Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ

Ապրիլ 09,2015 11:36

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների եւ նախաձեռնության ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ Արաբիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը իր՝ դատավորին ոչ հարիր վարքագծով եւ դատավարությունների ընթացքում դրսեւորած ցինիկ եւ ոչ կոռեկտ պահվածքով եւս մեկ անգամ հեղինակազրկում է առանց այդ էլ վստահություն չներշնչող դատական համակարգը եւ Հայաստանի Հանրապետությունն առհասարակ:

Մենք պնդում ենք, որ նման անձնավորությունը չպետք է տեղ ունենա ՀՀ դատական համակարգում, նա արդեն բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի չէ օբյեկտիվ եւ համակողմանի դատաքննություն իրականացնել, ավելին՝ նա իր տհաճ եւ գռեհիկ պահվածքով միայն հակակրանք է առաջացնում ոչ միայն իր անձի, այլեւ արդարադատության նկատմամբ:

Դատավորի կոչումը կրող այս մարդու մասին պատկերացում կազմելու համար բավական է հիշատակել ընդամենը 3 դեպք:

1.2014 թ. ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարության ընթացքում դատավոր Լեոն Ավետիսյանը ոչ միայն ուղղորդել է վկաներին եւ դատախազին, այլեւ իրեն թույլ է տվել անձնական վիրավորանք հասցնել դատավարությանը ներկա գտնված ազատամարտիկներից մեկին՝ հայտարարելով, թե նա «պախկվում է կնգա փեշերի տակ»:

2.Այս տարվա մարտին քննելով հանրությանը հայտնի դարձած երեխայի գողության գործը՝ դատավոր Լեւոն Ավետիսյանն իրեն թույլ է տվել հեգնական տոնով եւ բացահայտ ցինիզմով հարցեր և մեկնաբանություններ ուղղել իր երեխայից զրկված Նարինե Նիկողոսյանին: Դատավորը դատաքննության ընթացքում հայտարարել է, թե ինքը չի հավատում վկային՝ այսպիսով չթաքցնելով իր ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը: Ավելին, դատավորն իր որոշման մեջ հիմք է ընդունել իրականությանը չհամապատասխանող փաստեր և հակասել է այդ գործով քննիչի որոշմանը։ Բացի այդ, իր դատական որոշման մեջ նա ոչ մի դիրքորոշում և գնահատական չի տվել բողոքի հիմքերի հետ կապված՝ պարզապես նշելով, թե «բողոքն անհիմն է»։

3. Դարձյալ մարտ ամսին քննելով «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ԴԱՀԿ ծառայակիցների կողմից կիրառված բռնության առթիվ հարուցված քրեական գործը, այս տխրահռչակ դատավորը ոչ միայն հնարավորություն չտվեց իրավապաշտպանին ներկայացնելու իր նկատմամբ կիրառված բռնության գործով տեղի ունեցած ապօրինությունները, այլեւ անտարբերության մատնեց հայտարարությունն այն մասին, որ քրեական գործից կորել է վկաներից մեկի ցուցմունքը:

Այսպիսով, վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ նախկին դատախազ Լեւոն Ավետիսյանն այդպես էլ դատավոր չդարձավ՝ վերոնշյալ երեք գործերով հոգով եւ սրտով պաշտպանելով դատախազության առաջ քաշած վարկածները:

Լեւոն Ավետիսյանի համար արդարադատությունն արժեք չէ, նա արհամարհում է ՀՀ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իսկ դատական համակարգը օգտագործում է որպես գռեհիկ հեգնանքի եւ ցինիզմի դրսեւորման թատերաբեմ:

Հաշվի առնելով վերոնշյալը կոչ ենք անում ՀՀ այն քաղաքացիներին, ում գործով դատավոր կնշանակվի Լեւոն Ավետիսյանը, անհապաղ բացարկ հայտարարել նրան՝ հիմք ընդունելով վերոնշյալ փաստերը։

 

«Ի Պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի  հանձնախումբ»

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպություն

«Վելես» հասարակական կազմակերպության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. svetlana says:

    Անկեղծ ասած ինքս չեմ հավատում արդարադատությանը և իրավական համակարգին: Ամեն քայլափոխին ,յուրաքանչյուր կամ որոշակի քայլերից հետո, այնպիսի մի անդունդի ես հանդիպում ,որ գրեթե անհնարին է հաղթահարելը: Իմ կարծիքով բացարկ հայտարարել դեռևս խնդրի լուծում չէ:Սյս համակարգում հարկավոր են արմատական և հիմնարար փոփոխություններ:Կամ արդյոք հայտարարված բացարկը կհարգվի դատավորի կողմից և պատշաճ ընթացք կստանա: Ըստ իս այս համակարգում ինչպես ասում են ,, մեկի պոչը մյուսի ոտքի տակ ա,, կամ ասենք հայտնի կարգախոս կա ,, ես քեզ դու ինձ,, :

  2. svetlana says:

    Ախր որ մեկը դառավ, որ էս մեկը չդառավ….. բա էն մեկը Սուրեն Ղազարյանը,որ հիմա իր րկությունն ամերիկայունմ ա ման գալիս…..և սրանց պատճառով……Էլի նույն Արաբիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից
    :

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930