Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքս ինձ տարա էս փորձություն-փորձառությանը»

Ապրիլ 04,2020 13:00 Share

«Անտարես» հրատարակչությունը «XXI. արդի հայ արձակ» մատենաշարով շուտով լույս կընծայի երիտասարդ արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին՝ «(Չ)վեպ» պատմվածքների ժողովածուն:

– Հովհաննես, մեր ժամանակներում, երբ կարծես գիրք ունենալը մեծ խնդիր չէ, գրողը, այն էլ երիտասարդ ու, բնականաբար, գոնե հոգու խորքում մեծ հավակնություններ ունեցող գրողը, ինչպե՞ս է վերաբերվում այդ փաստին: Ինչպե՞ս է պատրաստվում, ե՞րբ է գիտակցում, որ, ահա, պետք է գրքով ներկայանա ընթերցողին:

– Կարծում եմ՝ ի սկզբանե՝ գրելուս առաջին իսկ օրվանից, մտապատկերում միշտ էլ ունեցել եմ գիրքս: Դժվար է ասել՝ ինչ է գիրք ունենալը գրողի համար: Տարիներ շարունակ հրատարակվելով մամուլում, սեփական գործերը, մտքերը տարբեր ամսագրերում, թերթերում, օնլայն հարթակներում տեսնելուց հետո հետաքրքիր փորձառություն է ունենալ գիրք, հավաքել ամբողջը, ստանալ սեփական մտքերիդ ու հենց քո՛ ժողովածուն:

Սիրելի ընկերներիցս մեկը՝ Նորայրը Սարգսյան, իր գործերից մեկում ասում է՝ ոչ ոք չգիտի՝ ինչ է գրողի համար սեփական գիրքը. չգիտի ու չի էլ կարող իմանալ: Հենց էսպես, ինքս ինձ տարա էս փորձություն-փորձառությանը՝ տեսնելու, ի վերջո, ինչ էր դա: Սա ուղղակի խաղի է նմանվում, մանկական հետաքրքրության, ասենք՝ ինչ կլինի, երբ գիրք ունենամ, ինչ արձագանք կունենա դա մեր կյանքում, կարժանանա՞ ընթերցողի հավանությանը, կամ ո՞ր ընթերցողի հավանությանը կարժանանա: Էս բոլոր հարցերը անընդհատ պտտվում են գլխումս: Կարծում եմ, այնուամենայնիվ, հասունացել էր պահը՝ հանդես գալու գրքով:

– Շատերի վստահությունը՝ գիրք ունենալու, երբեմն հանգեցնում է շտապողականության, եւ ի վերջո, ստացվում է ոչ այն, ինչ պատկերացնում էին ի սկզբանե: Շատերն անգամ հուսախաբվում են այնքան, որ ամաչում են գիրքը հրատարակված լինելու համար: Ձեր դեպքում՝ չկա՞ նման վտանգ:

– Չեմ կարծում՝ շտապողականություն ենք ցուցաբերել, որովհետեւ օրեցօր ես զգում եմ, որ չպետք է ուշանամ, չպետք է էդպես էլ մնամ մի լուսանկար ու մի էջ՝ որեւէ գրական մամուլի որեւէ էջում: Ինչ-որ առումով, այո, սա հետաքրքիր միտք է. մի փոքր ինքնավստահ, մի փոքր մեծամիտ, մի փոքր հավակնոտ երիտասարդի քայլ: Բայց թե էս բոլոր հատկանիշները որքանով են ճշմարտանման՝ կարելի է հասկանալ միայն գիրքն ընթերցելուց հետո:

– Գաղտնիք չէ, որ գիրք հրատարակելիս հեղինակները խմբագրում, վերամշակում են իրենց՝ մամուլում եւ այլուր տպագրված գործերը, հաճախ՝ շատ գործեր դուրս են թողնվում: Ձեր այսպես ասած՝ աշխատանոցային պրոցեսն ինչպե՞ս ընթացավ:

– Առաջ մտածում էի՝ ոչ մի կերպ չեմ կարող վերախմբագրել գործերս, ոչ մի բան ունակ չեմ փոխելու, ինքս ինձ դավաճանած կլինեմ, եթե փոխեմ մի բառ, մի նախադասություն, մի պարբերություն: Հետո դավաճանած կլինեմ նաեւ ընթերցողին, ով կարդացել էր այլ հեղինակի, ու հիմա այդ հեղինակը այլ կերպ է ներկայանում: Որոշ ժամանակ անց հասկացա, որ դավաճանություն կլինի հենց չփոխելը, չվերանայելը, չխմբագրելը: Ու, ի վերջո, նպատակը տարիներ շարունակ որեւէ հարթակում հրապարակած պատմվածքներն ու էսսեները մի գրքի մեջ հավաքելը չէր: Նպատակն էր այդ ամենից իրապես միաձույլ, ներդաշնակ գիրք ստանալը: Նպատակը ո՛չ ընտրանի, ո՛չ էլ մի ժողովածու ստանալը չէր, նպատակը հենց գիրք ստանալն էր:  Էս մտքերը ստիպեցին փորձել ստանալ մի գիրք, որը կունենա հստակ կոնցեպտ ու այդ կոնցեպտուալությունը կլինի հենց գրքի ամբողջ արժեքը: Խմբագրի՝ Արքմենիկ Նիկողոսյանի հետ շատ թափառեցինք էս գրքի էջերում, հանեցիք ու դրեցինք պատմվածքներ, քանդեցինք ու նորից կառուցեցինք կոնցեպտներ, մինչեւ ստացանք այն, ինչ մեզ երկուսիս էլ կբավարարեր: Կային պատմվածքներ, որոնք ես հեշտությամբ կազմաքանդեցի, փոխեցի, վերարտադրեցի, բայց կան բաներ, որոնց իրոք ի զորու չէի դիպչել: Ու երբ Արքոն ասում էր՝ սա ավելի լավ է փոխես, մի քիչ էսպես գրես, էնպես գրես, մի քիչ ժամանակ էր անցնում ու ասում էի իրեն, որ էդ պատմվածքը ուղղակի չենք դնում գրքում: Չէ, սա անդրդվելիության կամ համառության դրսեւորում չէր զուտ: Ուղղակի կան բաներ, որոնց ինչ էլ անենք, չենք կարող դիպչել: Հետո մի բան էլ. էն պատմվածքները, որոնք չդրեցինք գրքում, ի սկզբանե գրքի իմ կոնցեպտում չէին էլ եղել, իրենք հենց էդպես, գրված էին եղել որպես պատմվածք, որպես առանձին, մի փոքր համակարգ: Բայց պետք է նաեւ ազնիվ գտնվել ու ասել, որ կային պատմվածքներ, ու դրանք իմ բոլոր գործերում գերակշռող էին, որ ես գրել էի հե՛նց գրքի համար, հե՛նց կոնցեպտի համար՝ չմտածելով դրանց՝ որպես առանձին գործեր հրապարակելու մասին: Վերջին մեկ տարվա բոլոր պատմվածքներս հենց էդպիսինն էին:

– Մի փոքր տարօրինակ չէ՞ «(Չ)վեպ» վերնագիրը: Կմանրամասնե՞ք մի փոքր:

– Պատմվածքներիս մի ստվար զանգվածը վերնագրված էին չ նախածանցով, հենց դրանք էլ կազմում էին գրքի սկզբնական կոնցեպտը: Կար նաեւ հատված, որը պլանավորվում էր որպես առաջաբան ունենալ, որը ոչ մի կերպ չէինք կարող պահել, չէր ստացվում: Քննարկումների արդյունքում ստացանք մի այլ բան, որը, անկեղծ ասած, ավելի շատ ինձ դուր եկավ, քան նախնական տարբերակը: Դրա մասին չեմ ուզում հավելյալ խոսել: Դրա մասին կիմանա նա, ով կկարդա, ով կբացահայտի: Ու հետո էլ՝ գրականությունը գուցե այն չէ, ինչ գրված է գրքում, կամ ինչ ուզեցել է ասել հեղինակը, այլ այն է, ինչ մենք հասկանում ենք կարդացածից:

Գիրք ունենալու, գրելու մասին առավել մանրամասն անդրադարձել եմ գրքի վերջաբանում, որտեղ փորձում եմ, էսպես ասած, մեր՝ գրողներիս խնդիրների մասին խոսել, որոշ դրդապատճառների քննություն իրականացնել, կամ պարզապես լինել հնարավորինս անկեղծ: Կարծում եմ՝ ստացվել է լինել անկեղծ: Կային շատ պատմվածքներ, որոնք նվիրված էին կոնկրետ մարդկանց, եւ նաեւ կան պատմվածքներ, որտեղ այդ մարդկանց անունները հենց էդպես էլ թողել եմ: Հուսամ՝ կստացվի առաջին քայլը հստակ դնել դեպի գրականություն: Խոշոր հաշվով, այո, սա հենց առաջին քայլն է, առաջին ըմբոստությունը, առաջին շունչը:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
03
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930