Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` սահմանային աճող լարվածության մասին
– Դեռ մի քանի ամիս առաջ «Առավոտի» հետ զրույցում ասել էիք, որ ներկայիս իրողությունները հաշվի առնելով՝ հեռու չէ այն օրը, որ Ադրբեջանն առաջնագծում տանկ կկիրառի: Ցավոք, այդ կանխատեսումն այսօր արդեն իրականություն է: Ձեր կարծիքով՝ մինչեւ ո՞ւր կարող է գնալ մեր հարեւանը, էլ ինչե՞ր սպասել:
– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանակցային գործընթացում ներգրավված շահագրգիռ կողմերը, միջազգային կառույցները առանձնապես չարձագանքեցին կամ ընդհանուր բնույթի մեկնաբանություններ արեցին, պետք է պատրաստ լինել, որ Ադրբեջանը կշարունակի ընդլայնել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ կիրառվող զինանոցը: Ադրբեջանը որոշակի հաճախականությամբ փորձելու է ուժեղացնել ճնշումն առաջնագծում՝ լրացուցիչ լարվածություն հաղորդելով առանց այդ էլ անկայուն իրավիճակին: Ներկայումս նկատվող միտումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը, համենայնդեպս, կանգ առնելու միտք չունի: Չի բացառվում, որ առաջիկա ամիսներին առաջնագծում նոր՝ առավել վտանգավոր զինատեսակներ կիրառվեն:
– Որոշակի շրջանակներ այս էսկալացիան պայմանավորում են երկու երկրների նախագահների առաջիկա հնարավոր հանդիպումով, որոշները` թուրք-ռուսական հարաբերությունների սրացմամբ: Ձեր կարծիքով՝ ո՞ր գործոնն է այստեղ դոմինանտ:
Կարդացեք նաև
– Կարծում եմ՝ դոմինանտ է բանակցային գործընթացում Ադրբեջանի կարծր և գնալով առավել մաքսիմալիստական դառնող դիրքորոշումը և այն ռազմաքաղաքական գիծը, որը առաջ է մղում Ադրբեջանի ղեկավարությունը: Անշուշտ, կարևոր հանդիպումներից առաջ իրավիճակին լարվածություն հաղորդելը մի տեսակ ավանդույթ է դարձել Ադրբեջանի համար, սակայն Ադրբեջանի սադրանքներն առավել խորը բնույթ են կրում:
– Մինչ Մինսկի խումբը շարունակում է իր «լռության ուխտը», իսկ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչները իրականությունից անտեղյակ՝ կոչեր ու դատապարտումներ են հղում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցինիկաբար շարունակում է սահմանային լարվածության համար մեղադրանքի սլաքն ուղղել հայկական կողմին: Ուշագրավ է, սակայն, մի բան` անդրադառնալով նախօրեին շփման գծում տանկ օգտագործելուն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե մի քանի անգամ զգուշացրել է, որ եթե հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտվի, իրենց բանակը, ստեղծված իրավիճակին համապատասխան, պատասխան կրակ կբացի ավելի հզոր զինատեսակներից եւ կոչնչացնի հակառակորդի կրակակետերը։ Սա ինքնախոստովանական ցուցմունք չէ՞: Որեւէ կերպ սա կարելի՞ է օգտագործել:
– Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ ոչ միայն բացահայտ հայտարարում է իրականացվող սադրանքների մասին, այլեւ իրականացնելուց հետո էլ հպարտորեն խոսում է դրանց մասին: Կար մի ժամանակ, երբ Ադրբեջանը անընդհատ հերքում էր առաջնագծում իր կողմից իրականացվող հրադադարի ռեժիմի խախտումների մասին, սակայն այսօր նա կարծես թե այլևս «թաքնվելու» կարիք չի զգում: Հայաստանին ու Արցախին այլ բան չի մնում, քան կոշտ քայլերով կանխարգելիչ հարվածներ հասցնելը: Պետք է արձանագրել, որ Ադրբեջանին զսպող հիմնական գործոնը հայկական բանակն է. սահմանին կանգնած զինվորը իր խնդիրը լիարժեք կատարում է, դա այս պահին ամենակարևորն է:
– Համանախագահները, ինչպես հայտնի է, պատրաստում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այն ակնկալվում է, որ տեղի կունենա մինչեւ տարեվերջ: Նկատի ունենալով նախկին հանդիպումների դառը փորձը` դրանց բացարձակ չտպավորող արդյունքները եւ Ադրբեջանի շարունակվող կոշտ կեցվածքը, իմաստ կա՞ շարունակել իմիտացիան, թե՝ փորձում ենք բանակցել ու խաղաղ լուծում գտնել, երբ սահմաններում գրեթե ամեն օր զինվորներ են զոհվում:
– Ամեն դեպքում բանակցելը ավելի լավ է, քան պատերազմելը, ու պետք է օգտագործել բոլոր ջանքերը հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ: Ամենաբարձր՝ նախագահների մակարդակով հանդիպումները կարող են որոշակիորեն, թեկուզ ժամանակավոր լիցքաթափել իրավիճակն առաջնագծում: Ադրբեջանին բանակցային սեղան «բերման ենթարկելը» նվազագույնն է, ինչը կարելի է անել գործընթացը բացառապես խաղաղ հունով տանելու ճանապարհին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































Հարգարժան Նելլի, հիշատակված գործոններն իհարկե կարևոր են, սակայն ազերիների ոգևորության հիմնական պատճառները, իմ կարծիքով, մեր երկրի ներսում են` ներքաղաքական իրավիճակ, իշխանությունների նկատմամբ անվստահություն, օլօգարխիկ համակարգին տրված իշխանություններ, ծանր տնտեսական վիճակ, պետբյուջեի ոչ արդարացի բաշխում և այլն: Նենգաբար գործելու միջոցով արդյունքի հասնելու ազերիների ծրագրի միակ խոչընդոտը հայ զինվորն է, որի թիկունքում խիստ մշոիշոտ իրավիճակ է տիրում:
Վաղուց ժամանակն է տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ հաշվի նստելով, վերաիմաստավորել մեր երկրի համար գերակա ուղղություններն ու կառավարման ողջ համակարգով լծվել դրանց կյանքի կոչմանը, առանձնակի ուշադրություն դարձնելով իհարկե ազգի համախմբմանը: