
«ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ Գնահատում են վրաց գործիչները Դեռ անցյալ տարի Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունից» եւ նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի պաշտոնանկությունից հետո կարծիքներ էին հնչում, թե այս երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը հակասահմանադրական է: Բայց քանի որ գոնե մեր տարածաշրջանի երկրների համար վերջին 10-13 տարիներին դա միակ դեպքն էր, երբ իշխանությունը փոխվեց ժողովրդի կամքով եւ նրա ճնշմամբ, գերակշռող էր այն մոտեցումը, թե իշխանափոխության վրացական տարբերակը միանգամայն օրինական է եւ տեղավորվում է ժողովրդավարության միջազգային նորմերի ընդունված շրջանակներում: Որպես կանոն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում հասարակությունն ու քաղաքական, հասարակական գործիչները անցյալի մասին հետին թվով սկսում են դատողություններ անել միայն այն ժամանակ, երբ այդ իրադարձությունը չի արդարացնում հասարակության կամ որոշակի խմբերի ակնկալիքները: Վերջերս մի պատեհ առիթով զրուցեցինք վրաց քաղաքական եւ հասարակական մի քանի գործիչների, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից՝ «Հանրապետական» կուսակցության նախագահ Դավիթ Բերձենաշվիլու, նույն կուսակցության անդամ Իվլիան Խաինդրավայի եւ հասարակական գործիչ Ալեքսանդր Ռուսեցկու հետ: Մասնավոր զրույցներից ստացած մեր տպավորությամբ՝ Վրաստանի երիտասարդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վարած քաղաքականությունը սկսել է ոչ միայն դժգոհության ծիլեր արմատավորել հասարակության ներսում, այլեւ երբեւէ իրեն սատարած «Հանրապետական» կուսակցության շարքերում: Սահակաշվիլու վարած քաղաքականության համատեքստում դժգոհության հիմնական պատճառներ են համարվում նրա վարած կադրային քաղաքականությունը, նախկին նախագահի օրոք եղած կլանների ունեցվածքը վերաբաշխելու եւ նոր կլաններ ձեւավորելու, Վրաստանում ինտելեկտուալ մարդկանց գործազրկության պայմաններում միջազգային կառույցների կողմից այս կամ այն ոլորտում վերլուծություն անելու եւ խորհրդատվություն մատուցելու համար 100 հազարավոր եվրոյի վարկեր մսխելու, եւ ամենագլխավորը, որ մատնանշվում էր, Վրաստանում առկա հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ արված նրա ոչ ճշգրիտ քայլերը: Մեր զրուցակիցներից ոմանք այս համատեքստում հիմնականում մատնանշում էին Հարավային Օսիայի դեպքերը, որոնք, բարեբախտաբար, ռազմական լուրջ բախման չվերածվեցին: «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներից մեկն այս իմաստով արձանագրեց, թե Մ. Սահակաշվիլին գերագնահատեց իր ուժերն ու քիչ էր մնում, որ ընկղմվեր նոր պատերազմի մեջ: Մենք փորձեցինք այս հարցադրումների շուրջ զրուցել վրաց հասարակական գործիչներից մեկի՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ինստիտուտի» ղեկավար Ալեքսանդր Ռուսեցկու հետ: Հետաքրքիր էր, որ վերջինս էլ Վրաստանում տեղի ունեցած «վարդերի հեղափոխությունը» որակեց որպես հակասահմանադրական՝ նկատի ունենալով այն, որ «արդյունքում տեղի ունեցավ քաղաքական ռեժիմի փոփոխություն»: Մեր այն հակափաստարկին, թե, այդուհանդերձ, դա տեղի է ունեցել ոչ թե ներիշխանական կուլիսներում, այլ ժողովրդի կամքով, պարոն Ռուսեցկին համաձայնեց. «Այո, որովհետեւ ժողովրդին այլ բան չէր մնում: Շեւարդնաձեի օրոք ծաղկում էին կլանային համակարգը, զանգվածային կոռուպցիան: Երկրի տնտեսությունը լիակատար կրախի էր մատնված: Բնական է, որ ժողովուրդը հոգնել էր, եւ այն մարդիկ, ովքեր դա կազմակերպեցին, հիմնավորում էին հենց ժողովրդի կամքով եւ գործող ռեժիմից հոգնած լինելու փաստով: Բայց բոլոր դեպքերում ընդդիմության գործողությունները չեն կարող սահմանադրական համարվել: Իհարկե, իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները փորձեցին հարթել այդ իրավական անհարթությունները»: Հետադարձ հայացքով գնահատելով կատարվածի արդարացված լինել-չլինելը՝ Ալ. Ռուսեցկին ասաց, թե արվել են շատ դրական քայլեր, եղել են նաեւ մի շարք լուրջ սխալներ: «Դրական իմաստով ամենակարեւորն այն է, որ փոխվեց հասարակության հոգեբանությունը: Ժողովուրդը հավատաց, որ իր կամքով եւ ուժով հնարավոր է երկրում ինչ-որ բան փոխել: Մինչ այդ հասարակությունը զանգվածային ապատիայի ու նիհիլիզմի մեջ էր: Բայց նույնիսկ հեղափոխության այդ դրական արդյունքները իշխանությունները ճիշտ չգնահատեցին: Դա բավականին մեծ ռեսուրս էր, որը կարելի էր առավելագույն արդյունավետությամբ օգտագործել: Դա տեղի չունեցավ: Ամբիցիաներ, զգացմունքներ, չմտածված քայլեր, աչքակապություն՝ սրանք են ներկայիս քաղաքական իշխանության յուրահատկությունները: Ինչ վերաբերում է ամենացցուն սխալներին, ապա դրանցից մեկն այն է, որ հակամարտության գոտում (Հարավային Օսիա.- Ն. Մ.) անմեղ մարդիկ են զոհվում: Մյուսն այն է, որ փաստորեն ավելանում է էմիգրանտների, փախստականների թիվը: Մենք չենք ձերբազատվել այն հին մենթալիտետից, որը սպանել եւ սպանում է մեր հասարակությունը: Դա անցյալը, սեփական ու այլոց սխալներն ադեկվատ գնահատելու անկարողությունն է: Ամենամեծ ողբերգությունն այն է, որ մենք ունակ չենք դասեր քաղել մեր սխալներից»,- նկատեց պարոն Ռուսեցկին: Նա խոստովանեց, որ անձամբ հարցերը հեղափոխական ճանապարհով լուծելու կողմնակից երբեք չի եղել. «Անցած 15 տարիներին չափից դուրս շատ էին զինված հակամարտությունները, հեղաշրջումները եւ հեղափոխությունները մի այնպիսի փոքրիկ երկրի համար, ինչպիսին Վրաստանն է: Ուստի խորքային հիմնախնդիրները, որոնք կան Վրաստանում, պետք է փնտրել ոչ թե ինչ-ինչ գործողություններում, այլ նախեւառաջ իրավիճակի գիտական վերլուծությամբ, որը կարող է ռեալ գնահատականներ տալ այն իրավիճակի, որը ստեղծված է Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում՝ միասին վերցրած: Առանց ստեղծված իրավիճակի լուրջ գիտական վերլուծության անհնար են առկա հակամարտությունների կարգավորումը, մեր հասարակությունների եւ ընդհանրապես՝ տարածաշրջանի զարգացումը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































