Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի վեց շունչ ունեցող ընտանիքը հայտնվելու է փողոցում եւ ստիպված է որոնելու մեկ այլ փողոց

Մարտ 16,2015 14:00

Այս դեպքը ապացուցում է այն, ինչի մասին ասվում է ամենուր եւ բոլորի կողմից՝ Հայաստանում Հայաստանի քաղաքացին անպաշտպան է։ Այս դեպքում կարող ենք ավելացնել՝ անպաշտպան է ոչ միայն սեփական չինովնիկների ոտնձգություններից, այլեւ՝ այլ երկրի քաղաքացու նկրտումներից եւ ցանկություններից, նույնիսկ այն դեպքում, երբ ներպետական օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ քաղաքացու իրավական հնարավորություններին, իսկ այլ երկրի քաղաքացին «եկել է օդից» եւ նրա պահանջը որեւէ աղերս չունի օրինականության հետ։

Կա՞ մի անձ, որին եթե ուղղվի մեկ հարց՝ պատկերացնո՞ւմ է արդյոք, որ Երեւան քաղաքում 2008 թվականին հնարավոր է սեփականության իրավունքով ձեռք բերել 72 քմ մակերեսով բնակարան, իսկ դրա համար անհրաժեշտ լինի միայն 1986-1987 թվականներին կատարված պարտադիր կադաստրային ապահովման համար կատարված վճարումների անդորրագրեր, երբ վճարում կատարողը մահացել է 1999 թվականին ԱՄՆ-ում, ապա՝ շատերը կասկածի տակ կդնեն քո ողջամտությունը, իսկ մի մասն էլ կբարձրաձայնի՝ այս երկրում ամեն ինչ հնարավոր է։

Ավետլանա Օհանյանը ծնվել, մեծացել, բնակվել է Երեւանում՝ Չկալովի 48/1 տանը, այդտեղից հաճախել մանկապարտեզ, դպրոց։ Նա այդ բնակարանում ապրել է, այն վերանորոգել եւ ստեղծել կոմունալ կենցաղային հարմարություններ, այդ հասցեում 1998 թվականից հանդիսացել է էլեկտրական էներգիայի, հետագայում՝ բնական գազ սպառող բաժանորդ եւ ավելի քան 30 տարի մշտապես բնակվել է այդ հասցեում։ 2004 թվականին Սվետլանա Օհանյանը դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք -Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին՝ իր կողմից որպես սեփականություն օգտագործվող տան եւ ավտոտնակի նկատմամբ սեփականության, զբաղեցրած հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքի ճանաչման պահանջով եւ դատարանի 27.01.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է, սակայն հետագայում այդ վճռի դեմ քաղաքապետարանը ներկայացրել է վերաքննիչ բողոք եւ գործը (Սվետլանային անհայտ են պատճառները) թողնվել է առանց քննության։

Առաջին ատյանի դատարանի վճռի հիմքում դրվել է Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՊՓԲ-ի կողմից Սվետլանա Օհանյանի պատվերով կատարված չափագրումները եւ հատակագիծը։ Սվետլանա Օհանյանն իր կողմից զբաղեցրած եւ որպես սեփականություն տնօրինած բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի ձեւակերպման հարցով դիմել է ՀՀ նախագահին եւ ՀՀ վարչապետին, եւ այստեղից էլ սկսվել է զավեշտը. Երեւանի քաղաքապետարանի 2008 թվականի հունիսի 4-ին N 18-06/1-0-182 գրությունով Ս. Օհանյանին հայտնվում է, որ «Չկալովի փող. 48/1 հասցեում գտնվող տան սեփականաշնորհման հարցը ենթակա է քննարկման ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողովում ընդունվելուց հետո եւ սա այն դեպքում, երբ, ըստ Երեւանի քաղաքապետարանի 29.10.2009թ. N 18-06-1-0-335 գրության, քաղաքապետի 28.04.2008 թվականի N 1911-Ա որոշումով, «հիմք ընդունելով քաղ. Արթուր Բուլղադարյանի Երեւանի քաղաքապետարան հասցեագրված դիմումը եւ կից ներկայացված փաստաթղթերը, 28.06.2008 թվականի N ՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում…», բնակարանը եւ նրանով ծանրաբեռնված հողամասը սեփականության իրավունքով տրամադրվել է Արթուր Բուլղադարյանին»։

Սույն պատասխանից ակնհայտ է, որ քաղաքապետի 2008 թվականի ապրիլի 28-ի որոշումն ընդունվել է… ուղիղ երկու ամիս հետո ընդունվելիք օրենքի շրջանակներում, սակայն իրականում բուն որոշումն ընդունվել է …«հիմք ընդունելով եւ ղեկավարվելով» 1998թ. փետրվարի 25-ին ՀՀ կառավարության թիվ 1748-Ն որոշման 4-րդ կետով։ Ստացվում է կրկեսային ներկայացումներին յուրահատուկ ցուցադրական հնարք՝ մի դեպքում՝ այդ որոշումն ընդունվել է հիմնվելով դեռեւս չընդունված օրենքի սահմաններում, իսկ իրականում՝ այն ընդունում են այդ պահին, արդեն հինգ տարի ուժը կորցրած որոշման հիման վրա. ինչո՞վ աճպարարական հնարք չէ։

Հայտնի է, որ ցանկացած ներկայացման համար պետք է վճարել, իսկ այս դեպքում, մեր կարծիքով, վճարվել է առանձնապես խոշոր չափի գումար, ընդ որում, վճարումն այնքան խոշոր չափի է եղել, որ քաղաքապետարանը գնացել է ակնհայտ կեղծիքի՝ Արթուր Բուլղադարյանի կողմից ներկայացված եւ 1999 թվականին ԱՍՆ-ում մահացած մոր՝ Աստղիկ Բուլղադարյանի անունով 1986-1987 թվականներին Չկալովի 48/1 բնակարանի համար վճարված «պարտադիր կադաստրային ապահովագրության» վճարների անդորրագրերը քաղաքապետարանում մուտացիայի են ենթարկվել՝ որոշման մեջ դարձել է «…ներկայացված կոմունալ ծառայությունների՝ էներգիայի վճարման անդորրագրեր» եւ նույնիսկ ապահովել է, որ Երեւանի քաղաքապետարանը, առանց որեւէ ապացույցների եւ որոշման հիմնավորումների, իր բացակայությամբ կկայացնի պատվիրած որոշումը, ինչը եւ կատարվել է։

Ո՞վ է Արթուր Բուլղադարյանը. նա ծնվել է 1964 թվականին, 1981 թվականին, 17 տարեկանում, հաշվառվել է այդ բնակարանում, 1987 թվականին ԽՍՀՄ անձնագրով մեկնել է ԱՄՆ, դարձել է ԱՄՆ քաղաքացի, իր մոտ՝ ԱՄՆ է տեղափոխել նաեւ մորը՝ Ա. Բուլղադարյանին, որն այնտեղ մահացել է 1999 թվականին։ Արթուր Բուլղադարյանն այս ողջ ժամանակահատվածում Հայաստան է եկել մեկ անգամ՝ 2008 թվականի մարտի 1-ի Մյունխեն- Երեւան չվերթով եւ նույն թվականի մարտի 27-ին Հայաստանից մեկնել է Երեւան-Մյունխեն չվերթով։ Այս կարճ ժամանակահատվածում նա հասցրել է ԽԱՀՄ նմուշի 7 CL 749380 անձնագիրը փոխարինել ՀՀ անձնագրով եւ նույն օրը նորից հաշվառել են Չկալովի 48/1 հասցեում, որտեղ չի բնակվել ավելի քան 30 տարի։
Ս. Օհանյանը 17.03.2010 թվականին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ քաղաքապետի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, դատարանի 04.03.2011թ. վճռով հայցը բավարարվել է:

Նշված վճիռը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 09.06.2011թ. որոշումով բեկանվել է, քանի որ առաջին ատյանի դատարանը գտնում է «…Երեւանի քաղաքապետի 28.04.2008թ. թիվ 1911–Ա որոշմամբ արդյո՞ք խախտվել է Սվետլանա Օհանյանի իրավունքները, որպիսի պարագայում միայն վերջինս ձեռք կբերի նշված վարչական ակտի բողոքարկման իրավունքը»:

ՀՀ վարչական դատարանի 06.03.2012 թվականի վճռով հայցը նորից բավարարվել է, իսկ Ա. Բուլղադարյանի ներկայացուցչի կողմից սույն վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.09.2012թ. որոշումով մերժվել է, իսկ վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանը 05.04.2013 թվականի որոշումով բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը եւ այն փոփոխել է, «Սվետլանա Օհանյանի հայցը մերժել», իսկ որոշման «վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ եւ պահանջներ» բաժնում նշում է՝ «քննելով վճռաբեկ բողոքը՝ նշված հիմքի սահմաններում գտնում է, որ սույն գործով հարկ է պատասխանել սույն իրավական հարցադրմանը, թե արդյոք անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքներ չունեցող անձի կողմից կարող է վիճարկվել այդ գույքի նկատմամբ ընդունված քաղաքապետի որոշումը», եւ գտնում է, որ չնայած Սվետլանա Օհանյանը ծնվել է այդ բնակարանում, որն, ըստ 29. 06.1982 թվականի պաշտոնական փաստաթղթերի, եղել է վթարային, խոնավ, մութ, զուրկ կոմունալ կենցաղային հարմարություններից, ունեցել է 20քմ ընդհանուր մակերես, այդ բնակարանից հաճախել մանկապարտեզ, դպրոց, ամուսնացել եւ ընտանիքով՝ երկու որդիներով եւ ամուսնու հետ, ավելի քան 30 տարի փաստացի, բնակվել այնտեղ ու իրենց կողմից որպես սեփականություն տիրապետվելու ընթացքում ընդարձակվել է՝ մակերեսը դարձել է 72,24 քմ, ստեղծվել են կոմունալ-կենցաղային հարմարություններ, այնուամենայնիվ, քանի որ կադաստրում չունի այդ բնակարանի նկատմամբ գրանցված իրավունք, հետեւաբար նա իրավունք չունի վիճարկելու քաղաքապետարանի հիշյալ որոշումը, ուստի՝ ճիշտ է վարվել քաղաքապետարանը, որ այդ բնակարանի հետ 30 տարուց ավելի որեւէ առնչություն չունեցող ԱՄՆ քաղաքացուն է տվել այդ բնակարանը։

Վճռաբեկ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ այլ իրավական նորմերով նախատեսված փաստացի տիրապետման հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման իրավական հնարավորությունը, անտեսվել է այն փաստը, որ որեւէ իրավական նորմ գոյություն չունի, որը հնարավորություն կընձեռեր տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ, առանց այն տիրապետելու, կառավարելու մասին ապացույցների, ճանաչել որեւէ մեկի սեփականության իրավունքը, այս դեպքում անտեսվել է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը (ՍԴՈ–741)։

Վճռաբեկ դատարանը, որի հիմնական գործառույթը օրենքի միատեսակ կիրառման ապահովումն է, այս որոշումով ոչնչացնում է հանրային շահ հասկացությունը, նախադեպ է ստեղծում առկա հազարավոր տիրապետողներին փաստացի սեփականությունից զրկելու համար, ամլացնում է քաղաքացիական օրենսգրքի մի շարք հոդվածների կիրառման հնարավորությունը, բազմապատկում է կոռուպցիոն ռիսկը, անտեսում է, որ Ս. Օհանյանի գույքային իրավունքը ծագել է դեռեւս Սվետլանա Օհանյանի ծնվելու պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ (բնակության վայրը) հոդվածի ուժով, այս ամենի պարագայում՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային այս որոշումով առարկայազուրկ է դարձնում օրենքի գերակայության ապահովման թեզը եւ լուրջ խոչընդոտ է արդարադատության իրականացման եւ ժողովրդի վստահությանը դատական համակարգի նկատմամբ, չարաշահելով իր իրավական կարգավիճակը (որոշումները բողոքարկման ենթակա չեն), ըստ էության անում է այն՝ ինչը հարմար է այդ պահին։

Ս. Օհանյանը քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված ակնհայտ կեղծիքի եւ անհիմն որոշման կայացման համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն դիմումի հետ տեղի է ունեցել սովորական «կարուսելային» գործընթաց՝ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երեւան քաղաքի դատախազություն, այստեղից՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազություն, այնտեղից՝ համապատասխան ոստիկանական ստորաբաժանմունք, իսկ այստեղից, ըստ երեւույթին, Ս. Օհանյանի հասցեով կհետեւի պատասխան՝ դիմումում նշված փաստերը չեն հիմնավորվել։ Այս վերջին պատասխանի ակնկալիքը հիմնավորվում է նույն իրավապահների նախկին պատասխաններով եւ ներկայումս այդ գործով զբաղվող ոստիկանության աշխատակցի բանավոր հայտարարությամբ՝ գործը կկարճեմ, քանի որ հարցում եմ արել քաղաքապետարանին, առայժմ պատասխան չունեմ, հետեւաբար՝ ապացույց չկա։ Ս. Օհանյանն իրավիճակից ելնելով՝ խնդրել է ընդունելություն ՀՀ գլխավոր դատախազի մոտ, սակայն մերժվել է՝ ընթացակարգը թույլ չի տալիս։ Հույս ունենք դատախազությունը եւ մնացած իրավապահ մարմինները կհիմնավորեն հանցադեպի բացակայությունը՝ մատնանշելով այն օրենքը կամ իրավական ակտը, որը նույնացնում կամ նույնացրել է «պարտադիր կադաստրային ապահովագրության» վճարների անդորրագրերը էլ. էներգիայի վճարման անդորրագրերի հետ եւ Երեւանի քաղաքապետարանի գործողությունների օրինաչափությունը՝ 30 տարի այդ բնակարանը չօգտագործելու, չկառավարելու, չտիրապետելու, երբեւէ գույքի նկատմամբ որեւէ իրավունք չունենալու պայմաններում Ա. Բուլղադարյանի սեփականության իրավունքը «վերականգնելու» որոշման կայացման համար։ Ակամա հիշում ես ժողովրդական խոսքը՝ ինչը չես կարող առնել փողով, կարող ես առնել շատ փողով։ Այս ամենի արդյունքում ակամա մտածում ես՝ հետո ի՞նչ որ՝ պաշտոնատար անձանց գործողությունները կրում են ակնհայտ, ցցուն անօրինական բնույթ:

Մի ազատամարտիկի, որի հայրը եւս դարձել է ազերիների զոհ, վեց շունչ ունեցող ընտանիքը հայտնվելու է փողոցում եւ ստիպված է որոնել մեկ այլ փողոց, որն, ըստ էության, կտանի հանրապետությունից դուրս:

Այս ընտանիքի ներպետական օրենսդրությամբ եւ Սահմանադրությամբ երաշխավորված բնակարան ունենալու իրավունքը զոհաբերվում է մի անձի, որը ղարաբաղյան ազատամարտի տարիներին, երբ ազգի, երկրի լինել-չլինելու խնդիր էր լուծվում, 24 տարեկանում հաջողացրել է փախչել ԱՄՆ, դարձել այդ երկրի քաղաքացի, ավելի քան 30 տարի Հայաստան չի այցելել, Հայաստան կոչված երկրի հետ որեւէ կապ երբեւէ չի ունեցել, որին երբեք չի հետաքրքրել ոչ Հայաստանը եւ ոչ էլ՝ այս երկրի հետ կապ ունեցող որեւէ հարց, որ այս որոշումով Վճռաբեկ դատարանը թքած ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սեփականության ձեռքբերման հիմքերի վրա:

Այս պայմաններում, մեր կարծիքով, կարեւոր է, որ Ա. Բուլղադարյանն աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի քաղաքացի է եւ ունի բարձրագույն դատարանի եւ իրավական համակարգի մնացած չինովնիկների պահանջները բավարարելու դոլարային հնարավորություն, հարազատ մորաքրոջ աղջկան, որի հայրն ու մայրը իր մոր հետ ձեռք են բերել այդ բնակարանը, որտեղ մորաքրոջ աղջիկը բնակվում է առայսօր, իսկ իր րնտանիքն այդ բնակարանում բնակվել է մինչեւ 1987 թվականը՝ Երեւանի Դավիթաշեն թաղամասում բնակարան ստանալը, նրա ընտանիքին բնակարանից դուրս շպրտելը նրա համար խիստ սկզբունք ունեցող, նրանց իր ֆինանսական «մկանների» ցուցադրման հարց է, եւ որեւէ մեկը, լինի դա քաղաքապետարան, դատախազություն, ոստիկանություն կամ Վճռաբեկ դատարան, չի կարող դրա հետ հաշվի չնստել, քանի որ Ա. Բուլղադարյանը ԱՄՆ քաղաքացի է եւ, ամենակարեւորը՝ փողատեր է, հետեւաբար՝ վերջին պայմանների դեպքում, անհնար է առաջինների իրականացումը։

ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ, իրավաբան

Հ.Գ. Օհանյանի զավակները՝ Արսեն եւ Նարեկ Օհանյանները քաղաքապետի այս որոշումն առոչինչ համարելու հայց են ներկայացրել Երեւան քաղաքի վարչական դատարան (դատավոր՝ Կ. Ավետիսյան), սակայն սպասելիք չկա՝ Վճռաբեկ դատարանի կայացրած խայտառակ որոշումը պարտադիր է մնացած դատարանների համար։

«Առավոտ» օրաթերթ
14.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031