Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատվության մարտ, որը տվեցին՝ ինչպես երբևէ. «Ապառաժ»

Մայիս 07,2025 15:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում անհրաժեշտություն էր առաջացել նոր ձևավորված սահմանների ապահովման համար ստեղծել աշխարհազորային ստորաբաժանումներ։ 2021-ին ձևավորվեց Ասկերանի բրիգադը, որի կազմում, բացի 3 կանոնավոր գումարտակից, գործում էին նաև 2 աշխարհազորային գումարտակ և մեկ աշխարհազորային վաշտ։ Վաշտի հրամանատարն արցախյան պատերազմների մասնակից Սեյրան Ավագիմյանն էր։ Նրան էր վերապահված 414 մարտական դիրքի և նրա մոտակա տարածքի պաշտպանությունը։

2023-ի սեպտեմբերի 19-ին այդ դիրքում զոհվել են 2 հոգի՝ Վրեժ Ստեփանյանը և Ռազմիկ Խաչատրյանը։

Վիրավորվել են 3 աշխարհազորային՝ Արմեն Գաբրիելյանը, Վահան Բեգլարյանը, Արթուր Հովսեփյանը։

414 մարտական դիրքը հնարավոր է եղել պահել ընդամենը մի քանի ժամ։ Անձնակազմը նահանջել է և դիրքավորվել հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու համար։

Վաշտի հրամանատար Սեյրան Ավագիմյանը պատմում է.

-Ասկերանի մարզադաշտի սենյակներից մեկը, որպես զորանոց, ծառայում էր աշխարհազորի վաշտին, որի կազմում ընդգրկված էին ավելի քան 55 աշխարհազորային։ Այդտեղից էլ կազմակերպվում էր հերթափոխը։ 7 օրը մեկ տղաները փոխարինում էին իրար։ 10 հոգանոց դիրքապահները մարտական հերթապահություն էին իրականացնում։ Տղաների համար արժանապատվության հարց էր պաշտպանել հարազատ քաղաքի ու մոտակա տարածքի անդորրը։ 2020-ից մինչև 2023-ի սեպտեմբերը թշնամին հաճախակի էր ոտնձգություն անում մեր դիրքերի ուղղությամբ, տղաները, սակայն, արժանվույն հակահարված էին տալիս։ Եթե թշնամուն հաջողվեր գրավել 414 դիրքը, ապա Ասկերանը լրիվությամբ կհայտնվեր վտանգի տակ։

Սեպտեմբերի 19-ին դիրքի ավագը Արմեն Գաբրիելյանն էր․ նա մասնակցել է նաև Արցախյան մյուս պատերազմներին։ Հրետակոծություններն սկսելուց անմիջապես հետո բոլորս շտապեցինք դեպի առաջնագիծ՝ նախ հավաքվելով մեր շտաբում։ Երբ տեղ հասանք, արդեն տղաներից 2-ը վիրավորել էին։ Բարեբախտաբար ՊԲ շտապօգնության մեքենան շուտ օգնության հասավ։ Հենց այդ պահին ես 4 հոգով մոտենում եմ դիրքին և տեղավորվում հարակից տարածքում, որովհետև հնարավոր չէր մտնել դիրքը։ Թշնամու ականանետն անընդհատ հարվածում էր և լսվում էր մեր գնդացրի ձայնը։ Քիչ անց լռում է մեր գնդացիրը, ու մենք հասկանում ենք, որ գնդացրորդը զոհվեց։ Տղաները 10 հոգով երկար դիմադրում էին, քաջաբար կռվում։ Ասկերանի գնդի հրետանին մեզ հետ միասին պայքարում էր։ Ցավոք, զոհեր ու վիրավորներ տվեցինք, իսկ օրեր հետո սկսվեց Արցախի հայաթափումը։ Ամեն ինչ զրոյացավ, մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված մեր թանկ հողը․․․

Դիրքի ավագ Արմեն Գաբրիելյանը պատմում է այդ օրվա իրադարձությունների մասին։ Ասում է՝ ճակատագրի բերումով են ողջ մնացել.

-10 հոգի էինք։ Հանկարծ տեսա, որ մոտ 15 ադրբեջանցիներ ներքևից պատրաստվում են մտնել մեր դիրքը։ Անմիջապես Ռազմիկին հրահանգեցի գնդացիրը կապել նրանց վրա։ Առանց խուճապի մատնվելու նա գործի է անցավ։ Միաժամանակ երկուսով սկսեցինք նռնակներ նետել դեպի թշնամին։ Քիչ հետո թշնամին խփում է մեր ուղղությամբ, ու ես տեսնում եմ, թե ինչպես է Ռազմիկը գլուխը դնում գնդացրի վրա․ հասկանում եմ, որ նա զոհվեց։ Ինքս էլ վիրավորվեցի մեջքից ու զգացի, որ մարմինս խոցվեց բեկորներից։ Չէի պատկերացնում, որ ողջ կմնամ։ Հավաքելով բոլոր ուժերս՝ կապ հաստատեցի Սեյրանի հետ։ Նա պատասխանեց, որ արդեն հասնում են։ Գիտակցում էի, որ այլևս չենք կարող պահել դիրքը։ Դիրքից մոտ 25 մետր հեռավորության վրա օգնության հասած տղաները սկսում են կրակել ադրբեջանցիների վրա։ Փորձում եմ գլորվելով իջնել և նորից եմ վիրավորվում, այս անգամ՝ գնդակային։ Սակայն ինքնաձիգը բաց չեմ թողնում, թեկուզ ձեռքս գրեթե չէր աշխատում։ Մի կերպ հասնում եմ տղաներին։ Սեյրանն ասում է՝ դու մի կերպ դուրս արի, ես կշարունակեմ խփել ու շեղել թշնամուն։ Եթե տղաները օգնության չհասնեին, ապա մենք ողջ չէինք մնա․․․

Մանվել Թավադյանն այդ օրվա մասին մեծ ցավով է խոսում․ նրա աչքի առաջ են զոհվել տղաները։ Նա չի կարողանում զսպել իր ապրումները.

-Այդ պահին խրամատում էի՝ հանգստի ժամս էր։ Ձայները լսելուն պես վեր թռա ու գնացի դեպի դիրքը։ Վահանն ու Արթուրը վիրավորվել էին արդեն։ Նրանց օգնեցի, որ տանեմ մինչև շտապօգնության մեքենան, սակայն չկարողացա հասցնել մինչև վերջ, որովհետև վտանգավոր էր, ու չէի կարող երևալ․ անընդհատ խփում էին։ Կես ճանապարհին Վահանին, ում վիճակն ավելի վատ էր, ասացի՝ մի կերպ հասեք, ու նրանք սողալով դուրս եկան։ Հետ եկա ու մտա խրամատը։ Նայեցի՝ տեսնեմ թշնամու զորքը գալիս է դեպի մեզ։ Ռազմիկը զոհվել էր, Արմենն էլ վիրավորվել էր արդեն։ Թշնամին մի 30 մետրի վրա էր գտնվում և ուր որ է մտնելու էր մեր դիրքը։ Արմենը փորձում էր սողեսող դուրս գալ․ հաջողվում է։ Սեյրանը տղաների հետ արդեն օգնության էր հասել, և անընդհատ խփում էին թշնամու ուղղությամբ։ Ես դիրքի աջ մասում էի գտնվում։ Համոզվելով, որ բոլորը դուրս են եկել՝ նույնպես դուրս եկա։ Տղաներից՝ Ասլանը և Դավիթը դիրքի վերևի բարձունքում էին, որտեղից դիտարկում էին թշնամուն։ Մյուս դիրքապահները ձախ մասում էին․ կարողացան անվտանգ դուրս գալ դիրքից։ Մենք ստիպված էինք նահանջել, քանի որ ուժերն անհավասար էին։ Մնալով այնտեղ՝ բոլորս կզոհվեինք։ Հետո գնացինք մեր շտաբը, որտեղ հավաքվել էին բոլոր աշխարհազորայինները ու սպասում էին հրահանգի, սակայն ամեն ինչ այլևս անիմաստ էր․․․ Տղաներին եմ ափսոսում․ իմ աչքի առաջ զոհվեցին։ Վրեժը բազմազավակ հայր էր, առաջին անգամ էր դիրք եկել, իսկ Ռազմիկը դեռևս ամուսնացած չէր․․․

Ճակատագրի բերումով ողջ մնացած մեր տղաների խոսքում անամոք ցավ ու կսկիծ կար։ Նրանք պատմում էին մեկ օր տևած պատերազմի մասին, սակայն ասելիքը չէր վերջանում․․․ Այդ մարտը նրանց արժանապատվության մարտն էր, որը նրանք տվեցին՝ ինչպես երբևէ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031