Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ՈՉ ՈՒՍ-ՈՒՍԻ, ԱՊԱ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ

Հուլիս 07,1999 00:00 Share
Fadey Tachatich

Խորհրդային ժամանակահատվածի յուրաքանչյուր փուլն, ըստ էության, մինչեւ օրս էլ սպիտակ էջեր ունի պետություն-եկեղեցի հարաբերությունների շրջանակում։

Իսկ թե ի՞նչ ընթացքներ են եղել հատկապես 70-80-ական թվականներին, կփորձենք ներկայացնել այդ տարիներին Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ զրույցով։

Նախկին վարչապետը սկսեց նրանից, որ այսօր էլ դեռեւս շատերի մեջ սխալ կարծիք կա, թե պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները բարյացակամ չեն եղել։ Ամենեւին էլ այդպես չէ, եւ, ինչպես նախկին վարչապետն է վկայում, շատ սերտ են եղել կապերը։ Վազգեն Ա կաթողիկոսն իր գահակալության շրջանում Հայաստանից բացակայելիս դրա մասին մշտապես տեղյակ է պահել Մինիստրների խորհրդի նախագահին եւ Ֆադեյ Սարգսյանի հետ էլ քննարկել որոշակի խնդիրներ։ Վերադարձից հետո եւս կաթողիկոսն այցելել է վարչապետին եւ պատմել տվյալ շրջագայության ընթացքում իր գործունեության մասին։

Տարբեր խնդիրներով է ժամանակին եկեղեցին դիմել պետությանը՝ շինարարությանն առնչվող հարցեր, ավտոմեքենաների ձեռքբերում եւ այլն. «Մեկ անգամ Վեհափառն այցելեց ինձ եւ տեղեկացրեց, որ մտադիր է Հայաստանի գերբը պատրաստել ոսկուց, այնպես, ինչպես ժամանակին պատրաստվել է Այբուբենը», որը պիտի հանձնվեր թանգարաններից մեկի տնօրինությանը։ Բայց, Մինիստրների խորհրդի առաջարկով, Ֆադեյ Սարգսյանի բնորոշմամբ, այդ գեղեցիկ եւ հետաքրքիր գործը մնացել է եկեղեցու թանգարանում՝ Ոսկետառ Այբուբենի կողքին։

Ինքս այն տեսնելու առիթ ունեցել եմ եւ կարող եմ վկայել՝ շուրջ 60 սմ տրամագծով մաքուր ոսկուց պատրաստված Խորհրդային Հայաստանի այդ զինանշանը բացառիկ գործ է, ուր հեղինակը շատ թույլ նշմարելի ուրվագծով ցույց է տվել, որ Արարատ լեռը այլ տարածքում է։ Ինչեւիցե, նախկին վարչապետն այն կարծիքին է, որ այդ նվերով Վազգեն կաթողիկոսը «փաստորեն արձանագրում էր եկեղեցու մոտությունը պետությանը։ Մենք ոչ մի վիճելի հարց չենք ունեցել։ Այնպես որ, հարաբերությունները շատ սերտ ու բարի են եղել»։

-Իհարկե,- շարունակեց Ֆադեյ Սարգսյանը,- քանի որ Խորհրդային Միությունն աթեիստական քաղաքականություն էր վարում, ամեն ինչ հնարավոր չէր հրապարակայնորեն իրականացնել՝ մասնակցելով ծիսակատարությունների եւ այլն։

Նախկին վարչապետը վկայեց՝ թեպետ այն ժամանակվա ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն ընդամենը մեկ անգամ է հանդիպել Վազգեն Վեհափառին, բայց «միամիտ կլինի այն մարդը, որը կարող է կարծել, թե ես իմ հանդիպումները նախօրոք չէի համաձայնեցնում Կենտկոմի առաջին քարտուղարի հետ։ Կարեն Սերոբիչն ամենաջերմ վերաբերմունքն էր ցուցաբերում Վեհափառի նկատմամբ, որն իսկական պետական, ազգային գործիչ էր»։

Կարեն Դեմիրճյան-Վազգեն Առաջին հեռակա հաղորդակցության մասին մի այսպիսի դեպք էլ պատմեց Ֆադեյ Սարգսյանը։

Վեհափառը մի անգամ իրեն ասել է, թե ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից մեկը ցանկանում է մեկական արտասահմանյան մեքենա նվիրել Վազգեն Ա-ին, Կարեն Դեմիրճյանին եւ Ֆադեյ Սարգսյանին։ Երբ դրա մասին տեղյակ է պահվել այդ օրերի Հայաստանի փաստացի ղեկավար Կարեն Դեմիրճյանին, «նա ջղայնացավ իմ վրա եւ ասաց՝ եթե կաթողիկոսին մեքենա է հարկավոր՝ մենք կտանք։ Եվ այդպես էլ եղավ։ Մենք վերցրինք երեք «Չայկա» եւ մեկը տվեցին Վազգեն Ա-ին»։ Մեկ կարեւոր դետալ եւս՝ չնայած ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը չէր հանդիպում կաթողիկոսին, սակայն, մշտական կապ գոյություն ուներ ՀԿԿ Կենտկոմի իդեոլոգիայի գծով քարտուղարի, որն էր Կառլեն Դալլաքյանը, եւ Վեհափառի միջեւ։

-Իսկ ի՞նչ էր ասում գաղափարախոսը կաթողիկոսին՝ ինչպես իրականացնի կոմունիստական գաղափարախոսությո՞ւնը։

-Կառլեն Լեւոնի Դալլաքյանն ամենեւին էլ հիմար մարդ չէ։ Նա շատ խելացի մարդ է եւ խոսում էր չափազանց գիտակ, եւ լավ էլ հասկանում էին միմյանց։

Նախկին վարչապետը չմտաբերեց որեւէ դեպք, երբ Մոսկվայից խնդիրներ հարուցած լինեին Հայաստանի կառավարության եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ. «Չէի ասի, թե Մոսկվան այդ հարցում մեծ ակտիվություն էր ցուցաբերում։ Նրանք չէին էլ հետաքրքրվում»։

Ֆադեյ Սարգսյանը դա բացատրեց միութենական իշխանությունների ավելի բարդ խնդիրներ ունենալու հանգամանքով՝ առաջին, եւ երկրորդ՝ Վազգեն Ա կաթողիկոսի հայրենասիրությամբ եւ ժողովրդասիրությամբ. «Նա մշտապես ձգտում էր անել այն, ինչ հարկավոր էր մեր ժողովրդին։ Դա համընկնում էր պետության շահերին, այդ պատճառով էլ ջերմ հարաբերություններ էին ստեղծվել»։ Իհարկե, Վեհափառը գիտեր, որ ամեն ինչ համաձայնեցվում է Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ, որի ցուցադրական պասիվությունն էլ օգնում էր գործին։

Իսկ այդ շարքում Ֆադեյ Տաճատիչը հատկապես ընդգծեց Վազգեն Ա կաթողիկոսի նվիրատվությունը Մինիստրների խորհրդին՝ համակարգիչների մի ամբողջ ցանց, որի միջոցով հնարավոր էր անմիջապես պարզել ցանկացած գործարանի արտադրական ցուցանիշները, Սեւանի բարձրացման տեմպերը եւ այլն։

Մեր զրույցի ավարտին նախկին վարչապետը գրեթե կիսաանձնական մի դեպք մտաբերեց։ Կառավարական պատվիրակության կազմում Իտալիայում գտնվելիս ինքը լուր է առել, որ կտրուկ վատթարացել է մոր առողջական վիճակը։ Անմիջապես վերադառնալով իմացել է, որ իր մորը երկու անգամ այցելել է Վազգեն Վեհափառը։ Ու թեպետ երկնային հրաշքներ չեն լինում, բայց, ինչպես Ֆադեյ Սարգսյանն է կարծում, ապաքինումն անպայմանորեն շաղկապվում է տրամադրության հետ. «Կաթողիկոսի այցերն այնպես էին ազդել մորս վրա, որ նա առողջացավ»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031