«Բոլորս էլ պոտենցիալ հոգեկան խանգարումների ենթակա ենք»,-այսօր Հոգեկան առողջության պահպանման համաշխարհային օրվա առիթով «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսում ասաց նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանը: Նրա տվյալներով, այսօր ամբողջ աշխարհում կես միլիարդ մարդ ունի հոգեկան խնդիրներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 14-րդ մարդը հոգեկան հիվանդ է. «Այսինքն՝ եթե մենք փողոցով քայլում ենք, յուրաքանչյուր 14-րդ մարդը հիվանդ է, մեքենա վարող յուրաքանչյուր 14-րդ վարորդ հիվանդ է»:
Նյու-Յորքի բժշկական համալսարանի պրոֆեսոր Մուշեղ Նաջարյանի խոսքերով, հոգեկան հիվանդությունների հիմնական պատճառը ընտանիքի վարքի խանգարումն է. «Մարդկանց կրած նեղություններն են, եթե ընտանիքը ամուր է՝ տատիկը, մայրը զորեղ են ապա ավելի քիչ են այդ ընտանիքին սպառնում այդ խնդիրները, երեխայի համար ընտանիքն ուժեղ պետք է, որ երեխայի համար լավ լինի, իսկ եթե ընտանիքում կան խնդիրներ, ալկոհոլիզմով են զբաղվում ընտանիքի անդամներից մեկը, ապա երեխան շատ մեծ սթրեսներ է ունենում»:
Ըստ նրա՝ առողջ հասարակություն ունենալու համար պետք է հնարավորինս մտցնել հոգեբանին այցելելու մշակույթը, որով կնվազեցվի հոգեկան խնդիրների քանակը եւ կպահպանվի մարդկանց հոգեկան առողջությունը:
Նիկոլայ Խաչատրյանը գտնում է, որ մարդու առողջական խնդիրների հիմնական պատճառը ներգանգային ճնշումն է, եթե այն իջեցվի, ապա մարդը ոչ միայն զերծ կմնա հիվանդություններից, այլեւ՝ կերիտասարդանա: Պարոն Խաչատրյանը գտնում է, որ այս բժշկությունը դեռեւս արդյունավետ զարգացում չի ապրում մեր երկրում, չկա հոգեկան հիվանդությունը գնահատելու չափանիշ:
Նրա խոսքերով, հոգեբույժների ավանդը նրանում է, որ հնարավորինս զերծ մնան դեղորայքային բուժման մեթոդներից եւ ավելի շատ փորձեն հիվանդության նախնական փուլերում սոցիալական աշխատանք տանեն մարդու հետ: Չնայած, մասնագետի խոսքերով, կան այնպիսի ծայրահեղ դեպքեր, որ ստիպված են հոգեկան հիվանդ մարդու ուղեղում միջամտություն անել, քանի որ նա հասարակության համար խիստ վտանգ է ներկայացնում. «Մարդուն կենդանուց ավելի վատ վիճակի մեջ են գցում, բայց այլ տարբերակ չկա, քանի որ այդ մարդիկ շատ վտանգավոր են շրջապատի համար»: Այսպիսի հիվանդներ ունենալու առումով, բժիշկները վկայեցին, որ Հայաստանում վիճակն այդքան էլ ծանր չէ: Այդուհանդերձ շիզոֆրենիայով հիվանդների թիվը, բնակչության թվի համեմատությամբ, մեծ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































