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ արտադրված էլեկտրաէներգիան ատոմակայանի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի հետ ճիշտ չէ, քանի որ ատոմային էլեկտրակայանը հանդիսանում է էներգահամակարգի բազային հզորություն: Միաժամանակ գործող ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը, իսկ դրա ավարտից հետո՝ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումն ամրագրված են ՀՀ էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ զարգացման ծրագրի (մինչև 2040թ.) փաստաթղթով»,-ասված է պատասխանում:
Նշենք, որ դեռևս 2024թ. սեպտեմբերին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ ռազմավարական որոշում են կայացրել, որ Հայաստանը պետք է փոքր տիպի մոդուլյար ատոմակայան ունենա:
«Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում, եթե վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն` տեղային նշանակության վթար է լինում, որը միջավայրին չի սպառնում։ Սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։
Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության՝ Հայաստանում 2022թ. վերականգնվող էներգիայի արտադրության մասնաբաժինը՝ ներառյալ մեծ ՀԷԿ-երը և վերականգնվող էներգետիկ ռեսուրսներով փոքր կայանները, էլեկտրական էներգիայի համախառն վերջնական սպառման մեջ կազմել է 25.4 %, 2023թ.՝ 27 %, 2024թ.՝ 32,7%:
Նախարարությունից նշել են նաև, որ վերջին երեք տարիներին Հայաստանում ավելացել է էներգիայի սպառումը. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարված և շուկայի ազատականացված հատվածի սպառողներին բաշխված էլեկտրաէներգիան 2022թ. կազմել է 6406 մլն ԿՎտԺ, 2023թ.՝ 6496 մլն ԿՎտԺ, 2024թ՝. 6812 մլն ԿՎտԺ»:
ՏԿԵՆ-ից հիշատակել են, որ մինչև 2030թ. կկառուցվեն 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները, ինչպես նաև նշել են, որ «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի 55ՄՎտ պիկային հզորության արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքները ներկայումս ամբողջովին ավարտված են և կայանը միացված է ցանցին՝ փորձնական-կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ «Մասրիկ-1»-ը Հայաստանում ամենամեծ արևային կայանն է, և այն կառուցելու համար դեռևս 2017թ. էր միջազգային մրցույթ հայտարարվել, իսկ կայանի կառուցման համար նախատեսված տարածքի օտարման որոշումը կայացվեց 2019թ.: Կայանի կառուցման ժամանակահատվածը մի քանի անգամ երկարաձգվել է՝ պայմանավորված նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ իրականացրած ագրեսիայով:
ՏԿԵՆ-ից ընդգծել են, որ 2025թ. փետրվարին ՀԾԿՀ որոշմամբ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ժամանակահատվածը երկարաձգվել է մինչև 2025թ. հունիսի 1-ը, քանի որ կառուցապատողի կողմից իրականացվում է փաստաթղթավորման գործընթացը: Այսինքն՝ նախատեսվում է վերականգնվող էներգիայի արտադրությունը սկսել այս տարվա հունիսի 1-ից:
Նախարարությունից անդրադառնալով վերականգնվող էներգիայի արտադրության մասնաբաժնի մեծացմանը, նշել են նաև, որ նախատեսվում է, որ 2030-2040 թթ. կկառուցվեն 500ՄՎտ հզորության արևային կայաններ՝ ըստ անհրաժեշտության համակցելով կուտակիչ կայանների հետ, ինչպես նաև ընդհանուր մինչև 500ՄՎտ հզորության փոքր և համակարգային նշանակության հողմային կայաններ՝ դրանցից առաքվող էլեկտրաէներգիայի գների մրցակցային լինելու դեպքում:
Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


















































