Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե շուտ լիներ այդ սկրինինգը, տղաս հիմա առողջ կլիներ»

Ապրիլ 26,2014 14:40

13-ամյա Աշոտիկը հանրակրթական դպրոց չի հաճախում. մայրն ասում է՝ երեխան ինքը չի ցանկանում: Իսկ այսպես ասած՝ սովորական դպրոցից Աշոտիկի հրաժարվելու պատճառը նրա լսողական խնդիրն է: Մայրն ասում է՝ ընկերները հաճախ ծաղրում են Աշոտիկին, որովհետեւ նրա խոսքը զարգացած չէ՝ 12 տարեկանին համարժեք չէ, ականջներին լսողության համար նախատեսված սարքերն էլ ընկերները որ տեսնում են, ինչ անուն ասես, որ չեն կպցնում: «Առավոտի» հետ զրույցում Աշոտիկի մայրը՝ տիկին Անահիտը, ասում է, որ տղան ի ծնե լսողական խնդիրներ ունի, դեռ մի քանի ամսական էր, երբ մոր ձեռքից ապակե ծաղկամանն ընկավ հատակին ու շրխկոցով կոտրվեց, իսկ փոքրիկը ոչինչ չլսեց, չնկատեց. «Ես սպասում էի, որ երեխան կվախենա, բայց երբ նկատեցի, որ փոքրիկս նույնիսկ գլուխը չի թեքել աղմուկի կողմը, ինքս վախեցա: Գնացինք բժշկի, երկար հետազոտություններից հետո միայն պարզեցին, որ փոքրիկս խնդիրներ ունի»: Մի քանի տարի հետո Աշոտիկի ընտանիքը մեկնել է արտերկիր, այնտեղ հատուկ մասնագետներ են զբաղվել նրա հետ, սակայն երեխայի բուժումն ուշ սկսելն ազդել է նրա խոսքի զարգացման վրա: Հիմա Աշոտիկը ճիշտ է՝ խոսում է, բայց ոչ լիարժեք:
«Գիտեմ այդ սկրինինգի մասին, բայց եթե այն ժամանակ մեզ մոտ լիներ դա, տղաս երեւի նման խնդիր չէր ունենա, առողջ կլիներ»,- ափսոսանքով ասում է Անահիտը, երբ նրան հուշեցինք, որ Հայաստանում լսողության խնդիրներ հայտնաբերելու նպատակով անվճար սկրինինգ՝ հետազոտություն են անում:
«Հայաստանում, ինչպես նաեւ աշխարհում, 1000 նորածիններից 2-ը ծնվում են «լսողության խորը կորստով», 1-ը՝ լսողական այլ խնդրով, օրինակ՝ թույլ լսողությամբ: Տարեկան հայտնաբերվում է 30 երեխա՝ լսողական խնդիրներով»,- մեզ հետ զրույցում ասում է լսողական խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական կենտրոնի սուրդոծառայության ղեկավար Թամարա Մանուկյանը: Բժշկի խոսքերով՝ Հայաստանում 2007 թվականից ծննդատներում, այսպես ասած՝ սկրինինգներ, աուդիոլոգիական հետազոտություն են կատարում, որպեսզի վաղ հայտնաբերվի երեխաների մոտ լսողական խնդիրները եւ վաղ էլ հատուցվի լսողական պակասը: Իսկ վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է, քանի որ երեխայի խոսքի հետագա զարգացումն էլ կախված է խնդիրը հենց վաղ հայտնաբերելուց: Տիկին Մանուկյանը վստահեցնում է, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր ծննդատներում՝ բացառությամբ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի, կատարվում է հետազոտությունը. «Ցավոք, ոչ բոլոր մարզերում են կատարում սկրինինգ, տարեկան 9000 երեխա ստուգվում է, իսկ այն մարզերում, որտեղ չի կատարվում սկրինինգ, մանկաբույժենրը պետք է ուշադիր լինեն, որպեսզի շուտ նկատեն խնդիրն ու ուղարկեն մեր կենտրոն»:

Որպեսզի Աշոտիկի նման լսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ հետագայում չկանգնեն մանկությունն ընկերների հետ լիարժեք չվայելելու խնդրի առջեւ, նրանց հետ զբաղվում են հատուկ մասնագետները. տիկին Մանուկյանն ասում է՝ մինչ նախադպրոցական տարիքն այս երեխաները լսողական սարքեր են կրում, որը անվճար է տրամադրվում. «Զարգացման դասընթացներ են կատարում տարբեր կենտրոններում, եւ դա թույլ է տալիս, նորմալ բանավոր խոսքով զարգացած լինելով, լավ լսող երեխայի նման գնալ հանրակրթական դպրոց: Եթե այս ամենը չկատարվեին, նրանք հաշմանդամ կմնային: Խոսքի զարգացումը ունի որոշակի տարիք՝ 5-6 տարեկան, եթե այս տարիքից ուշ խոսքը բավարար չզարգանա, երեխան էլ ընդհանուր բավարար չափով չի կարող զարգանալ: Մինչեւ 5 տարեկանն է երեխան ձեռք բերում հիմնական բառապաշարը, տարբերում գույները, տարվա եղանակներն ու ճանաչողական երեւույթները»: Բժշկի խոսքով՝ եթե բարձր տարիքում լսողությունը սարքով կամ վիրահատությամբ հատուցվի, նրա խոսքը հնարավոր չէ լիարժեք զարգացնել, ուստի վաղ հայտնաբերումը շատ կարեւոր է: «Լինում են դեպքեր, երբ լսողական սարքով լսողությունը չի հատուցվում, այս դեպքում դիմում են վիրահատության՝ կոխլեար իմպլանտացիայի. սա թանկարժեք վիրահատություն է՝ մոտ 40 հազար դոլար արժե»:

Բժիշկն ասում է, որ ծնողների համար էլ սթրես է, երբ իրենց երեխաների մոտ լսողական խնդիրներ են հայտնաբերվում, ուստի երեխաներից բացի՝ նաեւ նրանց ծնողների հետ են աշխատում. «Տարեկան 12 երեխա ավարտում է մեր կենտրոնում դասընթացը, եւ նրանք բանավոր ճիշտ խոսքով գնում են հանրակրթական դպրոց. սա շատ ուրախալի է: Դժվար աշխատանք է թե՛ մասնագետների, թե՛ ծնողների համար. մինչեւ կարողանում ենք ճիշտ կարգավորել սարքը, հասկանալ երեխայի ընկալումը, բավականին ժամանակ ու ջանք է անհրաժեշտ, փոքր երեխայի մոտ շատ դժվար է կողմնորոշվելը»:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում ներկայումս հետազոտվել է 42,597 երեխա, եւ հայտնաբերվել է 39 դեպք լսողական իջեցումով: Մեր երկրում աուդիոլոգիական սկրինինգում դեռեւս ընդգրկված է նորածինների ընդամենը 22%-ը:
Հայաստանում կատարվում են հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, կոնքազդրային հոդի եւ այլ տեսակի սկրինինգներ: 4000 նորածնից մեկը ծնվում է բնածին հիպոթիրեոզով, եթե չբուժեն, երեխայի մոտ մտավոր թուլամտություն՝ կրետինիզմ կզարգանա: Ֆենիլկետոնուրիան եւս վաղ շրջանում հայտնաբերելն ու բուժելը շատ կարեւոր են, հակառակ դեպքում երեխայի մոտ մտավոր հետամնացություն կլինի. վաղ հասակից տրվող բուժումը շատ պարզ է, արդյունավետ ու էժան:

Մասնագետները վստահեցնում են՝ այս սկրինինգները կատարելն ու հիվանդությունը վաղ տարիքում բուժելը պետության համար շատ ավելի էժան են, քան անտեսելն ու հետագայում հաշմանդամ պահելը: Օրինակ՝ ուշ հայտնաբերված հիպոթիրեոզով հիվանդների տարեկան ծախսերը կազմում են 1 միլիարդ 219 մլն դրամ, իսկ վաղ հայտնաբերման եւ բուժման տարեկան ծախսերը՝ 129 մլն դրամ:
Երեխաների առողջության եւ հետագա զարգացման համար պակաս կարեւոր չէ նաեւ ճիշտ սնուցումը: Մանկաբույժ եւ «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանն ասում է, որ հայ մանուկների 19%-ը ցածրահասակ է, որովհետեւ թերսնուցում կա, եւ սա երեխաների առաջնային խնդիրներից է. «Եթե լավ եւ ճիշտ սնվեն, նրանց աճը ճիշտ կլինի, իսկ եթե ոչ՝ նաեւ նրանց մտավոր զարգացվածությունն է վտանգվում, երեխան հաճախ է հիվանդանում»: Արդյոք թերսնուցումը նաեւ սոցիալակա՞ն խնդիր է՝ մեր այս հարցին մանկաբույժը պատասխանում է. «Աղքատությունը մասամբ կապ ունի այս խնդրի հետ, շատ մայրեր էլ գիտելիքներ չունեն, նրանք չեն ընկալում, թե ինչքան կարեւոր է երեխային ճիշտ կերակրելը: Մարզերից մեկում, սեմինարի ժամանակ, երբ հարց ուղղեցի մայրերին՝ մի՞թե ընդհանրապես ուտելիք չկա, թե՞ չգիտեք ինչպես կերակրել, մեծ մասի պատասխանն այն էր, որ չգիտեն՝ ինչպես կերակրել: Այսինքն՝ գոնե գյուղերում կարելի է համապատասխան սնունդ գտնել: Եթե ճիշտ սնուցման կարեւորությունը հասկանան, ապա մոտիվացիա կլինի սնունդ գտնելու»:
Մանկան առողջությունն ապահովելու համար շատ կարեւոր է փոքրիկներին կրծքով կերակրելը, սակայն հաճախ մոր եւ մանկան, այսպես ասած՝ արանքում հայտնվում են կաթնախառնուրդներով զբաղվող բիզնեսմենները:

Տիկին Հարությունյանի խոսքով՝ երեխաներին մայրական կաթի փոխարեն կաթնախառնուրդներ տալը տարածված խնդիր է. «2 պատճառ կա, նախ՝ ծննդատներում ալարում են բացատրել ու ստիպել մայրերին, թե ինչպես պետք է կրծքով կերակրել, այսինքն՝ շատ են դեպքերը, երբ առաջին օրերին երեխան չի կարողանում մոր կուրծքը վերցնել ու լաց է լինում: Եվ քանի որ կաթնախառնուրդի բիզնեսմենները անվճար տալիս են դա, նույնիսկ բժիշկներին կարող են նվերներով կամ անգամ գումարով խրախուսել (սա օրենքով արգելված է), ու շահերի բախում է առաջանում, եւ երեխայի լացը կտրելու ու ավելորդ ժամանակ չկորցնելու համար միանգամից կաթնախառնուրդն են տալիս, մինչդեռ 97% կանայք կարող են կրծքով կերակրել»:
Երեխայի առողջության համար շատ կարեւոր է մինչեւ 6 ամսականը բացառապես կրծքով կերակրելը. մանկաբույժը վստահեցնում է, որ եթե անգամ ջուր տան երեխային, 3-4 անգամ է փորլուծության վտանգը մեծանում, մինչդեռ կաթնախառնուրդ տալու դեպքում՝ մինչեւ 20 անգամ, իսկ մինչեւ 6 ամսական բացառապես կրծքով կերակրելով՝ 14 անգամ նվազում է մահացության վտանգը. «Աշխարհում 3 միլիոն երեխա մահանում է թերսնուցումից, 1,5-ը՝ կրծքով սնուցման բացակայության պատճառով. եթե կրծքով սնուցումն ավելի բարձր մակարդակի վրա լինի, Հայաստանում տարեկան 60 երեխա քիչ կմահանա»:

Ինչպես նկատում է մանկաբույժը՝ բնությունն ամենաիմաստունն է, եւ կրծքով կերակրելը պատահական չէ, կանայք պետք է հասկանան, որ կրծքով կերակրելով ոչ միայն իրենց երեխաների առողջությունն են ապահովում, նաեւ՝ իրենց. «Նախ՝ եթե մայրը խուսափում է կրծքով կերակրել, երեխայի հետ կապվածությունն է թուլանում, եթե մայրն ի վիճակի է կրծքով կերակրել եւ չի անում դա, ապա հետագայում կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու վտանգ է առաջանում, նաեւ՝ օստիպորոզի ու մի շարք այլ հիվանդությունների»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930