Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբապղծություն է մայրերի արցունքով ինքնահաստատվելը

Հոկտեմբեր 10,2016 10:32

Հայաստանում և տարածաշրջանում «Իսկանդեր-Է»-ի ու «Սկադ»-ի ռազմաքաղաքական նշանակության մասին խոսելը դեռ վաղ է: Այն, որ ռազմական այս հսկաների ներկայությունով երկար չկարողացանք ուրախանալ, այլևս իրողություն է. Հայաստանի անկախության տոնին նվիրված զորահանդեսից ընդամեն մի քանի օր անց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամու դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ 19-ամյա զինծառայող Սևակ Խաչատրյանը: Ո՛չ «Իսկանդեր-Է»-ն և ո՛չ էլ «Սկադ»-ը սահմանին կանգնած մեր զինվորի անվտանգության երաշխավորը չեղան. թշնամին գործի էր դրել դարանակալած դիպուկահարի սուր աչքը…, իսկ վերջին մի քանի օրերին առաջնագծում իրավիճակը կրկին սրվել է: Հիմա՝ ոչ այդ մասին:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր ենթագիտակցության ու հայացքների մեջ շատ բան փոխվեց: Վերափոխվեց նաև հայի իրական կերպարի ընկալումը միջազգային հանրության կողմից. հայրենիքի համար օրհասական պահին աշխարհասփյուռ հայության համախմբումը հստակ ընդգծեց հավաքական հայի դիմագիծը՝ ցավը նրան բռունցք է դարձնում: Ծանր է, սակայն հետապրիլյան օրերին մեր զինվորների կյանքի ու արյան գնով բացահայտեցինք նաև ինքներս մեզ. մեր շարքերում քիչ չէ հայի այն տեսակը, որը կարող է խրամատում կանգնած զինվորի թիկունքում սելֆի անել, կամ տեսանկարահանվել և, այն տարածելով, ինքնախաբեությամբ տպավորություն ստեղծել, թե աջակցություն է ցուցաբերել հայ զինվորին:

Սա, թերևս, չարյաց փոքրագույնն է: Հայկական որոշ հեռուստաընկերություններ ու լրատվական կայքեր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներին և վերջին մի քանի ամիսներին ծառայության ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին անդրադառնալիս, կամ զոհված զինծառայողների ընտանիքներին նյութական աջակցություն ցուցաբերելու փաստերը լուսաբանելիս, բառի ողջ իմաստով, հատում են բարոյականության սահմանը: Այդ դեպքերը բազմաթիվ են. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի զոհված պայմանագրային զինծառայողի ընտանիքին նյութական օժանդակություն ցուցաբերելուց հետո, սևազգեստ մորը` արցունքն աչքերին, զոհված որդու մանկահասակ զավակները փեշերից կախ, տեսախցիկի առաջ քանիցս իրենցից շնորհակալություն հայտնել տվեցին:

Եվ ինչպե՞ս չասես՝ մանրապճեղ տականքներ…

Առողջ բանականությունից վեր է որոշ լրատվական կայքերի աշխատոճը. զինվորի մահվան մասին ռեպորտաժ պատրաստելու համար տեսախցիկով մտնում են այն սենյակը, որտեղ զինվորի աճյունն է, նկարահանում են զավակի կորուստը ողբացող ծնողներին ու սգացող հարազատներին, և այդ կադրերը հրապարակում: Թե նյութը հոգեբանական ի՞նչ ազդեցություն կունենա, դա նրանց չի հետաքրքրում, միայն թե ապահովեն դիտումների քանակը, ինչ գնով էլ լինի, թեկուզ՝ որդեկորույս մոր արցունքների հաշվին: Անգամ զոհված զինվորի լուսանկարը ցույց չեն տալիս, ինչպես եղավ Սևակ Խաչատրյանը մահվանն անդրադարձի տեսանյութում:

Պետք չէ հակադարձել, թե արդի աշխարհը դա թույլ է տալիս՝ խոսքի ազատություն է: Աշխարհի ցինիզմն ու սադիզմը մեր ժողովրդի պարանոցին մի՛ փաթաթեք:

Հայաստանյան ոչ մի հեռուստաընկերություն և լրատվական կայք այսօր անմասն չէ պատկան մարմինների վերահսկողությունից: Ուստի, ՀՀ Պաշտպանության նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ ՀՀ օրենսդիր մարմինը օրենք ընդունի, ըստ որի՝ արգելել զոհված զինվորի հոգեհանգստի և հուղարկավորության տեսարանները լուսաբանել, կամ անդրադառնալ մասամբ՝ չֆիքսելով հոգեբանական ծանր պահերը: Եվ օրենքի ուժով խստագույնս արգելել զոհված զինվորի ընտանիքին ցուցաբերած նյութական աջակցության մասին նյութեր հրապարակել:

Չափորոշիչները, որոնք ամրագրված չեն օրենքի ուժով, դրանք արգելված չեն բանականության ընկալումով՝ էթիկայի սահմաններում:

Լրատվական ի՞նչ կառույց ուզում է լինի, ո՞վ ուզում է նրա թիկունքին կանգնած լինի, այդ լրատվական կառույցն իրավունք չունի՛ զոհված հայ զինվորի մոր արցունքով ինքնահաստատման ճանապարհ հարթի: Դա սրբապղծություն է:

Արժանապատվության զգացումն ու գիտակցումը ամենամեծ ձեռքբերումն է, որ կարող է մարդը երբևէ ունենալ:

 Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31