Եվս մեկ տարի դիմավորեցի անազատության մեջ։ Մնաց երկու տարի։ Բայց Աստծո կամոք` գուցե այդքան երազած ազատության զանգը ժամանակից շուտ հնչի ինձ համար….
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԻՄ ՄԵՋ
2018 թվականը հետաքրքիր տարի էր. սիրո ու թավշյա հեղափոխություն Հայաստանում, հավատ ու հույս վաղվա նկատմամբ, համաներում՝ անազատության մեջ գտնվողներիս համար։ Ոմանք ազատվեցին, ոմանց բախտը չժպտաց։ Հեղափոխություն նաեւ արդարադատության ոլորտում՝ բարձրաձայնում են պատասխանատուները։ Բայց պատժից պայմանականական վաղաժամկետ ազատման ինստիտուտը այդպես էլ չարդարացրեց իրեն։ Խցակից ընկերս՝ Մուշեղին նույնպես մերժեցին։ Տխրեց, բայց չընկճվեց։ Գիտի, որ ճիշտը ինքդ քեզ համոզելն է՝ որ պիտի նստես մինչեւ ժամկետը լրանա։ «Կոշ» ՔԿՀ-ում ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ կալանք կրած Մուշեղը մայիսյան հայտնի օրերին չէր կտրվում հեռուստաէկրանից ու հիշում էր Նիկոլի հետ անցկացրած կալանքի ոչ այնքան հեշտ օրերը։
Հեղափոխություն էր նաեւ իմ հոգում։ Ոչ միայն այն պատճառով, որ նախկին գլխավոր խմբագիրս՝ Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավար էր դարձել, այլ որ իմ մի լավ ընկեր լրագրողի հորդորով գրիչս նորից ձեռքս վերցրի։ Գրեցի, հրապարակվեց եւ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հատուկ մրցանակը ինձ՝ «Առավոտ»-ի կայքում հրապարակված «Կալանավայրը՝ կրթավայր» հոդվածի համար։
Բացի սրանից, «Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» մրցանակաբաշխությանը նույն հոդվածս արժանացավ «Դի Վի Վի ինթերնեյշնլ» կազմակերպության մրցանակին։
Սրան հետեւեց Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի շնորհակալագիրը՝ «կալանավայրում անցկացրած տարիներին լրագրողական գործունեությամբ զբաղվելու, ԶԼՄ-ներում հրապարակված բացառիկ հրապարակումների համար»:
Չթաքցնեմ՝ բոլոր մրցանակների համար լավ զգացի, ներքուստ ոգեւորվեցի։ Ինքնակենսագրականումս՝ 2015 թ. ապրիլի 20-2020թ. դեկտեմբերի 25-ը գտնվել եմ անազատության մեջ՝ նախադասությունից հետո էլ «Պարգեւներ» ենթաբաժնում տեղ կգտնեն մրցանակներիս մասին պատմող տողերը։

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՄԵՋ
Կալանավայրում եթե ոչ ամեն օր, ապա գոնե շաբաթական երեք օր նոր մարդկանց հետ ես ծանոթանում։ Կամ ժամանակի հետ քո բախտակիցների մեջ մարդն ես բացահայտում՝ ինքդ քո փորձից ելնելով՝ համոզվում, որ անսխալական մարդ չկա։ Տարվա ընթացքում մի նոր ընկեր գտա ու գուցե ընկերությունը շարունակվի նաեւ փշալարերից անդին։ Բայց հին ընկերներս էլ ինձ այցի եկան։ Նախկին գործընկեր, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը գուցե այն քչերից է՝ ում համար ես մնացել եմ նույնը՝ «Հայկական ժամանակ»-ի Սյունիքի թղթակից Արմենը։

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հիշում են ինձ, իմ բոլոր այն լավ ընկերներին, ովքեր միշտ սուրճ ու սիգարետ են ուղարկում ինձ: Շնորհակալ եմ իմ լավ ու հարուստ այն ընկերներին, ովքեր երբեք չհիշեցին ինձ։
ԱՄԱՆՈՐԸ՝ ԱՌԱՆՑ ԱԼԿՈՀՈԼԻ, ԲԱՅՑ ԱՐԲԵՑԱԾ
Կալանավայրում տոները նշում են առանց «կայֆի»: Այստեղ ալկոհոլին այդպես են ասում։ Բայց դա չի խանգարում, որ տնից ստացված «տուլիկը» բացեն, վինեգրետը, նրբաբլիթն ու «Մայրաքաղաքային» աղցանը դնեն սեղանին ու հյութով բաժակ շրխկացնեն։ Շրխկացնում՝ ամենից առաջ ու հետո միմյանց մաղթելով ազատություն։ Շրխկացնում՝ աղոթելով Աստծուն, որ շուտ բացի տուն գնալու ճանապարհը։ Հետո կենացները կքաղցրանան՝ առողջություն, ծնողների ու երեխաների, այստեղ դժվար օրերի ու ախպերության համար։ Ու այս կենացները՝ քաղցր հյութով՝ քաղցրացնելով մեկի մյուսի մաղթանքը։ Սա է կալանավայրի ուրախ, գուցե եւ մի քիչ տխուր Ամանորը։ Տխուր, որ ընտանիքից ու մտերիմներից հեռու ես, ուրախ, որ հույսով հավատում ես, որ նրանց հասնելու բախտավոր պահը շուտ կգա։ Եվ իհարկե բոլոր խցերում վառվում է հավատքի մոմը, երազանքների մոմը։
Այստեղ մեջբերեմ Լուսին Ղազարյանի բանաստեղծական տողը՝ «Դու երջանիկ ՄԱՐԴ ես, դու հավատալ գիտես…»:
Արմենակ (Արմեն) ԴԱՎԹՅԱՆ, լրագրող, «Արմավիր» ՔԿՀ
Հ.Գ. Շնորհավորում եմ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, «Արմավիր» ՔԿՀ-ի բոլոր աշխատակիցների նոր տարին։ Հաջողակ լինելուց բացի՝ կես կատակ, կես լուրջ մաղթում եմ, որ նոր Հայաստանում նրանք մնան անգործ ու նոր աշխատանք գտնեն իրենց համար, եթե, իհարկե, դա հնարավոր է…
Լուսանկարները տրամադրել է ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը





















































