Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլին խիստ են հետեւելու

Փետրվար 21,2020 12:00

Մերկելը շեշտում է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը

Փետրվարի 13-15-ը աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ: Այդ հանդիպումների ուղերձների մեխը Փաշինյանի համար իշխանությունների կողմից կատարվող գործողությունները, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն որպես օրինաչափ գործընթացներ ներկայացնելն է, այդ հարցում եվրոպացի գործընկերների աջակցությունը ստանալն ու եվրոպական երկրներից տնտեսական ոլորտում աջակցության մեծացման ակնկալիքն է:

Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է ՀՀ վարչապետի այցը եւ ուրախությամբ նշել, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում տված խոստումը կատարվել է. Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Վոլֆգանգ Շոյբլեն վստահեցրել է, որ վարչապետի այցը Բեռլին նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացման եւս մի կարեւոր նպատակադրում ունի. «Ձեր երկիրը մեզ համար հետաքրքիր է որպես կայացած խորհրդարանական պետություն, քանի որ 2018-ից Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից եւս անցում է կատարել խորհրդարանական համակարգի»: Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին եւ դրա հանգամանքներին, եւ Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցիչներին որպես դիտորդ հրավիրել է հետեւելու հանրաքվեի ընթացքին: Վոլֆգանգ Շոյբլեն գերմանական կողմի աջակցությունն է հայտնել մեր երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին եւ ժողովրդավարական գործընթացին` ընդգծելով, որ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Փետրվարի 13-ին Փաշինյանը Բեռլինում հանդիպեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Իր խոսքում Անգելա Մերկելը նշել է. «Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու, եւ այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին։ Տեղյակ ենք, որ Հայաստանում վարչապետով պայմանավորված շատ բան է փոխվել։ Կա խորհրդարանական ժողովրդավարություն, տեղի են ունեցել ընտրություններ, եւ նաեւ թարմացման մեծ գործընթաց է ընթանում, այդ թվում, օրինակ, դատաիրավական ոլորտում, որն իրականացվում է Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում»։

Կանցլերը նշել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին կայացել էր տնտեսական ֆորում, եւ այն մի նոր ճյուղ է բացել գերմանա-հայկական հարաբերություններում։ «Հայաստանը ԵՄ-ի հետ է համաձայնագիր ստորագրել, միեւնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, եւ մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք` երկու միությունների համագործակցության համար: Այսօրվա քննարկման կարեւոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Մենք պետք է երկար աշխատանք տանենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում առաջընթաց ունենանք»,- նշել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերի խոսքում, թեեւ հնչում է երկկողմ հարաբերությունների խորացման ու ինտենսիվացման մասին, սակայն այն խիստ արարողակարգային էր: Գերմանիայի հետ, որը հանդիսանալով մեր երկրին աջակցություն ցուցաբերող խոշոր դոնոր երկրներից մեկը, այնուամենայնիվ, հարաբերություններին նոր որակ հաղորդելու բացն առայժմ մնում է:

Հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են՝ «երբեւէ ամենաբարձր մակարդակի վրա»

Իր հերթին Փաշինյանն ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի մտերիմ բարեկամն ու գործընկերն է, եւ ՀՀ-ն զգում է այդ բարեկամության ուժը ե՛ւ զգացական, ե՛ւ գործնական առումներով։ «Գերմանիան այն հզոր կամուրջներից մեկն է, որը կապում է Հայաստանը ԵՄ-ի, եվրոպական քաղաքակրթության եւ մշակույթի հետ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք այսօր կապված ենք նաեւ փոխշահավետ համագործակցությամբ ու գործնական ծրագրերով։ Պատրաստ ենք անել հնարավորը այն առավել ամրապնդելու եւ առաջ մղելու համար»,- նշել է Փաշինյանն, ակնհայտորեն, Մերկելին իր ուղերձը հղելով, որ Գերմանիայի հետ համագործակցությունից ՀՀ-ն ավելին է ակնկալում: Նա շեշտել է, որ Գերմանիան աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, երախտագիտություն է հայտնել Գերմանիայի եւ ԵՄ բարոյական, քաղաքական, փորձագիտական եւ ֆինանսական աջակցության համար, շեշտելով, որ այն կարեւորագույն նշանակություն ունի մեր երկրում ժողովրդավարության անշրջելիությունն ապահովելու եւ այդ նպատակով իրավունքի գերակայությունը ամրապնդելու եւ տնտեսական ու քաղաքական ինստիտուտները բարեփոխելու համար: Փաշինյանը կարեւորել է նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի Գերմանիայի կառավարման արդյունավետ օրինակը: «Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարեւոր են, եւ այսօր տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանի, տեղի ունեցող զարգացումների, մեր բարեփոխումների օրակարգի մասին, այդ թվում` ինչպես եւ նախկինում խոսել ենք, ժողովրդավարությունը Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ուժեղ եւ անշրջելի դարձնելու մասին, եւ սա շատ կարեւոր խոսակցություն է»:

Փաշինյանը տեղեկացրել է, որ Մերկելի հետ հանդիպման զգալի հատվածը նվիրված է տնտեսական օրակարգին. «Այս համատեքստում կարեւորում ենք հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Ուրախ եմ, որ փետրվարի վերջին նախատեսվում է գերմանացի գործարարների պատվիրակության այցը Հայաստան, իսկ հոկտեմբերին՝ «Գերմանական տնտեսական միության» կողմից «Հայաստան-Գերմանիա տնտեսական ֆորում 2020» համաժողովի անցկացումը: Մենք մեծապես շահագրգռված ենք գերմանական ընկերությունների մուտքով Հայաստան»:

Ամփոփելով խոսքը, Փաշինյանն ընդգծել է, որ այսօր հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են՝ «երբեւէ ամենաբարձր մակարդակի վրա»։

Մերկելի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հայկական շուկայում գերմանական բիզնեսի եւ կապիտալի ներկայացվածության ընդլայնմամբ եւ գերմանական ընկերություններին հրավիրել մասնակցելու մեր երկրում տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերին: Հայտնի է, որ նրանք քննարկել են տարբեր, այդ թվում` արդյունաբերության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Հայաստանը հիանալի գործընկեր կարող է դառնալ», նկատում է Յոհաննես Հանը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին Մյունխենում մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես էին եկել անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Ինշիգերը եւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում էին ավելի քան 40 երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Մասնավորապես, մասնակիցների թվում էին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրենինգերը եւ այլք:

Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպեց ԵՄ բյուջեի եւ կառավարման հանձնակատար Յոհաննես Հանի հետ։ ՀՀ վարչապետը շեշտել էր. «Մենք հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման փուլում ենք: Այս բարեփոխումների փաթեթը համարում եմ մեր ռեֆորմների առաջին փուլի վերջին մասը, եւ դրանից հետո մենք պետք է շարունակենք ամեն ինչ դարձնել ավելի ու ավելի լավ: Այս ճանապարհին համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ կարեւոր է: Ցանկանում եմ շեշտել, որ ե՛ւ  խորհրդատվական, ե՛ւ  ֆինանսական, ե՛ւ քաղաքական աջակցությունը շատ կարեւոր են մեզ համար»:

Իր հերթին Յոհաննես Հանը նշել է, որ իր՝ Հայաստան այցի ժամանակ քննարկել են ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացման հարցը, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում: «Այդ ֆորումը լավ հնարավորություն է, որպեսզի ներկայացնեք Ձեր երկիրը: Մենք մեծ փորձ ունենք նմանատիպ ներդրումային ֆորումներ կազմակերպելու հարցում եւ, կարծում եմ, որ այս անգամ էլ լավ արձագանք կունենանք: Ինչպես Դուք նշեցիք, Հայաստանում բարեփոխումներ եք իրականացնում, եւ սա ինչ-որ առումով երաշխիք կարող է հանդիսանալ Ձեր պոտենցիալ գործընկերների համար, որ Ձեր երկիրը հիանալի գործընկեր կարող է դառնալ»,- ասել է Յոհաննես Հանը: Փաշինյանն ու եվրոպացի պաշտոնյան քննարկել են ներդրումային համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, օրակարգային հարցերին, ինչպես նաեւ առաջիկայում նախատեսվող համատեղ միջոցառումներին վերաբերող հարցեր:

Փետրվարի 15-ին Փաշինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս հանդիպմանը Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստանի՝ «ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացին»՝ նշելով. «Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի սահմանադրական համակարգը գրավված էր հեղափոխությունից առաջ. ավելին, այն ականապատված էր: Եվ հիմա մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը եւ դատական համակարգը Հայաստանում»:

ԵԽ գլխավոր քարտուղարն էլ իր հերթին նկատել է. «Հիշեցնեմ, որ մենք արդեն սկսել ենք Հայաստանի եւ ԵԽ-ի միջեւ ինտենսիվ համագործակցությունն անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցից հետո: Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետեւել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, եւ հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները եւ թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել Ձեր երկրին»:

Փաշինյանի կողմից հայաստանյան ներքաղաքական գործընթացները ներկայացնելուց հետո եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, հասկացրել է, որ որոշ մտահոգությունների առիթով պարզաբանումներ են ակնկալում նրանից: Կառավարության պաշտոնական հաղորդագրություններից տեղեկանում ենք, որ Փաշինյանն ընդգծել է, որ՝ «ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում մեր երկիրը նախորդ տարի գրանցել է մեծ առաջընթաց»:

Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԵԽ-ի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում եւ նշել է, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ:

Եվրոպացի պաշտոնյաներին ակնհայտորեն հետաքրքրում է, թե ներկայիս պայմաններում ինչպե՞ս է Հայաստանը գնում դեպի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Ակնարկելով ունեցած «մտահոգությունների» մասին՝ Հայաստանի գործընկեր կառույցների ներկայացուցիչներն ապագայում ավելի մեծ ուշադրությամբ են հետեւելու հայաստանյան գործընթացներին եւ դրանց վերաբերյալ հասարակական գնահատականներին:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 20.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829