Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանութունները լավ հասկանում են, որ չեն կարող հավակնել արցախցիների քվեն ստանալուն և որոշել են նրանց զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»

Ապրիլ 13,2026 13:00 Share

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։

-Վերջերս Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ դուք բարձրաձայնեցիք հարցը, որ արցախցիներից շատերը զրկված են Հայաստանում համապետական ընտրություններին մասնակցելուց, քանի որ ՀՀ քաղաքացիություն ձեռք չեն բերել։ Բերելով 2021 թվականի օրինակը՝ ասացիք, որ պետք է նորից դիմել դատարան՝ արցախցիների ընտրական իրավունքը վերականգնելու համար։ Այդ գործընթացն ինչպե՞ս եք պատկերացնում, արցախցիներից դիմումներ ստացե՞լ եք, որ ցանկանում են վերականգնել իրենց ընտրական իրավունքը։

-Այս փուլում դեռ ոչինչ հնարավոր չէ անել, երբ արդեն կլինեն ընտրացուցակները, եւ մարդկանց անունները ներառված չեն լինի, գործընթացը կարող է մեկնարկել։ Գործընթացն այսպես է՝ մարդիկ տեղեկանքով դիմում են անձնագրային ծառայություն, որ իրենց անունը ներառեն ընտրացուցակներում։ Մերժում ստանալու դեպքում այդ մերժմամբ կարողանում են դիմել դատարան։ 2021 թվականին եղել է այդպիսի 124 դեպք, այդ բոլոր դեպքերում դատարանը հաստատել է, որ, այո, արցախցիները հանդիսանում են ՀՀ քաղաքացի, եւ վերականգնել են նրանց ընտրելու իրավունքը։ Իհարկե, ՀՀ իշխանությունների վերջին տարիների գործողություններից հետո, երբ հայտարարեցին, որ արցախցիների անձնագրերն անձնագիր չեն, ճամփորդական փաստաթուղթ են, հասկանում ենք, որ հավանականությունը շատ ավելի փոքր է, որ դատարանը կշարունակի այդ նույն արդար որոշումը կայացնել։ Սակայն կարծում ենք, որ արժե եւս մեկ անգամ փորձել, հաջողելու դեպքում կհաստատվի, որ, այո, արցախցիները ՀՀ քաղաքացի են եւ կարող են մասնակցել ընտրություններին։ Մերժելու դեպքում մենք կունենանք փաստ, որ արցախցիները հակասահմանադրական ձեւով ՀՀ քաղաքացիությունից զրկվել են։

-Արցախցիներն ահազանգում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու իրենց դիմումներին ամիսներով ընթացք չեն տալիս։ Կան դեպքեր, երբ մարդիկ արդեն 4-5 ամիս է՝ դիմել են, բայց որոշում չկա։ Այստեղ դիտավորություն տեսնո՞ւմ եք։

-Դիտավորություն տեսնում եմ, որովհետեւ հնարավոր է շատ արագ կազմակերպել գործընթացը։ Բայց տեսնում ենք, որ անընդհատ խնդիրներ են ստեղծում նաեւ փաստաթղթերի հարցում։ Մի տառասխալի համար կարող են մարդկանց դատարանների դռները գցել, տարբեր այլ փաստաթղթեր ուզել, ինչը երկարացնում ու բարդացնում է քաղաքացիություն ստանալու պրոցեսը։ Թեեւ ի սկզբանե հայտարարվում էր, որ արցախցիների քաղաքացիության գործընթացը հեշտացված կարգով է լինելու, ինչը ենթադրում էր 3 ամիս ժամկետ, բայց 5-6 ամիս մարդիկ քաղաքացիություն չեն ստանում։ Նույնիսկ, երբ դիմում են ներկայացնում, իրենց ասում են՝ իմացեք, որ մոտակա ամիսներին չի լինելու։ Հենց ի սկզբանե դիտավորություն եմ տեսնում այս հարցում, այսինքն՝ դիտավորություն տեսնում եմ այն պահից սկսած, երբ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, թե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն։ Այն դեպքում, երբ բոլոր արցախցիներն ունեին քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ։ Եվ քաղաքացիության գործընթացն ուշացնելը, բարդացնելը, արհեստական խոչընդոտներ ստեղծելն այդ գործընթացի մի մասն եմ համարում։ Այսինքն՝ պարզ է, որ հայրենիք, տուն, ամեն ինչ կորցրած արցախցիները չեն կարող մեծամասամբ գոհ լինել այսօրվա իշխանություններից, ովքեր ոչինչ չարեցին նրանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Այժմ էլ փախստական դարձած, բռնագաղթի ենթարկված արցախցիների նկատմամբ ատելության քարոզ են անում։ Օրվա իշխանությունները շատ լավ հասկանում են, որ նման դեպքում իրենք չեն կարող հավակնել արցախցիների քվեն ստանալուն եւ նման եղանակով որոշել են նրանց զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

-Իսկ ընտրություններից հետո հնարավո՞ր է, որ քաղաքացիության տրամադրման գործընթացն արագացվի։

-Ես կարծում եմ, որ ամեն դեպքում շարունակելու են արհեստական խոչընդոտներ ստեղծել, որովհետեւ կարծում եմ՝ նաեւ առաջնային նպատակ ունեն, որ արցախցիներն այստեղ երկար չմնան։ Այսինքն՝ ստեղծում են եւ իրավական, եւ արհեստական այնպիսի խոչընդոտներ, որոնց պարագայում արցախցիների մեծ մասը չի կարողանա հարմարվել, մնալ մայր Հայաստանում եւ կարտագաղթեն։ Այդ քաղաքականությունն այս նախընտրական շրջանում ավելի սուր է արտահայտվում, բայց կարծում եմ, որ երկարաժամկետ քաղաքականություն է։

-Բայց զուգահեռ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ արցախցիները պետք է մնան ու տնավորվեն Հայաստանում։

-Երբ նա ասում է՝ տնավորվեք Հայաստանում, դա ասում է ոչ թե որպես այլընտրանք արտագաղթին, այլ որպես այլընտրանք Արցախի համար պայքարելուն։ Այսինքն՝ դա զուտ պատրվակ է Արցախ վերադառնալու միասնական իրավունքից հրաժարվելու համար։ Մի կողմից ստիպում են, միջազգային հարթակներում ներկայացնում են, որ արցախցիները պետք է հրաժարվեն իրենց իրավունքից, սակայն մյուս կողմից չեն ստեղծում այն մինիմալ պայմանները, որոնք պետք են արցախցիներին՝ Հայաստանում մնալու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930