Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինստիտուտի սրտի մեջտեղում՝ ինստիտուտի հետ անհամատեղելի կառույց են կառուցում». գիտաշխատող

Օգոստոս 20,2021 13:57

ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցների դեգերումները շարունակվում են: Նրանց մտահոգում է կենտրոնի տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի հեռանկարը, քանի որ կարծում են` նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքն անհամատեղելի են:

Կոլեկտիվի վերջին նամակներից մեկն ուղղված է եղել ԿԳՄՍ նախարարությանը, որտեղից պատասխանել են, որ շինարարական աշխատանքների թույլտվությունը, դրանց նպատակահարմարությունը եւ քաղաքաշինական ու անվտանգության նորմերի պահպանման հետ կապված հարցերը դուրս են ԿԳՄՍ նախարարության լիազորության շրջանակից, բայց նաեւ նույն նամակում նշված է, որ նախարարությունը արժեւորում է ՀՀ-ում գիտական կազմակերպությունների բնականոն եւ արդյունավետ գործունեությունը:

ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի կոլեկտիվը նաեւ հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հետ:

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն է նախատեսում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, իսկ գույքը ձեռք է բերել է 2019 թ. մայիսին։

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանը hetq.am-ի հետ զրույցում նշել է, որ նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն կլինի, որտեղ կբացվի 120 աշխատատեղ, իսկ մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող, Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը նշում է. «Այդ կառույցը ոչ գիտական է, բիզնես նախագիծ է, մարդիկ փորձում են մի 10 միլիոն ներդնել, բայց հաստատ մի 10 միլիոն էլ աշխատելու են: Դա գաղտնիք չէ, եւ գիտեք, թե այս տարածքում ինչ գներ են…Ինձ համար ամենասյուռն այն է, որ ՀՀ օրենսգիրքը իդեալական է հանցագործություն անելու համար: Այսինքն` մի հանցագործություն ես անում, տասը տարի կարող ես ինչ-որ կերպ ձգձգել, ապա անօրինականության ժամկետը կանցնի, կասեն՝ հիմա օրինական է… Գնորդը բարեխիղճ է համարվում, եւ ոչ ոք չի ստուգում ոչինչ: 2007 թվականից բոլոր գնորդների ցանկությունը եղել է այստեղ շենք կառուցելը, եւ նպատակը չի փոխվել: Չգիտես՝ ինչ ակնկալել, ոչ ոք չի ստուգում, գուցե իրենք փոխկապակցված են: Քննության առարկա պետք է դառնար այս ամենը: Իրենց համար հարմար ձեւով բռնում պատմամշակութային արժեք հանդիսացող Աբուհայաթ ջրանցքի մեր տարածքով անցնող հատվածը կառավարության որոշմամբ հանում են Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից: Այստեղ անհրաժեշտ է կառավարության հստակ դիրքորոշումը գիտության հանդեպ»:

Մեր դիտարկմանը, որ այս գործընթացներն ի վերջո կտանեն ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փակմանը, Ռոբերտ Հակոբյանը պատասխանում է. «Մեր մտավախությունն էլ հենց ինստիտուտի վերացումն է: Ինստիտուտի բոլոր մասնաշենքերը մոտավորապես 30 մետր իրարից հետու են, ինչը պատահական չէ: Այդ մասնաշենքները նաեւ երեք հարկանի են: Ու հիմա հինգ մասնաշենքի արանքում նույն հեռավորության վրա 12 հարկանի շենք են ուզում կառուցել: Մի կողմ դնենք ճարտարապետությունը: Եթե շենքի հետ մի բան եղավ, ի՞նչ է լինելու, կամ եթե բնակիչը բողոքեց, ինստիտուտն են փակելու, ոչ թե շենքը քանդեն:

Այս ինստիտուտը Հայաստանում մնացած վերջին կետն է, որը զբաղվում է օրգանական քիմիայով, այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի համար: Այժմ նախագծեր կան, որ արվում են տարբեր կառույցների հետ, խնդիրներ են լուծվում: Այս ինստիտուտը մասնագետների դարբնոց է, եւ Հայաստանը չի կարող կորցնել նման կառույցը: Մնջոյանը խորհրդային տարիներին ինստիտուտը գրանտային վիճակով է կառուցել, Հայաստանը նման կառույց իրեն չի կարող թույլ տալ կառուցել՝ իր ենթակառուցվածքներով եւ ամեն ինչով: Ինքն իրականում անգին է:

30 տարի գործնականում չտեսնվող եւ շատ քիչ գումար մտնող կառույցը կարողացել է գոյատեւել, եւ հիմա հույս կա, որ ֆինանսավորում է ավելանալու: Մի կողմից ասվում է, որ ֆինանսավորումն ավելանում է, ինչը ոգեւորիչ է, մյուս կողմից էլ խոսք է գնում ինստիտուտի սրտի մեջտեղում մի կառույց կառուցելու մասին, որն անհամատեղելի է ինստիտուտի հետ»:

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության պատասխանին՝ Ռոբերտ Հակոբյանն ասում է. «Դա միակը չէ, էլի են եղել նամակներ եւ հանդիպում: Մի նամակ էլ ես էի գրել, եւ դարձյալ նման պատասխան էր ստացվել, որ դա իրենց գործառույթը չէ, Քաղշինինն է: Ինձ համար տարօրինակն այն է, որ ԿԳՄՍ նախարարությունում հստակ որոշել են, որ եթե մշակութային հուշարձանի հարց է, կարելի է ուղղակի ցանկից հանել, որ հանկարծ չխանգարի, բայց այն, ինչ վերաբերվում է գիտությանը, որտեղ իրենց կռիվ տալու տեղն է, քանի որ անօրինականություններ են եղել, ասում են՝ մենք կապ չունենք, ինչը լուրջ չէ: Կառավարությունում մեր ներկայացուցիչը ԿԳՄՍ նախարարությունն է, ինքը պիտի ասի՝ չգիտեմ՝ ոնց է եղել, բայց նման բան չի կարելի թույլ տալ, բայց ձեռքերը լվանում է, ասում է՝ կապ չունենք, օրինական սեփականատեր ունի»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի հանգուցալուծումը, ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողը հետեւյալ կերպ է պատասխանում. «Հանգուցալուծումը պարզ է՝ կառավարությունը պետք է կամք դրսեւորի, ոչ մի դեպքում չթույլատրի, օրենքով սահմանված կարգով խնդիրը լուծի: Իսկ լուծումները շատ հստակ կան: Եթե գնորդը օրինական է համարվում, կառավարությունը կարող է շատ հանգիստ նրան այլ տարածք ուղղորդել, ոչ մի դեպքում թույլ չտալ այստեղ շինարարություն իրականացնել: Մյուս կողմից՝ գնորդը ջրավազանն է գնել, ջրավազանն ինչպե՞ս է դառնում կառուցապատվող տարածք: Այնպես որ, գնդակը կառավարության դաշտում է, եթե կառավարությունն ուզի՝ չկառուցվի, չի կառուցվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Ռոբերտ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031