Տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանն այդպես է ընկալվում
Բոլոր ժամանակներում թատրոններում դերասանի մի հազվագյուտ տեսակ կա, որը ստեղծված իրավիճակներում «շտապօգնություն» է հանդիսանում, երբ գլխավոր դերակատարը ինչ-ինչ պատճառով չի կարողանում բեմ դուրս գալ: Նման արտիստներից է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, վերջերս ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Սարգիս Աղամալյանը:
2007թ.-ից օպերային երգիչը հանդես է գալիս թատրոնի խաղացանկում տեղ գտած համաշխարհային եւ հայ կոմպոզիտորների համարյա բոլոր ներկայացումներում, տենորի համար գրված դերերգերով: Այս դիտարկմանն ի պատասխան՝ «Առավոտի» հետ զրույցում Սարգիս Աղամալյանը նշեց, որ, այնուամենայնիվ, կա 2 բեմադրություն, որոնցում ինքն ընդգրկված չէ, թեեւ վաղուց «սերտել» է պարտիաները: Դա Վերդիի «Տրավիատայում» Ալֆրեդի դերերգն է եւ «Տրուբադուրում»՝ Մանրիկոյի: Ինչ վերաբերում է իր՝ «շտապօգնություն» լինելուն, մեր զրուցակիցն ասաց, թե պատահել է, որ 6 օրվա ընթացքում հանդես է եկել 3 ներկայացումներում, ինչն, անկասկած, մեծ ծանրաբեռնվածություն է: Ավելին՝ Տերտերյանի «Երկրաշարժ» բեմադրության մեջ արվեստագետը հանդես է գալիս միանգամից 3 դերերգերով (Ճիվաղ, Դահիճ եւ Մունետիկ):
Մի անգամ էլ մենք ենք հանդիպել մի դեպքի, թե ինչպես Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացման ժամանակ տենորը Սարոյից «կերպարանափոխվեց» Անցորդի, ապա նորից «վերադարձավ» Սարոյի կերպարին: Այնուամենայնիվ, հիշեցնենք թատրոնում տենորի մի քանի դերերգերը՝ Ռադամես (Վերդի՝ «Աիդա»), Պոլիոն (Բելինի՝ «Նորմա»), Խոզե (Բիզե՝ «Կարմեն»), Տիրիթ (Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ»), Սանթուր, Զինվոր (Տիգրանյան՝ «Դավիթ -Բեկ») եւ այլն:
Իսկ օպերասեր հանրությունը Սարգիս Աղամալյանին հիշում է դեռեւս մինչ օպերային թատրոնում բեմ բարձրանալը: Ուսանելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարանում, երիտասարդ երգիչը հանդես է եկել Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի բեմադրություններում, այդ թվում՝ Պուչինի՝ «Ջանի Սկիկի» (Ռինուչո), «Ծիծեռնակ» (Պրյուներ), Դոնիցետի՝ «Լուչիա դի Լամերմուր» (Էդգար), Մասկանի՝ «Գեղջկական պատիվ» (Տուրիդու) եւ այլն: Ընդ որում, Սարգիս Աղամալյանը իր կոլեգաներից առանձնանում է նաեւ նրանով, որ չի մասնակցել ոչ մի մրցույթի: «Ցանկացած նման միջոցառման մասնակցելու համար պետք է կենտրոնանալ եւ լավ պատրաստվել: Թե օպերային ստուդիայում եւ թե թատրոնում այդ ժամանակը կարծես ինձ չի տրված: Չեմ պատկերացնում, օրինակ, դերերգերս թողնեմ եւ ուշադրությունս հրավիրեմ մրցութային ծրագրի վրա»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ մրցույթներին մասնակցելն ունի առավելություն. չէ՞ որ անկախ արդյունքից՝ քեզ նկատում են մենեջերները, ինչին կարող են հետեւել հրավերները տարբեր թատրոններից:
Տենորը ժպտալով ավելացրեց, թե ինքը հանդիսանում է նաեւ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի արտիստ- մեներգիչ եւ համերգային հյուրախաղերով շրջել է աշխարհի կեսը: «Շնորհիվ օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի, որն ինձ ներկայացրել էր, մեկ անգամ հրավիրվել եմ Ռոստովի պետական օպերային թատրոն ու կատարել Կոմս Բեզուխովի դերերգը՝ Պրոկոֆեւի «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայում»,- նշեց մեր զրուցակիցը:
Սարգիս Աղամալյանին քանիցս հանդիպել ենք նաեւ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացրած օպերաներում, օրինակ՝ Վերդիի «Ռիգոլետոյում», «Օթելոյում», Պուչինիի «Տուրանդոտում», «Մադամ Բաթերֆլայում»: Արվեստագետն ասաց, որ ֆիլհարմոնիկի հետ ճանաչված դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ առաջիկայում հանդես կգա Ռիխարդ Շտրաուսի «Սալոմեում», իսկ օպերային թատրոնում հոկտեմբերի վերջերին նախատեսված Պուչինիի «Տոսկա» օպերայի պրեմիերային՝ Կավարադոսի դերերգով:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
08.10.2016





















































