Լրահոս
Օրվա լրահոսը

Ձայնագրման BIS ֆիրման հետաքրքրված է հայ հեղինակներով եւ կատարողներով

Փետրվար 02,2022 13:30 Share

Երաժշտական ցանկացած կոլեկտիվի համաշխարհային ճանաչմանը նպաստում է նաեւ CD-ների թողարկումը։ Սա թերեւս ամենակարճ ճանապարհն է, որը վերջին տարիներին ընտրել է Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Հիշեցնենք, որ այս կոլեկտիվի ձայնագրությունները իրականացվել են գերմանական, ճապոնական SONY, շվեդական BIS եւ այլ հանրահայտ ֆիրմաների կողմից։ 2020-21-ին էլ ֆիլհարմոնիկը Երեւանում տեսաձայնագրեց Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի առաջատար մասնագետների միջոցով։ «Առավոտի» հետ զրույցում հնչյունային ռեժիսոր Իլյա Պետրովը, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովը, բեմադրող օպերատոր Արսենի Նիկոլաեւը շեշետել էին, որ հրաշալի են ընթանում աշխատանքները ֆիլհարմոնիկի հետ, նրանց գնահատմամբ՝ նվագախմբի երաժիշտները բարձրակարգ պրոֆեսիոնալներ են, եւ իրենք չէին էլ պատկերացնում, որ Հայաստանում գտնվելու ընթացքում իրենց այսքան լավ կզգան՝ բոլոր առումներով։

Օրերս «Առավոտը» ներկա էր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ընթացող ֆիլհարմոնիկի հերթական ձայնագրման աշխատանքներին, որը դարձյալ իրականացնում է BIS ֆիրման։ Տեղեկացնենք, որ վերջինս հիմնադրվել է 1973թ. եւ հանդիսանում է աշխարհի հեղինակավոր ֆիրմաներից մեկը։ Ընդ որում, այն գործունեության շուրջ 50 տարիների ընթացքում իրականացրել է 2500 ձայնագրություն, որոնք թողարկվել են CD-ների տեսքով։ Մեզ հետ զրույցում BIS-ի ներկայացուցիչ, հնչյունային ռեժիսոր Մարսել Բաբազադեն ասաց, որ առաջին անգամ է համագործակցում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ պարզապես հիացած է նվագախմբի երաժիշտների եւ, իհարկե, դիրիժոր Թոփչյանի՝ աշխատանքին ցուցաբերած պատասխանատվությամբ։ Հավելեց նաեւ, որ ձայնագրվում են Խաչատրյանի, Բաբաջանյանի եւ ֆրանսահայ ժամանակակից կոմպոզիտոր Միշել Պետրոսյանի թավջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտները՝ բրիտանաբնակ ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի մեկնաբանմամբ։

Միշել Պետրոսյանն առաջին անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացավ 2014թ.՝ Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակին արժանանալուց հետո։ Ֆիլհարմոնիկը նույնպես նշյալ մրցույթի դափնեկիր, ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեի եւ մաեստրո Թոփչյանի մեկնաբանմամբ ներկայացրեց կոմպոզիտորի «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը, որն ըստ էության յուրատեսակ վերաբերմունք էր Հին Արեւելքի մշակույթների նկատմամբ։ Դրանից հետո կոմպոզիտորը մեկ-երկու անգամ նույնպես հանդես եկավ Հայաստանում։ Մեծ է հետաքրքրությունը նրա արվեստի նկատմամբ։ Պատճառները շատ են, նշենք մեկ-երկուսը. ճանաչված ֆրանսահայ կինոռեժիսոր, պրոդյուսեր Ռոբերտ Գետիկյանի եւ կինոռեժիսոր, ֆրանսաբնակ Լեւոն Մինասյանի ուշադրությանն է արժանացել կոմպոզիտորի կլարնետի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը՝ Ֆիլիպ Բեռոյի կատարմամբ, ինչը հիմք է ծառայել «Բռավո, վիրտուոզ» ֆիլմի համար։ 2018-ին էլ Գորիսում, ավելի ստույգ՝ Տաթեւի վանքի բակում Ֆրանսիայի ռադիոյի երիտասարդական երգչախումբը հանդես է եկել հայազգի կոմպոզիտորի «Արշակի երգը» օպերա-օրատորիայի կատարմամբ։ Ընդ որում, այս մեծակտավ գործի լիբրետոյում հեղինակը՝ ֆրանսիացի Ռոլան Գոդեն, օգտագործել է Տաթեւի վանքի պատմությունը։ Կոմպոզիտորը տեղեկացրեց նաեւ, որ Տաթեւի վանքի բակում կայացած համերգի լուսանկարները ցուցադրվել են Ֆրանսիայի հանրային ռադիոյի ճեմասրահում, հեղինակը Քրիստոֆ Աբրամովիչն է։ Ասաց նաեւ, որ մարտի 27-ին, Մոնակոյում «Արվեստի գարունը Մոնտե Կառլոյում» փառատոնի շրջանակներում կհնչի իր եւ Արամ Հովհաննիսյանի համատեղ «Յոթ Սինջարի հրեշտակները» ստեղծագործությունը, որը հիմնված է եզդիական հոգեւոր ավանդույթների վրա։ Հավելեց նաեւ, թե մեծ ցանկություն ունի, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հիշյալ ստեղծագործությունը աշնանը կատարվի Երեւանում եւս։

Դասական երաժշտության սիրահարներին հարկ չկա ներկայացնելու 1992 թվականից Մեծ Բրիտանիայում ապրող եւ ստեղծագործող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանին, ում մասին կարելի է ասել, թե կարծես ապրում է Երեւանում՝ այնքան հաճախ է լինում այստեղ։ 2007-ից էլ Էդուարդ Թոփչյանի հետ հիմնել եւ ավանդաբար անցկացնում են «Երեւանյան դասական երաժշտության փառատոն» նախագիծը, որն ընդամենը, հասկանալի պատճառով, 2020 եւ 2021թթ. չի կայացել։ Թավջութակահարն ասաց, որ BIS ֆիրման իրեն առաջարկել է ձայնագրել Խաչատրյանի եւ Բաբաջանյանի կոնցերտները, ինքն էլ իր պայմանն է դրել՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։ Մաեստրո Թոփչյանի հետ համաձայնության արդյունքում ընտրել են նաեւ Միշել Պետրոսյանի գործը։

Հետաքրքրվեցինք՝ հավանաբար Խաչատրյանի եւ Բաբաջանյանի թավջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտներն ունեն բազմաթիվ ձայնագրություններ՝ հրատարակված CD-ների տեսքով։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ այդպես չէ, օրինակ՝ վերջին 30 տարիների ընթացքում CD-ի տեսքով Բաբաջանյանի կոնցերտի ձայնագրություն չի թողարկվել։ Հավելեց նաեւ, որ Խաչատրյանի եւ Բաբաջանյանի թավջութակի կոնցերտները ձայնագրված են եղել եւ ժամանակին թողարկվել են միայն ձայնասկավառակներով։
Դիտարկմանը՝ ֆիլհարմոնիկը այս անգամ նախագիծ է իրականացնում, որտեղ միայն հայ կոմպոզիտորներ են, մաեստրո Թոփչյանը հակադարձեց. «Գոնե «Առավոտը» նման բան չպետք է բարձրաձայնի, քանի որ տեղյակ է, որ միշտ՝ թե արտասահմանյան, թե հայաստանյան համերգներին հայ դասական եւ ժամանակակից հեղինակները անպակաս են ֆիլհարմոնիկի երկացանկից։ Ժամանակին իրականացրել ենք Վաչե Շարաֆյանի, Սուրեն Զաքարյանի եւ մյուսների ստեղծագործությունները նույնպես։ Կրկնում եմ՝ նաեւ մեր դասականների…»։ Մաեստրոն հավելեց նաեւ, որ մտադիր են, եթե համավարակը «թույլ տա», տարվա կտրվածքով թողարկել մեկ-երկու CD։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Մարսել Բաբազադեն, Ալեքսանդր Չաուշյանը, Էդուարդ Թոփչյանը եւ Միշել Պետրոսյանը

«Առավոտ» օրաթերթ
01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28