Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ասում, թե Հայաստանում մշակույթը մեռել է։ Չի՛ մեռել։ Նրա մահվան մասին գուժել շտապողները կամ ուղ

Հունվար 25,2001 00:00

ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹ ՈՒՆԵՆՔ։ ԿՈՐՑՐԵ՛Լ ԵՆՔ Ո՞վ է ասում, թե Հայաստանում մշակույթը մեռել է։ Չի՛ մեռել։ Նրա մահվան մասին գուժել շտապողները կամ ուղղակի երազում են այդ մասին, կամ՝ կույր են, կամ՝ չեն բավարարվում «տեղ-տեղ առողջ» մշակույթով։ Հետո ի՞նչ, որ քանդակագործություն ասելիս՝ Լեւոն Թոքմաջյան ենք հասկանում ու վե՛րջ։ Հետո ի՞նչ, որ հուշարձանները մեզ գրավում են ոչ այնքան իրենց ձեւով ու բովանդակությամբ, որքան վրաները խզբզած իմաստալից եւ անիմաստ գրություններով։ Եվ ո՞ւմ է հետաքրքիր, որ թատրոնների դերասանների աշխատավարձերի փշրանքային չափը նրանց ստիպում է կցվել որեւէ անմիտ շոուի կամ լոտոյի ու ծամածռվելով գովազդել այն։ Ոչինչ, որ հետո, երբ այդ տխմար լոտոն ֆինանսական կրախի առջեւ է կանգնում, խաբված ժողովուրդը, թողած բոլոր մեղավորներին, անեծքներով ու հեռակա հայհոյանքներով է հիշում խեղճուկրակ դերասաններին։ Է՛լ ավելի աշխույժ է մեր հանրապետության երաժշտական կյանքը։ Հապա միացրեք հանրապետական հեռուստաալիքները. տեղական արտադրության «աստղիկներից» ու «աստղափոշիներից» աչքերդ շաղվում են, ականջներդ՝ բզզում։ Մեկ-երկու շաբաթ առաջ, հեռուստացույցի ալիքները փոփոխելիս, պատահաբար «ռաստ եկա» «Արձագանք շոու» խորհրդավոր անունը կրող հաղորդմանը։ Ինչպես տատս կասեր՝ ոտքս կոտրվեր, դրանց ռաստ չգայի։ Լիքը-լիքը կիսամերկ եւ թպրտացող կանացի մարմինների առատությունը՝ արաբաթուրքական ոճի ելեւէջներով ու կլկլոցներով հարուստ երաժշտության ուղեկցությամբ, հիշեցնում էին Արեւելքի խաների օրգիաները։ Իսկ այդքան բաց ուսերի, պարանոցների, կրծքերի ազդեցության տակ «լոզերը գնացած» երեխայի տպավորություն թողնող, արտաքնապես տղամարդու նման, սեռական գրգռվածության պատճառով աչքերը ճակատին թռած հաշիշամոլ հիշեցնող պատանյակները անկեղծ խղճահարություն էին առաջացնում։ Գեղանկարչությունն էլ ետ չի մնում։ Վերնիսաժում վաճառվող դազգահային արտադրության մասիսները, եկեղեցիներն ու խաչքարերը հոգնեցնում են աչքերդ ու բթացնում ճաշակդ։ Իսկ ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները Հայաստանի մշակույթի այսօրվա մասին։ Եվ ընդհանրապես, ե՞րբ են վերջին անգամ որեւէ մշակութային օջախ այցելել։ Սերոբյան Վարդանուշ, 69 տարեկան, թոշակառու- Է՜հ, ա՛յ բալես, նենց հարց ես տալիս ո՜ր։ Ես ի՞նչ իմանամ՝ մեր մշակույթը ի՞նչ հալի ա։ Վերջին անգամ մի 20 տարի կլինի, հա՛, հաստատ կլինի, 20 տարի առաջ թատրոն էի գնացել։ Աղջիկս ու փեսես տարան ինձ էն Խաչվանքյանի թատրոնը։ Գյոզալական դերասան էր, շա՛տ լավն էր, է՜, շատ։ Մինչեւ հիմա էլ հիշում եմ՝ ոնց էր ասում. «Դու սո՛ւս, Պայծի՛կ»։ Վարդանյան Նարինե, 32 տարեկան, համակարգչային օպերատոր- Ես աշխատում եմ ետ չմնալ քաղաքի մշակութային կյանքից։ Չեմ ստի, թե ամբողջ օրը թանգարաններով ու պատկերասրահներով շրջում եմ, բայց, օրինակ, շաբաթ-կիրակի օրերը հաճույքով պտտվում եմ Մարտիրոս Սարյանի արձանի շրջակայքում, ընկերոջս հետ դրամատիկական թատրոն եմ հաճախում։ Կինո «Մոսկվան» բացվելուց հետո մի քանի անգամ կինո եմ գնացել։ Չէ, գոհ եմ։ Բայց, ճիշտն ասած, ավելի շատ ինձնից ու ընկերոջիցս եմ գոհ, քան քաղաքի մշակութային կյանքից։ Սարգիս Մարգարյան, 56 տարեկան- Հետաքրքիր, շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես ինքս երաժիշտ եմ եւ ժամանակին ոչ մի դասական համերգ բաց չէի թողնում։ Լինում էի ե՛ւ Կամերային երաժշտության տանը, ե՛ւ Ճգնավորյանի համերգներին։ Հիմա, ճիշտն ասած, մի քիչ ծերացել եմ, հոգնել եմ, բայց հեռուստատեսությամբ եմ հետեւում համերգներին, թեեւ, անկեղծ ասած, ոչ մի նորմալ, բարձր մակարդակով դասական երաժշտություն վաղուց չեն ցուցադրել։ Միայն Ազգային ռադիոն է այդ բացը լրացնում։ Այն էլ, իհարկե, այն չի, ինչ կենդանի երաժշտությունը։ Արշակ Ստեփանյան, բժիշկ, 46 տարեկան- Դուք ուզում եք ասել, որ այս երկրում մշակույթ կա՞։ Ինչի՞ մասին է խոսքը, էկրաններից հնչող էժանագին երաժշտությա՞ն, փողոցներում ականջ ծակող ռաբիսի՞, թե՞ ինչի։ Այ, քաղաքում իսկական մշակույթը մեռնում է, մեռնո՛ւմ։ Քաղաքի բոլոր «լա՜վ» տղերքի անունից՝ Գուգուշիկ, 26 տարեկան- Հա, քուրո ջան։ Շատ լավ մշակույթ ու կուլտուրա ունի մեր ազգը, ես իրա չարը տանեմ։ Մեր Թաթան, Արամ Ասատրյանը, Լիլիթ Կարապետյանը, Արփինե Բեկջանյանը՝ ա՜խ, ի՜նչ ծտեր են։ Ո՞ւր եմ գնացել վերջին անգամ։ Ասեմ, բայց ինձ սխալ չհասկանաս, քուրո ջան։ Գնացել էի «Միրաժ»։ Ոնց թե՝ էդ ի՞նչ ա։ Քաղաքի ամենազիլ ստրիպտիզ-բարն ա։ Ա՛յ, կուլտուրան էդ ա, էդ։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել