Խորհրդային Միության փլուզումից ու Հայաստանի էս վերջին անկախացումից հետո շատ ջրեր են հոսել, և անկախության էս երեք տասնամյակների ընթացքում շատ բան տեսանք՝ հաճելի ու տհաճ, և չնայած անկախությունը մեր ժողովրդի համար սրբազան արժեք է, և չնայած մեր ժողովուրդը դարեր շարունակ անկախություն է երազել, պետք է խոստովանել, որ Հայաստանի էս վերջին անկախությունից հետո նաև բացասական շատ երևույթներ տեղի ունեցան ու ի հայտ եկան, բայց դրանց գոյությունն անկախության գաղափարի և անկախություն կոչվող երևույթի հետ կապելը, կարծում եմ, ճիշտ չէ:
Այլ հարց է, որ անկախության այս երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն ու պատասխանատուները ոչ միշտ են օգտագործել անկախության ընձեռած հնարավորությունները և ոչ միշտ են անկախության ընձեռած հնարավորությունները ծառայեցրել ի շահ հայ ժողովրդի և ի շահ Հայաստանի Հանրապետության:
Բայց եթե հաշվի առնենք, որ մենք դարերով անկախություն ու անկախ պետություն չենք ունեցել, էս երեսնամյա անկախության թերացումներն ու վայրիվերումներն էլ ինչ-որ տեղ բնական ու սպասելի պիտի համարենք, որովհետև անկախության փորձի պակասն ինչ-որ տեղ պիտի զգացնել տար իրեն, և կարևորն այն է, որ այսօր ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են զգում ու հասկանում անկախության արժեքն ու անհրաժեշտությունը, և այդ զգացողության ու հասկացողության արդյունքում անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որը լուրջ ու չափազանց մեծ արձագանք գտավ քաղաքակիրթ աշխարհում, և կարևորն ու էականն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած այդ հեղափոխության հիմնական շարժիչ ուժը մեր երիտասարդությունն էր, և դրա կարևորությունն այն է, որ թավշյա հեղափոխության թարմ ու առողջ ավանդույթները շարունակություն են ունենալու, և «թարմ ու առողջ ավանդույթներ» ասելով՝ առաջին հերթին հենց մեր երկրի անկախությունը նկատի ունեմ, որովհետև թավշյա հեղափոխությունից հետո մեզանում ավելի ու ավելի շատ է խոսվում անկախության կարևորությունից, և հատկապես երիտասարդությունն է խոսում, և հաճելի է, որ հենց երիտասարդությունն է խոսում, և չնայած ավագներից շատերը բողոքում ու դժգոհում են, որ Փաշինյանի թիմի ջահելները հիմնականում եվրոպական ու արևմտյան արժեքների են դավանում, և չնայած տեղին ու հիմնականում անտեղի Սորոսի անունն են հոլովում, այդուհանդերձ, հաճելի է, որ մենք հատկապես այս հեղափոխության շնորհիվ հեռանում ենք ասիականությունից ու մոտենում ենք եվրոպական արժեքներին, որովհետև, չնայած աշխարհագրական դիրքով մենք գրեթե հավասարապես Եվրոպա ու Ասիա ենք, մեր պատմությամբ ու մեր մշակույթով մենք գերազանցապես Եվրոպա ենք, և Միքայել Նալբանդյանն ու մեր բոլոր մեծերն էդ կարծիքին են եղել, և ամենավերջինը Հռոմի ներկայիս Պապը դա հաստատեց՝ մեր, իրենց ու բոլորի Գրիգոր Նարեկացուն Տիեզերական կոչում շնորհելով, և էս փաստն ասում ու շեշտում եմ, որովհետև մենք, ի տարբերություն գրեթե բոլոր ասիացիների, քրիստոնյա ենք, և հենց մեր քրիստոնյա լինելն է մեզ եվրոպական արժեքներին մոտեցնում ու մերձեցնում և քաղաքակիրթ աշխարհի հետ նույնացնում, և հատկապես ու առանձնապես մեր այսօրվա հեղափոխական երիտասարդությունն է եվրոպական ու, այսպես կոչված, արևմտյան արժեքներին դավանում, և եթե ավելի խորանանք, կգիտակցենք ու կհասկանանք, որ մեր ժողովրդի առաջադեմ մասն իրեն միշտ էլ եվրոպացի է համարել, և եթե մի քիչ ավելի խորանանք, կհասկանանք, որ մեր քրիստոնյա լինելն է մեզ եվրոպացի դարձնում, ու էդ առումով վրացիներն են մեզ հետ համեմատելի, բայց վրացիներին մեզ հետ չեմ համեմատում, որովհետև իրենք Նարեկացի չունեն, և ոչ ոք Նարեկացի չունի՝ մեզանից բացի, և չնայած մեր երիտասարդությունը Նարեկացի առանձնապես չգիտի, այդուհանդերձ, իր մեջ կրում է Նարեկացու գաղափարներն ու ոգին, և ամենևին պատահական չի, որ հենց մեր երիտասարդությունը հեղափոխություն արեց, և չնայած մեր թավշյա հեղափոխությունն անձամբ Նիկոլ Փաշինյանի շնորհն ու շնորհքն էր, այդուհանդերձ և ըստ ամենայնի, Փաշինյանն էլ իր ու մեր «թավշյա» հեղափոխությունը նախաձեռնելով՝ ըստ ամենայնի ու հավանաբար հոգու խորքում հույսը պիտի որ մեր ջահելների ու նաև մեր լիքը ահելների Նարեկացիական ոգու վրա դրած լիներ, և չնայած ասացի, որ մենք միշտ հոգով, ոգով ու ամեն ինչով եվրոպացի ենք եղել ու մեզ եվրոպացի ենք համարել, բայց մեր ժողովրդի պատմության մեջ մի շրջան է եղել, որ մենք ոչ միայն ասիացի ենք եղել, այլև ինքներս էլ ենք մեզ ասիացի համարել, ու բարեբախտաբար դա մի կարճ ժամանակաշրջան է եղել՝ ընդամենը յոթ տասնամյակից բաղկացած, և դա խորհրդային ժամանակներն էին, երբ մեզ ասիացի էին համարում, ավելի ստույգ՝ կովկասցի, իսկ ավելի ստույգ՝ «լիցօ կավկազսկոյ նացիոնալնոստի», և էս ասածս հավասարապես վրացիներին էլ է վերաբերում, և վրացիներն էլ Սահակաշվիլու միջոցով հիշեցին, որ իրենք եվրոպացի են ու Վարդերի հեղափոխություն արեցին, և ահա մեր ջահելներն էլ թավշյա հեղափոխություն արեցին, և եթե հաշվի առնենք, որ Վարդն ու Թավիշն իրարից այնքան էլ հեռու չեն, կարող ենք հանգիստ խղճով զուգահեռներ անցկացնել, բայց մեր նպատակը ոչ թե զուգահեռներ անցկացնելն է, այլ այն, որ մենք պետք է դադարենք Արևմուտքից ու Եվրոպայից դրամաշնորհներ ստացող մեր երիտասարդներին «գրանտակերներ» անվանել, և, ընդհակառակը, պիտի ուրախ լինենք, որ մեզ նկատում, հաշվի առնում ու նաև մեզ են հատկացնում մարդկության զարգացման ու առաջընթացի համար նախատեսվող էդ դրամաշնորհները, որովհետև ցանկացած գրագետ ու մտահոգ հայի համար պարզից էլ պարզ է, որ քաղաքակիրթ աշխարհի կենտրոններն Արևմուտքն ու Եվրոպան են, և եթե մեզ եվրոպացի համարում ու մեզ դրամաշնորհներ հատկացնելով՝ մեզ նմանապես մասնակից են դարձնում աշխարհի զարգացման գործընթացին, դրա համար պետք է ուրախ, գոհ ու շնորհակալ լինենք: Այսքան բան:
Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ


















































